Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր
Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր

Կույր հավատից այն կողմ

Բոլոր հիմնական կրոններն էլ պատվում են Հիսուսին: Ո՞վ է Հիսուս Քրիստոսը: Արդյոք Նա մարգարե՞ էր, թե՞ Աստված: Եկե՛ք անդրադառնանք պատմական փաստերին:

Հեղինակ՝ Փոլ Է. Լիթլ

Մարդու համար անհնարին է վերջնականապես համոզվել Աստծո գոյության և Նրա՝ ինչպիսին լինելու հարցում, եթե Աստված Իր վրա չվերցնի դա անելու նախաձեռնությունը և չհայտնի Իրեն:

Մենք պետք է ուշադրությամբ զննենք պատմության խորքերը՝ Աստծո գոյության հուշումները հայտնաբերելու համար: Լավագույն փաստերից մեկն այն է, որ սրանից ավելի քան 2000 տարի առաջ պաղեստինյան մի գյուղում մի Մանուկ ծնվեց: Այդ մանուկը Հիսուսն էր. այսօր գրեթե ողջ աշխարհն է տոնում Նրա ծնունդը և դրա համար հիմնավոր պատճառներ ունի: Հիսուսի կյանքը փոխեց պատմության ընթացքը:

Ինչպե՞ս են մարդիկ ընկալել Հիսուսին:

Գիտենք, որ հասարակ մարդիկ հաճույքով էին լսում Նրան և ընդունում՝ որպես «Մեկն, ով իշխանություն ունեցողի պես էր սովորեցնում նրանց և ոչ թե դպիրների պես»1:

Հիսուսն Իր մասին ցնցող ու զարմանալի հայտարարություններ էր անում և չէր ներկայանում իբրև մարգարե կամ ազդեցիկ ուսուցիչ. Նա հստակորեն խոսում է Իր Աստված լինելու մասին:
Նա Իր ինքնությունը դարձրեց Իր ուսմունքի հիմնաքարը և ամենակարևոր հարցը, որ ուղղեց Իր հետևորդներին, հետևյալն էր. «Իսկ դուք ո՞վ եք ասում Ինձ համար, թե լինեմ»: Եվ երբ Պետրոսը պատասխանեց և ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին»2, Նա չզարմացավ և ոչ էլ հանդիմանեց Նրան, ընդհակառակը, Հիսուսը գովեց նրան:

Հիսուսը հաճախ էր Աստծուն կոչում «Իմ Հայր», և Նրա ունկնդիրները հասկանում էին այդ բառերի ողջ իմաստը: Մենք գիտենք, որ «հրեաներն է՛լ ավելի ուզում էին սպանել Նրան, որ ոչ թե միայն շաբաթ օրն էր քանդում, այլ Աստծուն էլ Իրեն Հայր էր ասում՝ Իր անձն Աստծուն հավասար անելով»3: Մի ուրիշ անգամ Նա ասաց. «Ես և Իմ Հայրը մեկ ենք»: Կրոնական իշխանավորները ուզում էին անմիջապես քարկոծել Նրան, բայց Հիսուսը նրանց հարց ուղղեց, թե Իր գործած ո՞ր գործի համար են նրանք ուզում Իրեն սպանել, որին ի պատասխան՝ նրանք ասացին. «Բարի գործի համար քեզ չենք քարկոծում, այլ հայհոյության համար, և որ Դու մարդ լինելով՝ Քո անձն Աստված ես անում»4:

Ի՞նչ էր Հիսուսն ասում Իր մասին:

Հիսուսը հստակ կերպով Իրեն դրսևորում էր այնպես, ինչպես միայն Աստված կարող էր դրսևորել: Մի անգամ նա մի անդամալույծի ասաց. «Քաջացի՛ր, որդյակ, քո մեղքերը ներված են քեզ»: Ավագներն անմիջապես արձագանքեցին. «Սա ո՞վ է, որ հայհոյանք է խոսում: Ո՞վ կարող է մեղք թողել, բացի միայն Աստված»: Եվ Հիսուսը նրանց պատասխանեց. «Ո՞րն է ավելի հեշտ՝ ասե՞լ՝ մեղքերդ թողուած լինեն քեզ, թե՞ ասել՝ վեր կաց և ման եկ»: Հիսուսը շարունակեց. «Բայց որ իմանաք, որ մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքեր թողելու, անդամալույծին ասաց՝ քեզ եմ ասում, վե՛ր կաց և մահիճդ առ և գնա քո տունը»: Եվ այս մարդը, ի զարմանս ներկաների, վայրկենապես բժշկվեց:

