Ինչպե՞ս բացատրել աշխարհում կատարվող չարիքները՝ ահաբեկչություն, սով, սեռական ստրկություն, ռասիզմ…
Մենք, ամենայն հավանականությամբ, նման հարցեր հաճախ ենք ենթագիտակցորեն ինքներս մեզ տալիս, բայց ոչ երբեք գիտակցաբար, որովհետև այնքա՜ն զբաղված ենք առօրյա կյանքով, մեր կենցաղով, որ հազվադեպ ենք կանգ առնում ու հարցնում՝ ԻՆՉՈՒ՞:
«Արթնանում» ենք միայն այն ժամանակ, երբ մեր կյանքում վատ բաներ են կատարվում, ասենք՝ ամուսնալուծվում են մեր ծնողները, ներքևի փողոցից մի աղջկա են առևանգում, մեր բարեկամներից մեկն է հիվանդանում քաղցկեղով... Արթնանում ենք, մի պահ սթափվում, բայց հետո կրկին սուզվում մերժման նույն թմբիրի մեջ, որը տևում է մինչև հաջորդ ողբերգություն, մինչև մեկ այլ ցավալի իրավիճակ...Հավանական է, որ այդ պահերին մտածում ենք, որ ինչ-որ բան այնպես չէ այս աշխարհում, մի բան հաստատ սխալ է, ինչ-որ մի բան ինչ-որ մի տեղ ծուռ է, և կյանքն այսպիսին չպե՛տք է լինի:
Այս «ԻՆՉՈՒ՞» հարցի պատասխանը կա Աստվածաշնչում, սակայն դա մարդկանց մեծամասնության համար ընդունելի ու դուրեկան պատասխան չէ՝ այս աշխարհն այսպիսինն է, քանի որ, ինչ-որ իմաստով, հենց մարդի՛կ են այսպիսի աշխարհ ցանկացել:
Տարօրինա՞կ է հնչում...
Ի՞նչը կամ ո՞վ կարող է այս աշխարհը փոխել: Ի՞նչը կամ ո՞վ կարող է միշտ և յուրաքանչյուրի համար երաշխավորել ցավերից ազատ կյանք:
Աստվա՛ծ կարող է դա անել: Աստված կարո՛ղ է, սակայն չի՛ անում: Աստված համենայն դեպս հիմա դա չի անում...Այս պատճառով շատերս ենք բարկանում Աստծո վրա և ասում. «Աստված չի կարող լինել ամենակարող և սեր, եթե Նա այդպիսին լիներ, ապա աշխարհն այսքան չար չէր լինի»:
Սա ասելով՝ մենք սպասում ենք, որ Աստված կփոխի իր վերաբերմունքը իրերի նման դրվածքի նկատմամբ, մեղադրում ենք Նրան՝ հուսալով, թե երևույթներին զարգացման այլ ընթացք կտա:
Սակայն՝ անօգուտ... Աստված չի՛ փոխում Իր մոտեցումները: ԻՆՉՈՒ՞:
Աստված չի փոխում իրադարձությունների ընթացքը, որովհետև տալիս է մեզ մեր իսկ խնդրած աշխարհը, մի աշխարհ, որտեղ ապրում ենք այնպես, կարծես Աստված չկա կամ բացակա է…
Հիշո՞ւմ եք Ադամի և Եվայի պատմությունը: Նրանք կերան «արգելված պտղից»: Այդ պտուղը մարմնավորում է Աստծո ասածներն անտեսելու, Նրա տվածներն արհամարհելու և առանց Նրա ապրելու գաղափարը: Ադամի ու Եվայի համար դա մի հույս էր, թե իրենք էլ կարող են դառնալ Աստծո նման՝ առանց Աստծո: Նրանք կուլ տվեցին այն խայծը, թե Աստծուց ավելի արժեքավոր բան կա, ավելի արժեքավոր, քան Աստծո հետ անձնական հարաբերություն ունենալն է: Այս աշխարհի համակարգն, իր բոլոր չարիքներով հանդերձ, նրանց կատարած ընտրության արդյունքն է:
Ադամի և Եվայի պատմությունն, իրականում, յուրաքանչյուրիս պատմությունն է: Մեզնից ո՞վ երբևէ չի ասել այս խոսքերը (եթե ոչ լսելի ձայնով, ապա գոնե իր սրտում). «Աստվա՛ծ, կարծում եմ՝ ես դա առանց Քեզ էլ կարող եմ անել: Շնորհակալ եմ օգնության առաջարկի համար, բայց մենակ էլ գլուխ կհանեմ»:
Ինչո՞ւ ենք դա արել կամ անում: Գուցե, հենց այն նու՞յն պատճառով, որ կարծում ենք, Աստծուց առավել այլ արժեքավոր բաներ կան:
Տարբեր մարդկանց համար պատճառներն ու առիթները տարբեր են, սակայն մտածելակերպը նույնն է՝ «Աստված ամենակարևոր բանը չէ այս կյանքում: Ես առանց Նրա ավելի շուտ կարող եմ հասնել իմ նպատակին»:
Ինչպիսի՞ն է Աստծո արձագանքն այս ամենին…
