Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր
Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր

Մտքի խաղաղություն՝ անկայուն աշխարհում

Անկախ այն բանից, թե ինչ է սպասվում ապագայում, կարող ես մտքի խաղաղություն և վստահություն ունենալ, եթե սա գիտես:

Արդյո՞ք կա մի տեղ, ուր կարող ենք խաղաղություն գտնել՝ անկախ այն ամենից, թե ինչ է կատարվում աշխարհում կամ մեր կյանքում: Կարո՞ղ ենք արդյոք ապագային նայել հույսով լեցուն հայացքով՝ անկախ մեր կյանքում ու մեզ շրջապատող աշխարհում կատարվող դեպքերից: Մեր օրերում բազմաթիվ մարդիկ իրենց ապահովությունն Աստծո մեջ են տեսնում: Մեզ շրջապատող աշխարհն անընդհատ փոփոխության մեջ է, բայց Աստված անփոփոխ է: Նա կայուն է ու վստահելի: Աստված ասում է. «Մի՞թե Ինձնից ջոկ Աստված կա: Եվ մեկ վեմ չկա: Ես չգիտեմ։ Որովհետև Ես՝ Տերս, չեմ փոփոխվում»1: Աստված միշտ ներկա է, և իմաստություն է Նրան հուսալը: Նա «նույնն է երեկ և այսօր և հավիտյան»2: Աստված կարող է Իրեն հայտնել մեզ՝ Իր իսկ շնորհիվ մեզ տալով մտքի խաղաղություն, իսկ մեր սրտերին՝ ապահովության զգացում:

Արդյո՞ք հնարավոր է մտքի խաղաղություն ունենալ…

Հիդերը, ով Սթենֆորդի համալսարանն է ավարտել, ասում է. «Աստծո հետ իրական հարաբերություն ունենալն ամենօրյա ցնցող և գեղեցիկ իրողություն է: Դու մի տիեզերական Ուղեկից ունես, Ում չես փոխի ողջ աշխարհի հետ: Այնպիսի՜ խորությամբ ես ճանաչվում ու սիրվում Նրա կողմից, որ մնում է հուսալ, թե կկարողանաս փոխադարձ վերաբերմունք ցույց տալ Նրան»:

Սթիվ Սոյերը, տառապելով հեմոֆիլիա հիվադությամբ, իր ամբողջ կյանքում կայունության և խաղաղության փնտրտուքների մեջ էր, երբ պարզեց, որ արյան փոխներարկման արդյունքում ձեռք է բերել նաև ՄԻԱՎ հարուցիչ: Խոր հուսահատության մեջ՝ նա սկզբում ամեն բանի համար Աստծուն էր մեղադրում, բայց հետո խոնարհվեց Աստծո առջև: Իր կյանքի վերջին տարիներին, նա, հաղթահարելով ուժգին ցավերը, բազմաթիվ համալսարաններ այցելեց, որպեսզի ուսանողներին պատմի Աստծուն ճանաչելու ուղիների և այն խաղաղության մասին, որ ինքը գտել էր Աստծո մեջ:
Աստված ասում է. «Խաղաղություն եմ թողում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ: Ոչ թե ինչպես աշխարհն է տալիս՝ Ես տալիս եմ ձեզ: Ձեր սիրտը չխռովվի և չվախենա։ Ես հաղթել եմ աշխարհին»3:

Սթիվի նման շատ շատերն են հասկացել, որ անկախ նրանից, թե ինչ է կատարվում մարդու կյանքում, դա «աշխարհի վերջը չէ», քանի որ ամեն ինչ այս աշխարհով չի ավարտվում:

Խրամատների Աստվածը…

Ակնհայտ փաստ է, որ մարդկանց մեծամասնությունը սպասում է այնքան, մինչև իրավիճակը դառնում է ծայրահեղ անտանելի, և հետո միայն ապավինում Աստծուն: Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներից մեկը գրում է. «… խրամատներում աթեիստներ չեն լինում…»:
Երբ կյանքը լի է վարդագույն երանգներով, մարդիկ Աստծո կարիքն այդքան էլ չեն զգում, սակայն երբ իրավիճակը փոխվում է և խառնվում, նրանք հանկարծ գիտակցում են, որ հայտնվել են «խրամատներում»:

Դեպի Աստված գնալու իր ուղին Քերինն այսպես է նկարագրում. «Կարծում էի, թե քրիստոնյա եմ, քանի որ ամեն կիրակի եկեղեցի էի հաճախում, սակայն իրականում գաղափար անգամ չունեի Աստծո մասին: Համալսարանում իմ առաջին տարին հիմնականում նման էր նախորդ երեք տարիներին: Ժամանակիս մեծ մասն անցկացնում էի կա՛մ հարբեցողության, կա՛մ էլ սիրային արկածների մեջ: Ես մեռնում էի ներսից և չէի վերահսկում կյանքս: Այդ ժամանակ էր, որ գիտակցեցի, թե որքա՜ն եմ ուզում, որ կյանքս ավարտվի…Հստակ գիտեի, որ քոլեջն ավարտելուց հետո պետք է հույսի ինչ-որ աղբյուր գտնեմ, այլապես չգիտեմ, թե հետս ինչ կկատարվի: Այդ ժամանակ էր, որ Աստծուն խնդրեցի գալ իմ կյանք: Նա ինձ տվեց սեր, ապահովություն, ներում, աջակցություն, մխիթարություն, ընդունելի լինելու զգացողություն և կյանքի իմաստ: Նա իմ զորությունն է, և ես այսօր պարզապես չէի լինի այս երկրի վրա, եթե չլիներ Նրա համար ապրելու իմաստը»:

Ո՞վ գիտի, թե ինչ է մեզ սպասվում ապագայում: Շատերն են իրենց զգում այնպես, ասես խրամատներում լինեն: Կյանքը նման է թեժ ճակատամարտի, և մեր մտքի խաղաղությունը լուրջ հարձակումների է ենթարկվում: Նման պահերին է, որ Աստծո օգնությանն ենք դիմում, և դա բնական է, քանի որ Աստված՝ անփոփոխ Վեմը, մեր կողքին է և իրականում ուզում է սատարել մեզ: Նա ասում է. «Ե՛ս, Ես եմ Տերը և Ինձնից ջոկ Փրկիչ չկա: Դեպի Ինձ դարձեք, որ փրկվեք, որովհետև Ես եմ Աստված, և ուրիշը չկա»4:

Այո՛, Աստծուն կարող ենք ընկալել որպես «վերջին հույսի ապավեն», սակայն իրականում Նա հենց միակ իրական հույսն է մեզ համար:

Անտեսանելի խրամատները…

Ոմանք, սակայն, Աստծուն են դառնում, երբ ամեն բան լավ է: Ջոնը բացատրում է դա այսպես. «Ուսմանս վերջին տարում ես արդեն հասել էի այն ամենին, ինչին ձգտում է մարդը իրեն բավարարված զգալու համար՝ համալսարանում առաջնորդական դիրք, հրաշալի խնջույքներ, բարձր գնահատականներ, ժամադրություններ հավանածս աղջիկների հետ…Ամեն բան, ինչին ուզում էի հասնել, դարձել էր իրականություն, բայց ներքուստ ինձ բավարարված չէի զգում: Ինչ-որ բան դեռևս պակաս էր, և ես չգիտեի, թե ինչ: Անշուշտ, ոչ ոք չգիտեր, որ կյանքի մասին նման մտքեր ունեմ: Ես ամեն բան խնամքով թաքցնում էի իմ ներսում»:

Անգամ երբ ամեն բան ճիշտ ընթացքի մեջ է, կյանքը կարող է «խրամատային» հոգեվիճակի հասցնել քեզ՝ ներքաշել ներքին պայքարի մեջ, որը թեև անտեսանելի է անզեն աչքի համար, սակայն շա՜տ իրական է սրտի համար:
Բեքին այս երևույթը հետևյալ կերպ է նկարագրում. «Քանի՞ անգամ եք կարծել, թե եթե Ձեր ուզած հագուստը կամ փափագած զուգընկերն ունենայիք, կամ Ձեր երազած վայրն այցելեիք, ապա Ձեզ երջանիկ ու ամբողջական կզգայիք: Եվ քանի՞ անգամ եք գնել Ձեր ուզած հագուստը և հետո ավելի դատարկ Ձեզ զգացել, քան նախկինում էիք»:

Կարիք չկա բախվել ձախողումների կամ ողբերգությունների, որպեսզի զգանք մեզ խրամատում: Ավելի հաճախ խաղաղության պակասը մեր կյանքում Աստծո ներկայության բացակայությունից է գալիս. «Այդ ժամանակից ի վեր ես բազմաթիվ պայքարների ու փոփոխությունների միջով եմ անցել: Սակայն ամեն ինչ, ինչ անում էի, նոր իմաստ ստացավ, երբ հասկացա, որ սիրող ու հավիտենական Աստվածն իմ կողմից է: Հավատում եմ, որ ինձ համար անհնարին ոչինչ չկա, երբ Աստված ինձ հետ է: Այսպիսով՝ ես վերջապես գտա այն ամբողջականությունը, որն այդքա՜ն երկար ժամանակ փնտրում էի»,- գրում է Բեքին:

Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք: Աստծուն ճանաչելուն և Աստվածաշնչում Նրա ասածները լսել սովորելուն զուգահեռ Նա մտքի խաղաղություն է ներմուծում մեր կյանք: Մենք սկսում ենք կյանքին նայել Աստծո տեսանկյունից՝ քաջատեղյակ լինելով Նրա հավատարմությանն ու մեզ համար հոգ տանելու կարողությանը: Եվ ուրեմն՝ անկախ նրանից, թե ի՛նչ է մեզ համար պատրաստել ապագան, մենք կարող ենք մեր հույսն Աստծո վրա դնել: Նա մեր անփոփոխ Ժայռն է: Նա սպասում է, որ Իրեն հայտնի մեզ, եթե միայն փնտրենք Իրեն ու դառնանք դեպի Ինքը:

Կառուցելով Ժայռի վրա…

Ինչի՞ վրա ես կյանքդ կառուցում: Հավատանք թե ոչ, բայց յուրաքանչյուր մարդ ինչ-որ բանի վրա է կառուցում իր կյանքը: Յուրաքանչյուրս իր հիմքն ունի՝ մի բան, որի վրա հույս ենք դնում կամ որին հավատում ենք: Գուցե դա հենց ինքներս մենք ենք. «Ես գիտեմ, որ իմ կյանքում հաջողություններ կունենամ, եթե բավականաչափ քրտնաջան կերպով փորձեմ դրան հասնել», կամ գուցե դա մեր կենսակերպն է. «Եթե բավականաչափ փող աշխատեմ, կյանքս հրաշալի կդառնա», կամ գուցե մեր սպասումն է կյանքի որոշակի ժամանակահատվածից. «Ապագան կփոխի իմ կյանքի ընթացքը»:

Աստծո տեսանկյունն այլ է: Նա ասում է, որ ինքներս մեզ վրա, այլ մարդկանց կամ նույնիսկ այս աշխարհի առաջարկած ինչ-որ բանի վրա հույս դնելը նույնն է, ինչ ավազի վրա տուն կառուցելը: Փոխարենը Նա ուզում է, որ մենք Իրեն վստահենք: Նա ասում է. «Արդ, ամենն, ով Իմ այս խոսքերը լսում է և դրանք կատարում, կնմանացնեմ նրան մի իմաստուն մարդու, որ իր տունը կառուցեց ժայռի վրա։ Եվ անձրևն էլ եկավ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին, և այդ տանը զարկեցին,բայց այն չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված։ Եվ ամենն, ով Իմ այս խոսքերը լսում է և չի կատարում, նա կնմանվի մի անխելք մարդու, որ իր տունը կառուցեց ավազի վրա։ Եվ անձրևն էլ եկավ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին, և այդ տանը զարկեցին, և այն կործանվեց, և դրա կործանումը մեծ էր»5:

Իմաստություն է աղետների ժամանակ Աստծուն մեր կյանք կանչելը, բայց Աստված ուզում է, որ մենք լիառատ կյանքով ապրենք միշտ՝ անկախ մեր կյանքում ստեղծված իրավիճակներից: Նա մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտի վրա դրական ազդեցություն ունենալ է կամենում: Երբ մենք մեր հույսը դնում ենք Նրա ու Նրա Խոսքի վրա, նշանակում է՝ մեր տունը Ժայռի վրա ենք կառուցում:

Մտքի ամբողջական խաղաղություն…

Ոմանք իրենց ապահով են զգում՝ լինելով միլիոնատիրոջ որդի կամ երբ գիտեն, որ հեշտությամբ կարող են բարձր գնահատականներ ստանալ, սակայն իրական և ավելի մեծ ապահովությունը Աստծո հետ հարաբերություն ունենալու մեջ է:

Աստված զորավոր է…Ի տարբերություն մեզ՝ Աստված գիտի, թե ինչ է լինելու վաղը, հաջորդ շաբաթ, մյուս տարի կամ գալիք տասնամյակներում: Նա ասում է. «Հիշե՛ք առաջինները ի հավիտենից, որովհետև Ես եմ Աստված, և ուրիշ աստված չկա»6: Նա գիտի, թե ինչ է տեղի ունենալու աշխարհում, իսկ որ ավելի կարևոր է՝ Նա գիտի նաև, թե ինչ է պատահելու մեր կյանքում և պատրաստ է մեր կողքին կանգնելու, եթե ընտրենք և ընդունենք Նրան՝ որպես մեր կյանքի միակ Տեր և Փրկիչ: Նա ասում է, որ կարող է լինել մեր «ապավենն ու զորությունը և նեղությունների մեջ շատ օգնական լինել մեզ»7, եթե միայն անեղծորեն ձգտենք ու ապավինենք Նրան: Աստված ասում է. «Եվ դուք Ինձ կորոնեք և կգտնեք, որովհետև Ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտով»8:

Սակայն սա չի նշանակում, թե Աստծուն ճանաչող մարդկանց կյանքում չեն լինում դժվարին ժամանակներ: Դրանք լինում են: Երբ ահաբեկչական հարձակումներ, տնտեսական կամ բնական աղետներ են տեղի ունենում, հնարավոր է, որ դրանցից տուժեն նաև Աստծուն ճանաչող մարդիկ, սակայն Աստծո ներկայության մեջ խաղաղություն և զորություն կա: Հիսուս Քրիստոսի հետևորդներից մեկն այսպիսի ձևակերպում է տվել այս խնդրին. «Ամեն բանի մեջ նեղված ենք, բայց՝ չճնշված, կարոտ ենք, բայց ոչ տարակուսած, հալածված ենք, սակայն՝ երեսից չընկած, վայր ընկած ենք, բայց կորած չենք»9

Իրականությունն այն է, որ մենք բախվելու ենք կյանքի խնդիրներին, բայց եթե այս ամենի միջով անցնում ենք Աստծո հետ միասին, ապա այլ տեսանկյունից ենք արձագանքում դրանց՝ մի այնպիսի զորությունով, որը մեզնից չէ, որ բխում է: Աստծո համար գոյություն չունեն անհաղթահարելի խոչընդոտներ: Նա ավելի զորավոր է, քան այն բոլոր խնդիրները, որոնք կարող են լինել մեր կյանքում, և երբեք մեզ միայնակ չի թողնում դրանց հետ:

Աստված հոգում է մեր մասին…Աստծո հզոր ուժը մեր կյանքում ուղեկցվում է խոր սիրով: Ապագան կարող է լի լինել այնպիսի խաղաղությամբ, որ երբևէ վերապրած չենք եղել կամ կարող է ուղեկցվել ուժգին ատելությամբ, բռնություններով, ամուսնալուծություններով և զանազան այլ չարիքներով: Երկու դեպքում էլ ոչ ոք չի կարող մեզ այնքա՜ն սիրել, որքան Աստված, ոչ ոք մեր հանդեպ ցույց չի տա այնպիսի հոգատարություն, ինչպիսին Աստված: Նրա Խոսքն ասում է. «Բարի է Տերը, ամրոց է նեղութեան օրում: Եվ Նա ճանաչում է Իրեն ապավինողներին»10: «Ձեր բոլոր հոգսը Նրա վրա գցեք, որովհետև Նա հոգս է անում ձեզ համար»11: Եվ նաև. «Տերն արդար է Իր բոլոր ճանապարհներում և ողորմած՝ Իր բոլոր գործերումը։ Տերը մոտ է բոլոր դեպի Իրեն կանչողներին՝ այն բոլորին, որ կանչում են Նրան ճշմարտությունով։ Իրենից վախեցողների կամքը կատարում է Նա և նրանց աղաղակը լսում և նրանց փրկում է»12:

Հիսուս Իր հետևորդներին այս մխիթարող խոսքերն է ասում. «Չէ՞ որ երկու ճնճղուկ մեկ դանկի են վաճառվում, և նրանցից մեկը չի ընկնի գետին առանց ձեր Հոր։ Իսկ ձեր գլխի բոլոր մազերն էլ հաշվված են։ Ուրեմն մի վախեցեք: Դուք շատ ճնճղուկներից ավելի լավ եք»13:
Ուրիշ ոչ ոք չի կարողանա մեր մասին հոգ տանել այնպես, ինչպես Աստված, եթե միայն ապավինենք Նրան և դառնանք դեպի Նա:

Մտքի խաղաղություն Աստծո շնորհիվ…

Մենք գաղափար չունենք, թե ինչ է սպասվում մեզ ապագայում. եթե գան դժվարին ժամանակներ, ապա Աստված մեր կողքին կլինի, իսկ եթե գան դյուրին ժամանակներ, ապա մենք, միևնույնն է, Աստծո կարիքը կզգանք, որ Նրանով լցվի մեր ներքին դատարկությունը և իմաստավորվի մեր կյանքը:

Ի՞նչն է ամենակարևորը, երբ ամեն բան ասված է և արված…Ամենից կարևոր բանը Աստծուց մեկուսացած չլինելն է՝ ճանաչո՞ւմ ենք արդյոք Աստծուն, իսկ Նա ճանաչո՞ւմ է մեզ, արդյո՞ք Նրան մեր կյանքից դուրս չենք վանել, թե՞ թույլ ենք տվել, որ մուտք գործի այնտեղ:
Նրան ճանաչելու շնորհիվ մենք լցվում ենք հույսով և ներուժով: Նրա հետ հարաբերություն ունենալու շնորհիվ մենք լցվում ենք խաղաղությամբ՝ անկախ այն իրավիճակներից, որ մեզ է մատուցում շրջապատող իրականությունը:

Աստված ինչու՞ պետք է լինի մեր կյանքի կենտրոնում:
Որովհետև չկա իրական խաղաղություն կամ հույս՝ առանց Աստծո ճանաչողության: Նա՛ է Աստված և ոչ թե մենք: Այդ Նա՛ չէ կախված մեզանից, այլ մենք՝ Նրանից: Նա՛ է մեզ ստեղծել այնպիսին, որ մեր կյանքում շարունակ Նրա ներկայության կարիքն ունենք: Իհարկե, մենք կարող ենք փորձել մեր կյանքը առանց Աստծո դասավորել, սակայն ամեն բան ունայն կլինի:

Աստված ուզում է, որ մենք փնտրենք Իրեն, Աստված ուզում է մեր կյանքից դուրս մղվելու փոխարեն ճանաչվել և ներգրավվել այնտեղ:
Աստվածաշունչը հետևյալ կերպ է նկարագրում իրավիճակը. «Մենք բոլորս ոչխարների պես մոլորվեցինք, յուրաքանչյուրն իր ճանապարհին դառավ»14:
Բոլորս էլ փորձել ենք մեր կյանքը դասավորել առանց Աստծո: Հենց սա է Աստվածաշունչը կոչում «մեղք»:

Հիդերը, ում մեջբերմանն արդեն իսկ անդրադարձել ենք, մեղքի մասին ասում է. «Երբ ընդունվեցի Սթենֆորդի համալսարան, քրիստոնյա չէի: Աշխարհը տեսնում էի ոտքերիս առջև և պատրաստ էի հեղաշրջել այն: Մասնակցում էի քաղաքական քննարկումների, ռասիզմի և սոցիալական արդարության վերաբերյալ դասընթացների և մտել էի համայնքային ծառայությունների կենտրոնի գործունեության մեջ: Հավատում էի, որ իմ ներսում առկա ներուժը բավարար է աշխարհը փոխելու համար: Օգնում էի ցածր խավի դպրոցականներին դասապատրաստման մեջ, օգնում անտուններին, հավաքում ռեստորաններում թողած սնունդը, որ կերակրեմ սովածներին, սակայն որքան ավելի էի փորձում փոխել աշխարհը, այնքան խորանում էր իմ ներքին հիասթափությունը: Բախվում էի բյուրոկրատական քաշքշուկներին, անտարբերության պատերին և… մեղքին:
Սկսեցի մտածել, որ մարդկային բնույթը կարիք ունի հիմնարար վերակառուցման»:

Մտքի խաղաղությունը հավասար է Աստծո խաղաղությանը…

Փոփոխվող ժամանակներն ու զարգացող տեխնոլոգիաները մեծ դեր չունեն մարդկային կյանքում խաղաղություն ձևավորելու հարցում: Ինչո՞ւ: Քանի որ, որպես մարդկային էակներ, մեր հիմնական խնդիրը Աստծուց մեկուսացած լինելն է, և դա նյութական խնդիր չէ, այլ՝ հոգևոր: Աստված գիտի սրա մասին և լուծում է պատրաստել Իրենից մեկուսացած լինելու մեր խնդրին: Նա վերադարձի ճանապարհ է պատրաստել մեզ համար, և այդ միակ ճանապարհը Հիսուս Քրիստոսն է:

Աստվածաշունչն ասում է. «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն Նրան հավատացողը չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա»15: Հիսուս Քրիստոս մեր փոխարեն և մեր մեղքերի համար խաչվեց (ինչը մահապատժի միջոց էր անտիկ աշխարհում): Նա մեռավ, թաղվեց և հարություն առավ մեռածներից: Նրա զոհաբերության շնորհիվ մենք Աստծո հետ հարաբերության մեջ մտնելու հնարավորություն ստացանք. «Բայց ովքեր Նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու»16:

Ամեն բան իրականում շատ հստակ է՝ Աստված ուզում է մեզ հետ կատարյալ հարաբերություն ունենալ և այդ հարաբերության հաստատումը հնարավոր դարձրեց Հիսուսի շնորհիվ: Այժմ մեզնից է կախված՝ կփնտրե՞նք արդյոք Նրան և կխնդրե՞նք մուտք գործել մեր կյանք:
Մարդիկ անում են դա աղոթքի միջոցով: Աղոթել նշանակում է անկեղծորեն խոսել Աստծո հետ: Հենց հիմա դու կարող ես աղոթել Աստծուն՝ անկեղծորեն խնդրելով. «Աստված, ես ուզում եմ ճանաչել Քեզ: Մինչ օրս ես թույլ չէի տալիս Քեզ մուտք գործել իմ կյանք, սակայն ուզում եմ փոխել իրավիճակը: Ես ուզում եմ օգտվել Քո ընձեռած հնարավորությունից: Ես ուզում եմ, որ իմ կյանքում լուծվի Քոնը դառնալու խնդիրը: Ես հավատում եմ, որ Հիսուս իմ փոխարեն մեռավ խաչի վրա, որպեսզի ես ներում ընդունեմ և Քո առաջ արդարություն ունենամ: Այսօրվանից սկսած ուզում եմ, որ Դու իմ կյանքի անբաժանելի մասը դառնաս»:

Անկեղծորեն խնդրեցի՞ր Աստծուն գալ քո կյանք: Եթե այո, ապա հրաշալի ընթացք է քեզ սպասվում: Աստված խոստանում է Իր հետ ունեցած հարաբերության շնորհիվ քո կյանքը դարձնել մեծագույն վայելք17: Նա խոստանում է բնակվել քո մեջ18: Եվ քեզ է տալիս հավիտենական կյանքը19:

Մելիսան Աստծո մասին հետևյալն է պատմում. «Մայրս ամուսնալուծվեց, երբ ես փոքր էի և այնքան էլ չէի հասկանում, թե ինչ է կատարվում, միայն գիտեի, որ հայրս այլևս տուն չէր գալիս: Մի օր այցելեցի տատիկիս և ասացի, որ չեմ հասկանում, թե ինչո՞ւ է հայրս ինձ այսպես ցավ պատճառել ու անհետացել: Տատս ամուր գրկեց ինձ և ասաց, որ կա Մեկն, Ով երբեք չի լքի ինձ. դա Հիսուսն է: Նա Աստվածաշնչից մեջբերեց Եբրայեցիս 13:5 և Սաղմոս 68:5 խոսքերը, որոնք ասում են. «Չեմ թողնիլ քեզ և երեսից չեմ գցի» և «Որբերի Հայր և որբևայրիների Դատավոր է Աստված իր սրբության տեղում»:

Անկախ այն ամենից, թե ինչ տեղի է ունենում ձեր շուրջ, շնորհիվ Աստծու՝ կա մտքի խաղաղություն: Աստված միշտ ձեր կողքին կլինի, Նա ձեր ամուր Ժայռը կդառնա՝ անկախ ամեն ինչից և ապագայում սպասվելիք ամեն բանից…

 Ես հենց նոր խնդրեցի Հիսուսին մուտք գործել իմ կյանք (հղումը պարունակում է որոշ օգտակար տեղեկություններ)…
 Ես, գուցե, խնդրեմ Հիսուսին մուտք գործել իմ կյանք: Խնդրում եմ՝ ավելի ամբողջական կերպով բացատրեք դա…
 Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ…

Հղումներ: (1) Եսայիա 44:8 և Մաղաքիա 3:6 (2) Եբրայեցիս 13:8 (3) Հովհաննես 14:27 և 16:33 (4) Եսայիա 43:11 և Եսայիա 45:22 (5) Մատթեոս 7:24-27 (6) Եսայիա 46:9-10 (7) Սաղմոս 46:1 (8) Երեմիա 29:13 (9) Բ Կորնթացիս 4:8-9 (10) Նաում 1:7 (11) Ա Պետրոս 5:7 (12) Սաղմոս 145:17-19 (13) Մատթեոս 10:29-31 (14) Եսայիա 53:6ա (15) Հովհաննես 3:16 (16) Հովհաննես 1:12 (17) Հովհաննես 10:10 (18) Հովհաննես 14:23 (19) Ա Հովհաննես 5:11-13:

Կիսվել ուրիշների հետ:  

TOP