Հիսուսը նաև այսպիսի պնդումներ է արել. «Ես եկա, որ կյանք ունենան և է՛լ ավելի ունենան»5, «Ես եմ աշխարհի լույսը»6, ինչպես նաև բազմիցս պնդել, որ եթե մեկն Իրեն հավատա, նրան հավիտենական կյանքը կտա և Իրեն հավատացողը «դատաստան չի մտնի, այլ մահից կփոխվի դեպի կյանք»7: «Եվ ես հավիտենական կյանք եմ տալիս նրանց, և նրանք հավիտյան չեն կորչի»8:

Այնպիսի ծայրահեղ պահի, ինչպիսին Նրա հարցաքննությունն էր խաչելությունից առաջ, քահանայապետը Հիսուսին հարցրեց.
-Դո՞ւ ես Քրիստոսը՝ Օրհնյալի Որդին:
-Ես եմ,- պատասխանեց Նա: -Եվ դուք կտեսնեք մարդի Որդուն զորության աջ կողմը նստած և երկնքի ամպերով եկած:
Քահանայապետը հնչեցրեց դատավճիռը.
-Էլ մեր ինչի՞ն են պետք վկաներ, լսեցիք հայհոյանքը9:

Այնքա՜ն սերտ էր Հիսուսի կապն Աստծո հետ, որ Նա նույնականցնում էր մարդկանց վերաբերմունքն Իր և Աստծո հանդեպ: Նա ասում էր, որ Իրեն ճանաչելը նույնն է, ինչ Աստծուն ճանաչելը10, Իրեն տեսնողն Աստծուն է տեսնում11, Իրեն հավատալը նշանակում է հավատալ Աստծուն12, Իրեն ընդունելը նշանակում է Աստծուն ընդունել13, Իրեն ատելը հավասարազոր է Աստծուն ատելուն14 և Իրեն պատվելը նույնն է, ինչ Աստծուն պատվելը15:

Հնարավոր բացատրություններ

Կարևորագույն խնդիր է պարզաբանելը՝ Նա ճշմարտությու՞նն էր ասում, թե՞ ոչ:

«Երբ ծանոթանում ենք Հիսուսի այս պնդումներին, բախվում ենք չորս հնարավոր բացատրության. կա՛մ Նա ստախոս էր, կա՛մ հոգեկան հիվանդություն ուներ, կա՛մ հնարովի լեգենդ էր, կա՛մ իսկապես ասում էր ճշմարտությունը»:

Գուցե Հիսուսը ստում էր, երբ ասում էր, որ Աստված է: Գուցե Նա գիտեր, որ Աստված չէ, սակայն դիտավորյալ կերպով իր ունկնդիրներին մոլորության մեջ էր գցում այն բանի համար, որ ավելի հեղինակավոր դարձնի Իր ուսմունքը: Սակայն այս տեսակ պնդումներում մի բաց կա. անգամ Նրա աստվածությունը մերժողները համաձայնում են, որ Հիսուսը բարոյականության մեծագույն ուսուցիչ է եղել: Հիսուսին ստախոս ներկայացնող մարդիկ չեն գիտակցում, որ Նա չէր կարող լինել բարոյականության մեծագույն ուսուցիչ, եթե Իր ուսուցման ամենշեշտադրված կետերից մեկում՝ Իր ինքնության հարցում, ակնհայտորեն մոլորեցնող մեկը լիներ:

Մեկ այլ հնարավոր տարբերակ է այն, որ Հիսուսն անկեղծ էր, սակայն Ինքն էր խաբված: Մարդուն, ով կարծում է, թե ինքն աստված է, մենք հոգեպես շեղված ենք համարում, սակայն երբ նայում ենք Հիսուսի կյանքին, հոգեպես անառողջ մարդկանց հատուկ ոչ նորմալ և անհավասարակշիռ պահվածքի ոչ մի նշան չենք գտնում: Ավելին, տեսնում ենք նրա խաղաղությունը ճգնաժամային պահերին:

Երրորդ տարբերակն այն է, որ երրորդ և չորրորդ դարերում ապրած Նրա խանդավառ հետևորդները այնպիսի խոսքեր վերագրեցին Նրան, որոնք եթե լսեր Հիսուսը, ապա զարմանքից կքարանար և եթե վերադառնալու լիներ, ապա անմիջապես կհերքեր դրանք:

Բայց այս տեսակետը ևս չունի ոչ մի խելամիտ հիմնավորում: Ժամանակակից հնագիտությունը հաստատում է, որ Քրիստոսի կյանքի չորս նկարագրությունները գրվել են Նրան տեսած, լսած և անմիջական հետևորդ մարդկանց կենդանության օրոք: Այս Ավետարանների պատմություններում ներառված են այնպիսի փաստագրական նյութեր և նկարագրություններ, որոնք հաստատվել են դրանք տեսնողների՝ անմիջական ականատեսների կողմից:

Ինչպես Ջոն Հոփկինս համալսարանի աշխարհահռչակ հնագետ Վիլյամ Օլբրայթն է ասում՝ ոչ մի հիմք չկա պնդելու, թե Ավետարանը գրվել է Մ.թ. 70 թվականից հետո, և սա է պատճառը, որ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի Ավետարանները այսչափ ազդեցիկ են և ընդունելի:

Հիսուսը ստախոս չէր, ոչ էլ՝ մտավոր խնդիրներով հիվանդ մեկը: Նա հորինված կերպար չէ, որի խոսքերը կտրված են պատմական իրականությունից: Բացառելով տարակարծություններն ու ելնելով այս բոլոր հերքումներից՝ մնում է միակ հավաստի փաստը՝ Հիսուսը գիտակցում էր, որ ճշմարտությունն է ասում, երբ պնդում էր, որ Ինքն Աստված է:

Ո՞րն է Հիսուսի Աստված լինելու ապացույցը:

Ցանկացած մեկը կարող է պնդել, թե ինքն Աստված է: Եղել են մարդիկ, ովքեր հենց այդպես էլ արել են: Նույնը կարող ենք անել և մենք՝ ես և դուք, սակայն հարցին՝ «Ինչպե՞ս կապացուցես, որ դա այպես է», մենք՝ թե՛ ես, թե՛ դուք, չենք ունենա հիմնավոր պատասխան: Ցանկացած այդպիսի պնդման անհիմն լինելն ապացուցելը շատ ժամանակ չի էլ խլի, սակայն երբ խոսքը վերաբերում է Նազորվերցի Հիսուսին, դրությունը միանգամից փոխվում է: Նա իր պնդման համար բավականին ծանրակշիռ փաստարկներ ունի. «Թեև Ինձ էլ չհավատաք, գոնե գործերին հավատացեք, որ ճանաչեք և հավատաք, թե Հայրն Ինձանում է, և Ես՝ Նրա մեջ»16:

Հիսուսի բնութագիրը

Հիսուսի բարոյական կերպարը համապատասխանում էր Իր պնդումներին: Նրա անձնական առաքինի նկարագիրն այնքան ծանրակշիռ էր, որ կարողանում էր մարտահրավեր նետել իր հակառակորդներին՝ տալով նրանց այս հարցը. «Ձեզնից ո՞վ կարող է ինձ մեղքի համար հանդիմանել»17: Նրա հարցն անպատասխան էր մնում, թեև ուղղված էր նրանց, ովքեր սիրում էին խոսել Հիսուսի թերություններից:

Ավետարաններում հաճախ ենք կարդում, որ սատանան փորձում էր Հիսուսին, սակայն երբեք չենք գտնի հիշատակություն, որ Նա որևէ մեղք գործած լինի կամ մեղքի խոստովանություն անի: Նա երբեք չխնդրեց ներման համար, թեև սովորեցնում էր Իր հետևորդներին անել դա:

Բարոյական սխալների այսպիսի բացարձակ բացակայությունը Հիսուսի կյանքում զարմանահրաշ է, մանավանդ եթե նկատի ունենանք պատմության ընթացքում ապրած սրբերի և տարբեր մեծ ուսուցիչների կենսագրությունները:

Որքան մենք ավելի ենք մոտենում Աստծուն, այնքան ավելի շատ ենք նկատում մեր սեփական սխալները, ապականված բնույթն ու թերությունները: Որքան մոտենում ենք պայծառ լույսին, այնքան ավելի լավ ենք նկատում մեր աղտոտվածությունն ու գիտակցում մաքրվելու կարիքը:

Ցնցող է նաև, որ Հովհաննեսը, Պողոսը և Պետրոսը, ովքեր մանկուց դաստիարակվել էին այն հավատով, թե մեղքն համընդհանուր բնույթ ունի, խոսել են Քրիստոսի բացարձակ անմեղ լինելու մասին. «Որ մեղք չգործեց և նենգություն չգտնվեց Նրա բերանում»18:

Անգամ Պիղատոսը, ով մահվան դատապարտեց Հիսուսին, հարցրեց. «Ի՞նչ չարիք է արել այս մարդը»: Ամբոխին լսելուց հետո, Պիղատոսը ամփոփեց. «Ես անմեղ եմ այս մարդու արյունից. ինքներդ տեսեք»: Ամբոխը համառորեն պահանջում էր Հիսուսի խաչելությունը (Իրեն Աստված հռչակելու հայհոյության համար): Հռոմեացի հարյուրապետը, ով առաջնորդում էր Քրիստոսի խաչելությունը, ասաց. «Ճշմարիտ, որ սա Աստծո Որդի էր»19:

Հիսուսի հրաշքները. Նա բժշկում էր հիվանդներին:

Հիսուսը մշտապես ի ցույց էր դնում Իր զորությունն ու կարեկցանքը: Նա կաղերին քայլել էր տալիս, կույրերին՝ տեսնել, և բուժում էր հիվանդություն ունեցողներին:

Մի ի ծնե կույր մարդ, ով հայտնի մուրացկան էր և Տաճարի մոտ էր նստում, Հիսուսից բժշկություն ստանալուց հետո, հարցաքննվեց: Նա ասաց. «Թե մեղավոր է՝ չգիտեմ, բայց մի բան գիտեմ, որ կույր էի և հիմա տեսնում եմ»: Մարդը չէր հասկանում, թե ինչո՞ւ էին այս կրոնական երեցները մերժում իրեն Բժշկողի՝ Աստծո Որդի լինելու փաստը: Նա ասաց. «Աշխարհի սկզբից հետո լսուած չէ, որ մեկը կույր ծնվածի աչքերը բացած լինի»20: Նրա համար ապացույցն այնքա՜ն ակնհայտ էր:

Նա կարողանում էր կառավարել բնությունը:

Հիսուսը նաև բնության վրա ունեցած Իր գերբնական զորությունն էր ցույց տալիս: Նա հրամայեց մոլեգնող փոթորկին, և Գալիլեայի ծովի ալիքները խաղաղվեցին: Նավի մեջ գտնվողները ապշած էին. «Սա ո՞վ է արդյոք, որ քամին էլ, ծովն էլ հնազանդվում են սրան»21: Նա ջուրը գինի դարձրեց հարսանիքի ժամանակ, ինչպես նաև հինգ հազար մարդու կերակրեց հինգ հացով և երկու ձկով: Նա հարություն տվեց մի կնոջ միակ որդուն:

Ղազարոսին, ով Իր ընկերն էր և արդեն չորս օր առաջ մեռած ու թաղված, Հիսուսը գերբնականորեն հարություն տվեց, ասելով՝ Ղազարո՛ս, դուրս արի՛… Սա շատ մեծ վկայություն եղավ շատերի համար: Կարևոր է նշել, որ անգամ Նրա թշնամիները չէին ժխտում այս հրաշքը, ավելին, նրանք որոշեցին սպանել Հիսուսին, որովհետև. «Եթե դրան այդպես թողենք, ամենքը կհավատան դրան, և հռոմաեցիները կգան վեր կառնեն մեր երկիրն էլ և ազգն էլ»22:

Արդյո՞ք Հիսուսն Աստված է, ինչպես Ինքն էր պնդում:

Հիսուսի Աստված լինելու մեծագույն ապացույցը մեռածների միջից Նրա հարությունն էր: Իր ծառայության ընթացքում Նա հինգ անգամ հստակ կերպով կանխասաց իր մահը և հատուկ նշեց, թե ինչպես է սպանվելու և երբ է հարություն առնելու: Անկասկած, սա Նրա խոսքերի իսկությունն ապացուցող հստակ փաստարկ էր. դրանք կա՛մ իրականանալու էին, կա՛մ՝ ոչ: Դրանք կա՛մ հաստատելու էին Հիսուսի ինքնության մասին սեփական պնդումները, կա՛մ հերքելու էին դրանք: Եվ, որ ամենակարևորն է ինձ և ձեզ համար, Հիսուսի հարությունը մեռածների միջից կա՛մ հաստատելու էին այդ պնդումները, կա՛մ ամբողջովին անհիմն ներկայացնում դրանք:

«Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը: Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ Ինձնով»23: «Ես եմ աշխարհի լույսը. ով Իմ հետևից գա, նա խավարի մեջ չի գնա, այլ կյանքի լույսը կընդունի»24: Բոլոր Իրեն հավատացողներին Նա ասում էր. «Ես հավիտենական կյանք եմ տալիս նրանց»25:

Այսպիսով, Նա առաջարկում է այս ապացույցը՝ «Մարդի Որդին մարդկանց ձեռքը պիտի մատնվի, և նրան կսպանեն: Բայց երբ որ սպանվի, երրորդ օրը հարություն կառնի»26:

Ո՞վ է Հիսուս Քրիստոսը:

Եթե Քրիստոսը հարություն է առել, ապա ամեն ինչ, որ Նա խոստացել է, կարող է իրականացնել, այսինքն՝ Նա կարող է ներել մեր մեղքերը, մեզ հավիտենական կյանք շնորհել և առաջնորդել դեպի նոր կյանքի: Այժմ մենք գիտենք, թե ինչպիսին է Աստված, և ինչպես կարող ենք արձագանքել Նրան ճանաչելու հրավերին ու անձամբ զգալ Նրա սերը մեր հանդեպ:

«Լեզուն ոսկոր չունի: Յուրաքանչյուր ոք ազատ է իր ուզած պնդումներն անել, սակայն երբ խոսքը վերաբերում է Նազովրեցի Հիսուսին… Նա բոլոր հիմքերն ուներ այդպես պնդելու համար»:

Մյուս կողմից, եթե համարեինք, որ Քրիստոսը հարություն չի առել մեռյալներից, ապա այդ դեպքում քրիստոնեությունը ճշմարիտ հավատք կոչվելու ոչ մի հիմք չէր ունենա և ամբողջությամբ կազմված կլիներ մոլորեցնող վարդապետություններից, իսկ Հիսուսն էլ կդիտարկվեր իբրև մահացած մի մարդ: Այն բոլոր նահատակները, որոնք հոգևոր երգեր երգելով, գնում էին առյուծներին կեր դառնալու, բոլոր ժամանակակից միսիոներները, ովքեր իրենց կյանքն են տվել Քրիստոսի Ավետարանը մյուսներին փոխանցելու համար, խեղճ ու մոլորված մարդիկ կլինեին:

Արդյո՞ք Հիսուսն ապացուցել է Իր Աստված լինելը:

Եկե՛ք նայենք Հիսուսի հարության ապացույցներին:

Եթե հաշվի առնենք այն զորությունը, որով Հիսուս հրաշքներ էր գործում, Նա հեշտությամբ կարող էր խուսափել Իր խաչելությունից, սակայն չարեց դա:

Նախքան ձերբակալվելը՝ Հիսուսն Իր կյանքի մասին ասաց. «Ոչ ոք այն վեր չի առնում Ինձնից, այլ Ես Ինքս եմ դնում այն: Ես իշխանություն ունեմ այն դնելու և իշխանություն ունեմ այն դարձեալ վերցնելու…»27:

Իր ձերբակալման ժամանակ Պետրոսը փորձում էր պաշտպանել Նրան, բայց Հիսուսն ասաց. «Սուրդ տեղը դիր…Կամ կարծում ես, թե չե՞մ կարող հիմա Իմ Հորն աղաչել, որ հասցնի Ինձ ավելի քան տասներկու գունդ հրեշտակներ»28: Նա այդպիսի զորություն ուներ Երկնքում և երկրի վրա, բայց սեփական կամքով գնաց դեպի խաչի մահը:

Հիսուսի խաչելությունն ու մահը

Հիսուսի մահը խաչի վրա հրապարակայնորեն իրականացված մահապատիժ էր, որը տանջանքի ու մահվան համընդհանուր ընդունված ձև էր Հռոմեական կայսրության ողջ տարածքում: Հիսուսին առաջադրված էր հայհոյության մեղադրանքը՝ Աստված լինելու պնդումը: Սակայն Հիսուս ասաց, որ կամովին գնում է այս ամենին, քանի որ պետք է վճարի մեր մեղքերի գինը:

Հիսուսը մտրակվում էր բազմածայր մտրակով, որի ծայրերին մետաղյա և ոսկրե ելուստներ էին:Սրածայր փշերից հյուսված պսակը գլխի մեջ մխրճելով՝ ծաղրեցին Նրան և ստիպեցին քայլել դեպի մահապատժի վայրը, որը Երուսաղեմից դուրս գտնվող մի բլրի վրա էր: Հետո խաչի վրա բարձրացրին՝ ձեռքերն ու ոտքերը մեխելով խաչափայտի վրա: Նա, խաչի վրա որոշ ժամանակ մնալուց հետո, մահացավ: Գեղարդով Նրա կողը խոցեցին, որպեսզի հաստատվի վրա հասած մահը:

Հիսուսի մարմինը խաչից իջեցվեց, պատվեց անուշահոտ յուղերով ներծծված պատանքով և դրվեց ժայռափոր գերեզմանի մեջ, որի դուռը փակվեց մի ահռելի քարով, որպեսզի ոչ ոք չկարողանա ելումուտ անել:

Մարդիկ քաջատեղյակ էին երրորդ օրը հարություն առնելու մասին Հիսուսի խոստմանը: Այդ պատճառով կրոնական առաջնորդների հրահանգով հռոմեական զինվորները պահակային ծառայություն էին իրականացնում Հիսուսի գերեզմանի մոտ. նրանք նաև հռոմեական պաշտոնական կնիքով կնքեցին գերեզմանի դուռը՝ այն հռչակելով որպես պետության կողմից պահպանվող տարածք:

Երեք օր անց գերեզմանը դատարկ էր…

Չնայած ձեռնարկած բոլոր նախազգուշական միջոցներին՝ երրորդ օրը կնքված ահռելի քարը, որով փակել էին գերեզմանի մուտքը, շրջված էր և ընկած գերեզմանից բավականին հեռու: Հիսուսի մարմինն այնտեղ չէր, այլ միայն Նրա պատանքը:
Կարևոր է արձանագրել, որ թե՛ Հիսուսի հետևորդները և թե՛ նրանց քննադատողները համակարծիք են այս հարցում, որ երրորդ օրը Նրա գերեզմանը դատարկ է եղել:

Առաջին բացատրությունը, որը տարածվեց մարդկանց շրջանում, այն էր, թե Հիսուսի աշակերտները գողացել էին իրենց Ուսուցչի մարմինը, երբ պահապան զինվորները քնած են եղել: Սա այնքան էլ տրամաբանական վարկած չէ, քանի որ պահապանները լավ պատրաստականություն անցած հռեմեացի զինվորներ էին, իսկ ըստ նրանց օրենքի ՝այդ տեսակ ծառայության ժամանակ քնած լինելը պատժվում էր մահապատժով:

Հետագայում բազմաթիվ աշակերտներ մահվան չարչարանքների ենթարկվեցին (տարբեր վայրերում և տարբեր ժամանակներում) միայն այն բանի համար, որ պնդում էին, թե Հիսուսը հարություն է առել և կենդանի է: Տղամարդիկ ու կանայք պատրաստ էին մեռնելու մի բանի համար, ինչի ճշմարտացիության մեջ առավել քան համոզված էին: Ոչ ոք երբեք մահվան չի գնա սուտ բանի համար, անգամ մի փոքր կասկածի դեպքում ոչ ոք իր կյանքը չի զոհի: Մահվան ճիրաններում եղողները երբեք չեն ստում, այլ ասում են միմիայն ճշմարտությունը:

Իսկ գուցե իշխանավորնե՞րն էին տարել Հիսուսի մարմինը: Սա էլ հավանական վարկած չէ: Նրանք Հիսուսին խաչեցին, որովհետև չէին ուզում, որ մարդիկ հավատան Նրան: Եթե Հիսուսի մարմինը իրենց մոտ լիներ, ապա ի ցույց կդնեին ժողովրդին, որպեսզի մարդիկ համոզվեն Հիսուսի խոսքերի ոչ ճշմարիտ լինելու մեջ: Ընդամենը մի գործողությամբ նրանք կկործանեին ողջ քրիստոնեությունն իր սաղմնավորման փուլում: Փաստը, որ կրոնական առաջնորդները չարեցին դա, հիմնավոր փաստրակ է այն բանի համար, որ Հիսուսի մարմինը նրանց մոտ չէր:

Ըստ մեկ այլ վարկածի՝ կանայք, ովքեր Հիսուսին առաջինն էին տեսել գերեզմանի մոտ, հնարավոր է, որ կորցրել էին առողջ բանականությունը և լինելով սարսափելի վշտահար՝ հայտնվել էին մեկ ուրիշ գերեզմանի մոտ: Հուսահատության ու սգի պատճառով նրանք երևակայական տեսիլքում են տեսել հարություն առած Քրիստոսին և Նրա դատարկ գերեզմանը… Սակայն եթե դա այդպես լիներ, ապա ինչո՞ւ քահանայապետերը և Քրիստոսի հավատքի հակառակորդները չգնացին ճիշտ գերեզմանի մոտ և ցույց չտվեցին մահացած մարմինը:

«Տղամարդիկ ու կանայք պատրաստ էին մեռնելու մի բանի համար, ինչի ճշմարտացիության մեջ համոզված էին և երբեք սուտ բանի համար մահվան չէին գնա»:

Առաջ է քաշվում մի այլ տարբերակ, որը կոչվում է «ուշագնացության տեսություն»: Ըստ այս տեսության՝ Քրիստոս իրականում չի մահացել: Նրան սխալմամբ մեռածի տեղ են դրել, բայց Նա ընդամենն ուշաթափված է եղել ուժասպառությունից, ցավից և արյան կորստից ու գերեզմանի սառնության մեջ ուշքի է եկել: (Այստեղ, չգիտես ինչու, անտեսվում է Հիսուսի կողը գեղարդով խոցելու փաստը, որը բժշկական տեսակետից հաստատում էր Նրա մահը):

Լավ, եկեք մի պահ ենթադրենք, թե Քրիստոս իսկապես ուշաթափվել էր և ոչ թե մահացել: Հնարավո՞ր է արդյոք, որ Նա այդպիսի վերքերով ու արնաքամությամբ երեք օր կարողնար դիմանալ ժայռափոր գերեզմանի մեջ՝ առանց ջրի, սննդի և խնամքի: Արդյո՞ք ուժ կունենար Իր ամուր պատանքից ազատվելու և ծանր քարը մի կողմ գլորելու համար, ինչպես նաև հռոմեացի զինվորների արգելքը հաղթահարելու և երկար կիլոմետրեր քայլելու համար…Այնպես որ, սա նույնպես տրամաբանական վարկած չէ:

Սակայն միայն դատարկ գերեզմանը չէ, որ Հիսուսի հետևորդների համար համոզիչ է դարձնում Նրա Աստված լինելը:

Ոչ միայն դատարկ գերեզմանը:

Աշակերտների համար դատարկ գերեզմանը դեռ բավարար համոզիչ ապացույց չէր Հիսուսի հարության, կենդանի լինելու և Աստված լինելու հարցում: Նրանց համոզեց հարությունից հետո Հիսուսի՝ մի քանի անգամ մարմնապես հայտնվելը, իրենց հետ հաց ուտելն ու խոսելը՝ տարբեր վայրերում, տարբեր ժամերին և տարբեր մարդկանց հետ: Ղուկաս Ավետարանիչը Հիսուսի մասին ասում է. «Որոնց էլ իր չարչարանքից հետո Իրեն կենդանի կանգնեցրեց շատ ապացույցներով՝ քառասուն օրվա ընթացքում երևալով նրանց և Աստծո Արքայության համար խոսելով»29:

Այս ամենը, որպես հալյուցինացիա ներկայացնելը, չի տեղավորվում առողջ բանականության սահմաններում: Պատճառներից մեկը վայրերի, մարդկանց և տարբեր ժամանակների բազմազանությունն է:
Հալյուցինացիա տեղի ունենալու համար մարդը պետք է խորապես ցանկանա տեսնել այն. օրինակ՝ որդուն կորցրած մայրը հիշում է, թե ինչպես էր որդին ամեն օր կոնկրետ ժամին տուն վերադառնում դպրոցից, և ամեն օր նույն ժամին նա նստում ու սպասում է որդու վերադարձին, մինչև, ի վերջո, տեսնում է նրան և սկսում զրուցել որդու հետ:

Սա այսպես էր, որովհետև կինը կորցրել էր իրականության զգացումը, մինչդեռ Հիսուսի բազմահազար հետևորդների դեպքում նման ցանկության հավանականությունը զրո է, հնարավոր չէ, որ այդքան տարբեր մարդիկ,տարբեր պահերի և տարբեր վայրերում միաժամանակ հալյուցինացիաներ ունենային:

Ոմանք կարծում են, թե նման մի բան է պատահել նաև Հիսուսի աշակերտների հետ՝ նկատի ունենալով վերջիններիս վերաբերմունքը Հիսուսի հարությանը: Սակայն հենց հակառակն է տեղի ունեցել: Նրանք իրենց կամքին հակառա՛կ համոզվեցին Հիսուսի հարության հարցում:

Արդյո՞ք Հիսուսն Աստված է:

Բոլոր չորս Ավետարանները անդրադառնում են հարությունից հետո Հիսուսի ֆիզիկապես ողջ լինելու փաստին:

Մի անգամ, երբ հարությունից հետո Հիսուս հայտնվեց աշակերտներին, Թովմասը նրանց հետ չէր: Երբ նրանք այդ մասին պատմեցին Թովմասին, նա չհավատաց և ասաց. «Եթե Նրա ձեռքերի բևեռների նշանը չտեսնեմ և իմ մատը չդնեմ բևեռների տեղը և իմ ձեռքը մտցնեմ Նրա կողը, չեմ հավատա»:

Մեկ շաբաթ անց Հիսուսը կրկին հայտնվեց նրանց: Այս անգամ Թովմասն աշակերտների հետ էր: Հիսուս դիմեց Թովմասին. «Բե՛ր քո մատն այստեղ և տե՛ս իմ ձեռքերը, և քո ձեռքը բե՛ր և իմ կողը մտցրու և մի՛ եղիր անհավատ, այլ՝ հավատացյալ»: Թովմասը պատասխանեց. «Ով իմ Տեր, և ով իմ Աստված»:

Հիսուսը նրան ասաց. «Որովհետեւ տեսար Ինձ՝ հավատացիր: Երանի նրանց, որ չեն տեսել և հավատում են»30:

Հիսուս Քրիստոսի առաջարկը քեզ…

Հիսուսը կյանքին իմաստ և ուղղություն է հաղորդում: «Ես եմ աշխարհի լույսը. ով Իմ հետևից գա, նա խավարում չի գնա, այլ կյանքի լույսը կընդունի»31:

Շատերն են կյանքի խավարում և շատերի կյանքն է խավարի մեջ: Նրանք, խարխափելով կյանքի սենյակում, այս ու այն կողմ են գնում՝ որոնելով լույսը միացնելու սեղմակը: Եթե երբևէ եղել եք մի անծանոթ և մութ սենյակում, ապա կհիշեք վտանգի այն զգացողությունը, որ ունեիք այդ պահին: Երբ լույսը միանում է, վերականգնվում է ապահովության զգացումը: Ճիշտ այս նույն զգացումն է ապրում մարդը, երբ խավարից հետո մուտք է գործում Քրիստոսի բերած լույսի մեջ:

Կարլ Գուստավ Յանգն ասում է. «Մեր ժամանակներում ընկճախտի հիմնական պատճառը դատարկությունն է»: Մենք կարծում ենք, թե կենսափորձը, հարաբերությունները, փողը, հաջողությունը և հանրաճանաչությունը մեզ կարող են պարգևել այն երջանկությունը, որին ձգտում ենք, սակայն այդ ամենից հետո միշտ մի դատարկություն մնում է: Երբեք այդ բոլորը մեր կյանքին ամբողջական բավարարվածություն չի տալիս: Մենք արարված ենք Աստծո համար, և մեր բավարավածությունը միայն Նրա մեջ է հնարավոր:

Հիսուսն ասում է. «Ես եմ կյանքի հացը. Ինձ մոտ եկողը չի սովի և Ինձ հավատացողը երբեք չի ծարավի»32:

Դուք կարող եք հենց հիմա մտերիմ հարաբերություն սկսել Աստծո հետ: Կարող եք սկսել այս կյանքում Նրան անձամբ ճանաչելու ընթացքը, որը կշարունակվի այս կյանքից հետո մեզ սպասող հավիտենության մեջ: Ահա՛ Աստծո խոստումը մեզ՝ «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»33:

Հիսուսը խաչի վրա Իր վրա վերցրեց մեր մեղքերը: Նա ընտրեց մեր մեղքերի համար և մեր փոխարեն պատիժ կրելու ուղին, որպեսզի մեղքն այլևս պատնեշ չլինի Նրա և մեր միջև: Քանի որ Նա ամբողջովին վճարել է մեր մեղքերի համար, ապա առաջարկում է մեզ ամբողջական ներում ընդունել և Իր հետ հարաբերություն հաստատել:

Ահա, թե ինչպես կարող եք Նրա հետ հարաբերություն սկսել:

Հիսուսն ասում է. «Ահա, դռան հետևում [Ձեր սրտի] կանգնած թակում եմ, եթե մեկը լսի Իմ ձայնը և բացի դուռը, ներս կմտնեմ նրա մոտ»34:

Հենց հիմա կարող ես հրավիրել Հիսուս Քրիստոսին քո կյանք: Բառերը կարևոր չեն, այլ քո արձագանքը Քրիստոսի առաջարկին, Նրա արած զոհաբերությանը և ամենին, ինչ Նա արել և անում է քեզ համար: Դիմի՛ր Նրան այս խոսքերով. «Հիսուս, ես հավատում եմ Քեզ: Շնորհակալ եմ իմ մեղքերի պատճառով խաչի վրա մահանալուդ համար: Խնդրում եմ՝ ների՛ր ինձ և արի՛ իմ կյանք հենց հիմա: Ես ուզում եմ ճանաչել Քեզ և դառնալ Քո հետևորդը: Շնորհակալ եմ իմ կյանքի մեջ մուտք գործելու և Քեզ հետ հարաբերությունն ինձ պարգևելու համար: Շնորհակալ եմ»:

Եթե խնդրեցիր Հիսուսին գալ քո կյանք, ապա մենք ուզում ենք օգնել քեզ Նրան ավելի լավ ճանաչել: Խնդրում ենք ՝սեղմի՛ր ներքևի հղումներից որևէ մեկի վրա և կարդա՛…

 Ես հենց նոր խնդրեցի Հիսուսին մուտք գործել իմ կյանք (հղումը պարունակում է որոշ օգտակար տեղեկություններ)…
 Ես, գուցե, խնդրեմ Հիսուսին մուտք գործել իմ կյանք: Խնդրում եմ՝ ավելի ամբողջական կերպով բացատրեք դա…
 Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ…

Մշակված է հետևյալ աղբյուրի հիման վրա՝ «Իմանալ թե ինչու ես հավատում» (ըստ Փոլ Ե. Լիթլի), հրատարակված Վիկտոր Բուքսի կողմից, հեղինակային իրավունք (c) 1988, ՍՊ Փաբլիքեյշնզ, Վիթոն, ԻԼ 60187. Օգտագործված է թույլտվությամբ:

Հղումներ: (1) Մատթեոս 7:29 (2) Մատթեոս 16:15-16 (3) Հովհաննես 5:18 (4) Հովհաննես 10:33 (5) Հովհաննես 10:10 (6) Հովհաննես 8:12 (7) Հովհաննես 5:24 (8) Հովհաննես 10:28 (9) Մարկոս 14:61-64 (10) Հովհաննես 8:19; 14:7 (11) 12:45; 14:9 (12) 12:44; 14:1 (13) Մարկոս 9:37 (14) Հովհաննես 15:23 (15) Հովհաննես 5:23 (16) Հովհաննես 10:38 (17) Հովհաննես 8:46 (18) Ա Պետրոս 2:22 (19) Մատթեոս 27:54 (20) Հովհաննես 9:25, 32 (21) Մարկոս 4:41 (22) Հովհաննես 11:48 (23) Հովհաննես 14:6 (24) Հովհաննես 8:12 (25) Հովհաննես 10:28 (26) Մարկոս 9:30 (27) Հովհաննես 10:18 (28) Մատթեոս 26:52,53 (29) Գործք 1:3 (30) Հովհաննես 20:24-29 (31) Հովհաննես 8:12 (32) Հովհաննես 6:35 (33) Հովհաննես 3:16 (34) Հայտնություն 3:20

Կիսվել ուրիշների հետ:  

TOP