Նա թույլ է տալիս դա... Բազմաթիվ մարդիկ իրենց մաշկի վրա են զգում իրենց իսկ կամ մյուսների՝ Աստծուն հակառակվելու, հակադարձ ուղիներով գնալու, սխալ որոշումներ կայացնելու ցավալի հետևանքները՝ սպանություններ, սեռական բռնություններ, առևանգումներ, զրպարտություններ, ստեր, խաբեբայություններ, շնություններ, կեղեքումներ և այլն: Այս բոլորի պատճառը Աստծուն մերժող մարդկանց վարքագիծն է, ովքեր փակել են Աստծո մուտքն ու ազդեցությունն իրենց կյանքի վրա և ապրում են այնպես, ինչպես ուզում են, ինչի հետևանքով էլ ծնում են տառապանք, որը վնասում է թե՛ իրենց և թե՛ մյուսներին:
Աստված անտարբեր չէ: Նա կարեկից է ու գթասիրտ և հույս ունի, որ դեմքով կշրջվենք դեպի Իրեն, որ մեզ պարգևի իրական կյանքը:
Հիսուս ասում է. «Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ և Ես ձեզ հանգիստ կպարգևեմ»1: Սակայն ոչ բոլորն են կամենում գնալ Նրա մոտ: Այս մասին Հիսուս ասում է. «Երուսաղեմ, Երուսաղեմ, մարգարեները կոտորող և քեզ մոտ ուղարկվածները քարկոծող, քանի՜ անգամ կամեցա քո երեխաներին ժողովել, ինչպես հավը ժողովում է իր ձագերին թևերի տակ, և դուք չկամեցաք»2:
Նա ևս մեկ անգամ անդրադառնում է Իր հետ մեր հարաբերությունների խնդրին. «Ես եմ աշխարհի լույսը: Ով իմ հետևից գա, նա խավարում չի գնա, այլ կյանքի լույսը կընդունի»3:
Ի՞նչ ասենք կյանքի այն ահավոր իրավիճակների մասին, որոնց բախվում ենք ուրիշների սխալների պատճառով: Երբ զոհի կարգավիճակում ենք, օգտակար կլինի գիտակցելը, որ Հիսուս Ինքը մարդկանց կողմից սարսափելի վերաբերմունքի արժանացավ: Աստված լավագույնս պատկերացնում է, թե մենք ինչերի միջով ենք անցնում:
Կյանքում ավելի ցավոտ բան չի կարող լինել, քան այն, ինչ Հիսուս կրեց մեր փոխարեն, երբ լքվեց իր ընկերների կողմից, ծաղրվեց Իրեն չհավատացողների կողմից, խաչելությունից առաջ հարվածներ ստացավ և կտտանքների ենթարկվեց, իբրև հասարակության ամոթանք՝ մեխերով խաչին գամվեց և մահացավ դանդաղ շնչահեղձությունից:
Նա մեր Արարիչն էր, սակայն ազատություն տվեց մարդկությանն այս ամենն անելու, որպեսզի իրականանան Գրվածքներն, և ազատվենք մեղքերից: Այս ամենն անակնկալ չէր Հիսուսի համար: Նա գիտեր, թե ինչ է Իրեն սպասվում՝ նախօրոք իմանալով բոլոր մանրամասները, ողջ ցավը, ամբողջ նվաստացումը:
«Երբ Հիսուսը վեր էր բարձրանում Երուսաղեմ, տասներկու աշակերտներին առանձին իր հետ ճանապարհ վերցրեց և ասաց նորանց՝ ահա, վեր ենք բարձրանում Երուսաղեմ, և մարդու Որդին կմատնվի քահանայապետներին ու դպիրներին, և կդատապարտեն նորան մահով, և կմատնեն Նրան հեթանոսներին՝ խայտառակելու և ծեծելու և խաչ հանելու համար, և Նա երրորդ օրը հարություն կառնի»4:
Պատկերացնե՜լ միայն, հստակ իմանալ, տեղեկացված լինել, որ հետդ սարսափելի ինչ-որ բան է կատարվելու, արդեն իսկ զարհուրելի է... Հիսուս քաջատեղյակ է մարդու զգացմունքային և հոգեբանական տագնապներին: Իր ձերբակալման գիշերը Նա գնաց աղոթելու, բայց Իր մտերիմներից մի քանիսին վերցրեց Իր հետ:
«Եվ Պետրոսին ու Զեբեդեայի երկու որդիներին Իր հետ վերցրեց, սկսեց տրտմել և վշտանալ։ Այն ժամանակ նրանց ասաց՝ հոգիս մեռնելու չափ տրտմած է: Այստեղ մնացեք և Ինձ հետ արթուն եղեք։ Եվ մի քիչ առաջ գնալով՝ Իր երեսի վրա ընկավ, աղոթք էր անում և ասում՝ Իմ Հայր, եթե կարելի է, թող այս բաժակն Ինձնից անցնի, սակայն ոչ թե ինչպես Ես եմ կամենում, այլ ինչպես Դու։»5:
Թեև Հիսուս Իր երեք մտերիմ մարդկանց հետ էր, սակայն նրանք չէին հասկանում Իր տառապանքների խորությունը, և երբ Հիսուս վերադարձավ աղոթքից, նրանց քնած գտավ: Հիսուս շատ լավ տեղյակ է, թե ինչ է նշանակում ցավի և ծայրահեղ տրտմության միջով միայնակ անցնելը:
Այս ամենի մասին է խոսում Հովհաննես առաքյալն իր ավետարանում. «Աշխարհի մեջ էր և աշխարհը Նրանով եղավ, և աշխարհը Նրան չճանաչեց։ Իրենների մեջ եկավ, և իրենները Նրան չընդունեցին։ Բայց որոնք որ Նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու՝ նրանց, որ Նրա անունին հավատում են»6: «Որովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ աշխարհին դատի, այլ որ աշխարհը Նրանով փրկվի, որովհետև Աստված այնպե՜ս սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա»7:
Այդ տառապանքի պատճառը մասամբ բացատրվում է մարդկային եսասիրական և ատելի արարքներով, մասամբ էլ մնում անբացատրելի, սակայն, ամեն դեպքում, Աստված Ինքն Իրեն է առաջարկում մեզ և ասում, որ Ինքն էլ է անցել նման տառապանքների միջով և տեղյակ է մեր ցավերին ու կարիքներին: Հիսուս Իր աշակերտներին ասաց. «Խաղաղություն եմ թողում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ: Ոչ թե ինչպես աշխարհն է տալիս, այլ Ես տալիս եմ ձեզ, որ ձեր սիրտը չխռովի եւ չվախենա»8:
Բազմաթիվ պատճառներ կան վախենալու և անհանգստանալու համար, սակայն Աստված կարող է մեզ խաղաղություն տալ, որն անհամեմատ ավելի մեծ է, քան այն խնդիրները, որոնց բախվում ենք մեր կյանքում: Չէ՞ որ Նա Արարիչ Աստված է՝ Մեկն, Ով միշտ գոյություն է ունեցել, Մեկն, Ով արարել է տիեզերքը:
Այս զորությանը տիրապետող Աստված գիտի նաև մեր կյանքի ամենաչնչին և մեզ համար անկարևոր թվացող մանրամասները: Եվ եթե մենք մեր կյանքը վստահենք Նրան, դժվարությունների ժամանակ մեր հույսը Նրա վրա դնելով, ապա Նա մեզ կպահի Իր ապահովության մեջ:
Հիսուս ասում է. «Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ Ինձնում խաղաղություն ունենաք. աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջացեք՝ Ես հաղթել եմ աշխարհին»9: Նա ենթարկվեց ամենադաժան փորձությանը՝ մահվանը, և հաղթեց դրան: Եթե մենք լիովին վստահենք Նրան, Նա կարող է հանել մեզ կյանքի բարդ իրավիճակներից և առաջնորդել մեզ դեպի հավիտենական կյանք:
Հիսուս աղոթում էր. «Ո՜վ արդար Հայր, աշխարհը չճանաչեց քեզ, բայց Ես ճանաչեցի Քեզ, և սրանք ճանաչեցին, որ Դու ուղարկեցիր Ինձ: Եվ Ես Քո անունը ճանաչեցրի նրանց և կճանաչեցնեմ, որ այն սերը, որով Ինձ սիրեցիր, նրանցում լինի և Ես էլ՝ նրանցում»10:
Գուցե ինքդ քեզ հարցնում ես. «Ինչո՞ւ է կյանքն այսքան դժվար»: - Որովհետև առանց Աստծո մարդկությունը հեշտությամբ ընկնում է ատելության, ռասիզմի, սեռական բռնությունների, սպանությունների և այլ չարիքի մեջ:
Հիսուս ասում է. «Ես եկա, որ կյանք ունենան և է՛լ ավելի ունենան»11:
Աստծո հետ հարաբերություն սկսելու մասին ավելին իմանալու համար տե՛ս «Անձնապես Աստծուն ճանաչելը» հոդվածը:
► | Ինչպես ճանաչել Աստծուն… |
► | Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ… |
Հղումներ: (1) Մատթեոս 11:28 (2) Մատթեոս 23:37 (3) Հովհաննես 8:12 (4) Մատթեոս 20:17-19 (5) Մատթեոս 26:37-39 (6) Հովհաննես 1:10-12 (7) Հովհաննես 3:17,16 (8) Հովհաննես 14:27 (9) Հովհաննես 16:33 (10) Հովհաննես 17:25,26 (11) Հովհաննես 10:10