Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր
Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր

Ինչո՞ւ է Աստվածաշունչը վստահելի

Իր բովանդակությամբ Աստվածաշունչն առանձնահատուկ տեղ է գրավում մյուս բոլոր «սուրբ գրվածքների մեջ»: Եկեք տեսնենք, թե ով է գրել այն, և ինչպես են Աստվածաշնչի տրամադրած տեղեկությունները հաստատվում հնագիտական բացահայտումներով և պատմական փաստերով:

Աստվածաշունչ. ո՞վ է գրել այն

Աստվածաշունչը գրվել է 1500 տարվա ընթացքում 40 հեղինակների կողմից: Ի տարբերություն մյուս կրոնական գրքերի՝ այն ընկալվում է որպես իրական դեպքերի, տեղանքի և տեղանունների, մարդկանց և իրադարձությունների մասին փաստերի աղբյուր: Պատմաբաններն ու հնագետները բազմաթիվ անգամ հաստատել են դրանում շարադրված փաստերի իսկությունը:

Հեղինակների սեփական գրելաոճն ու անհատական պատկերացումներն օգտագործելով՝ Աստված մեզ է փոխանցում Իր Էության և Ով լինելու մասին տեղեկատվությունը:

Մի հիմնական միտք կա, որը ակնառու կերպով առանձնանում է Աստվածաշնչի բոլոր 40 հեղինակների գրվածքներում՝ Աստված, Ով արարել է մեզ, փափագում է մեզ հետ ունենալ անձնական փոխհարաբերություն: Նա մարդուն կոչ է անում ճանաչել և վստահել Իրեն:

Աստվածաշունչը ոչ միայն ոգեշնչում է մեզ, այլև բացատրում կյանքն ու բացահայտում Աստծուն: Այն չի պատասխանում բոլոր հնարավոր հարցերին, սակայն հենց այստեղ կարող ենք գտնել մեր շատ հարցերի պատասխանները: Աստվածաշունչը սովորեցնում է մեզ ապրել իմաստալից, կարեկցանքով լի կյանքով, ցույց է տալիս մյուսների հետ փոխհարաբերությունների ճիշտ ուղին, քաջալերում է մեզ վստահել Աստծուն, զորանալ, վայելել Նրա առաջնորդությունն ու սերը, ինչպես նաև ցույց է տալիս հավիտենական կյանքի պարգևն ընդունելու ճանապարհը:

Բազմաթիվ ապացույցներ կան Աստվածաշնչի պատմական ճշգրտության և աստվածային հեղինակության հարցում: Ահա՛ մի քանի պատճառ, թե ինչու է Աստվածաշունչը վստահելի:

Հնագիտությունը հաստատում է Աստվածաշնչի պատմական ճշգրտությունը

Հնագետները պարբերաբար հայտնաբերում են տիրակալների, թագավորների, քաղաքների մասին տեղեկություններ, պարզում են անուններ, բացահայտում տոնակատարությունների մասին վկայություններ, որոնք նշված են Աստվածաշնչում: Հաճախ պատմաբանները չեն էլ ենթադրում, որ նման մարդիկ կամ քաղաքներ են գոյություն ունեցել: Օրինակ՝ Հովհաննեսի Ավետարանում նկարագրվում է, որ Հիսուս բժշկում է Բեթհեզդայի ավազանի մոտ պառկած մի անդամալույծի: Աստվածաշնչում նկարագրվում են անգամ ազավազանի մոտ գտնվող հինգ սրահները: Գիտնականները չէին կարծում, որ նման ավազան ընդհանրապես գոյություն է ունեցել, մինչև այն պահը, երբ հնագետները գտան այն՝ գետնից մոտ 12 մետր խորության վրա: Ավելին, ավազանն իրոք շրջապատված էր հինգ սրահներով1:

Աստվածաշունչը լի է պատմական՝ անթիվ-անհամար մանրամասներով, որոնք հաստատվել են հնագիտական բացահայտումներով: Պետք է նշել նաև, որ չի եղել այնպիսի մի հնագիտական հայտնագործություն, որը հակասի Աստվածաշնչի նկարագրություններին2:
Ի տարբերություն վերը ասվածի՝ լրագրող Լի Շտրոբելը հետևյալ մեկնաբանությունն է անում «Մորմոնի գրքի» վերաբերյալ. «Այս գրքում նկարագրված իրադարձությունները բացարձակապես չեն հաստատվում Ամերիկա աշխարհամասի հնագույն պատմության վերաբերյալ հնագիտական որևէ բացահայտմամբ: Հիշում եմ, որ մի անգամ Սմիթսոնյան ինստիտուտին հարցում կատարեցի, որպեսզի նրանք հաստատեն կամ մերժեն մորմոնականության պնդումները»: Հնագիտությունը երբեք չի հայտնաբերել այն վայրերը, անձանց, անունները կամ քաղաքները, որոնք նկարագրվում են «Մորմոնի գրքում»3:

Մինչդեռ Ղուկաս Ավետարանչի կողմից գրված «Գործք Առաքելոց» գրքում նկարագրված աշխարհագրական բոլոր տեղանուններն ու վայրերը հաստատվել են հնագիտական հայտնագործություններով: «Ընդհանուր առմամբ, Ղուկասը նշում է երեսուներկու երկրի, քառասունչորս քաղաքի և ինը կղզու անուն, որոնցից ոչ մեկը սխալ չի եղել»4:

Հնագիտությունը նաև հերքել է Աստվածաշնչի մասին բազմաթիվ անհիմն տեսություններ: Օրինակ՝ որոշ համալսարաններում դեռևս ուսուցանվում է այն տեսությունը, թե Մովսեսը չէր կարող գրած լինել «Հնգամատյանը» (Աստվածաշնչի առաջին հինգ գրքերը), քանի որ այդ ժամանակ գիրը դեռ հայտնագործված չէր, սակայն այս պնդումը անհիմն է, քանի որ հետագայում հնագետները հայտնաբերեցին Սև սյունը: «Դրա վրա հստակ երևում էին սեպագիր տառերը, որոնք կազմում էին շարադրանք, որը փոխանցում է Համուրաբիի Օրենքի մանրամասները: Արդյոք այն Մովսեսից հետո՞ է գրվել: Ո՛չ: Այն Մովսեսից և անգամ Աբրահամից առաջ է գրվել (Ք.ա. 2000թ.)»5

Հնագիտությունը պարբերաբար հաստատում է Աստվածաշնչի ճշգրտությունը

Սեղմեք այստեղ, որպեսզի ծանոթանաք որոշ ակնառու հնագիտական հայտնագործությունների մասին վկայող աղյուսակին:

Աստվածաշունչն այսօր էլ այն նույն բովանդակությունն ունի, ինչպիսին ունեցել է սկզբնական վիճակում:

Ոմանք կարծում են, թե Աստվածաշունչը, բազմաթիվ անգամներ թարգմանված լինելով, կարող է լի լինել սխալներով: Այս տրամաբանությունը հիմնավոր կլիներ, եթե այդ թարգմանությունները կատարվեին տարբեր աղբյուրներից, սակայն դրանք կատարվել են անմիջականորեն հունարեն, եբրայերեն և արամեերեն բնագրերից, որոնք հաստատվում են հազարավոր հին ձեռագրերով:

Մերօրյա Հին Կտակարանի ճշգրտությունը հաստատվել է նաև 1947 թվականի հնագիտական բացահայտումով, երբ գիտնականները սկսեցին ուսումնասիրել «Մեռյալ ծովի ձեռագրերը», որոնք հայտնաբերվել էին Իսրայելի՝ Արևմտյան ափ կոչվող տարածքում: «Մեռյալ ծովի ձեռագրերը» 1000 տարով ավելի հին են, քան գիտնականների ձեռքի տակ եղած ամենահին նմանատիպ ձեռագրերը: Ձեռագրերի համեմատությունը ցույց տվեց, որ նման ահռելի ժամանակաշրջանում մենք ունենք 99.5% համընկնում: Իսկ 0.5% տարբերությունը արտասանական և շարահյուսական երկրորդական շեղումներ են, որոնք չեն փոխում նախադասությունների իմաստն ու միտքը:

Ինչ վերաբերում է Նոր Կտակարանին, ապա այն համարվում է մարդկությանը հայտնի ամենավստահելի անտիկ գրականությունը:

Գրեթե բոլոր հին ձեռագրերը գրվել են պապիրուսների վրա, որոնք երկարակյաց ու դիմացկուն չէին, այդ իսկ պատճառով մարդիկ արտագրում էին դրանք, որպեսզի պահպանեն ու տարածեն:

Քչերն են կասկածի տակ դնում Պլատոնի «Հանրապետություն» աշխատությունը: Այն պատկանում է դասականների շարքին և գրվել է Ք.ա. 380 թվականին: Ամենահին պահպանված տարբերակը թվագրվում է Ք.հ. 900 թվականով, որը 1300 տարվա հեռավորություն ունի սկզբնական գրվածքից: Այս աշխատության ընդամենը յոթ օրինակն է պահպանվել:

Հուլիոս Կեսարի «Նոթեր Գալիական պատերազմի մասին» երկը գրվել է Ք.ա. 100-44թթ. ժամանակահատվածում: Մեզ հասանելի ձեռագրերը սկզբնական գրվածքից 1000 տարի հետո են գրվել: Դրանցից պահպանվել է ընդամենը տասն օրինակ:

Ինչ վերաբերում է Նոր Կտակարանին, ապա այն գրվել է Ք.հ. 50-100թթ. ընթացքում: Մեզ հասանելի է ավելի քան 5000 օրինակ: Բոլորը սկզբնական գրվածքներից 50-ից 225 տարվա հեռավորություն ունեն:
Սուրբ ձեռագրերի արտագրման հարցում վանականները մեծ բծախնդրություն էին ցուցաբերում: Նրանք ստուգում ու վերստուգում էին կատարված աշխատանքը, որպեսզի կատարյալ համապատասխանության մեջ լիովին վստահ լինեն: Նոր Կտակարանի հեղինակների սկզբնական գրվածքներն այնպիսի ճշգրտությամբ են փոխանցվել մեզ, որ ոչ մի այլ հին գրվածք չի կարող անգամ համեմատվել դրանց ճշգրտության հետ: Հիսուսի կյանքի և խոսքերի մասին ընթերցելիս մենք ավելի շատ կարող ենք վստահ լինել դրանց հավաստի լինելու մեջ, քան Հուլիոս Կեսարի, Պլատոնի, Արիստոտելի կամ Հոմերոսի գրվածքների հարցում:

Նոր Կտակարանի և այլ անտիկ գրվածքների համեմատությանը ծանոթանալու համար, սեղմեք այստեղ:

Ավետարաններում ներկայացված Հիսուսի մասին պատմությանը վստահելու ևս մի քանի պատճառ

Նոր Կտակարանի հեղինակներից չորսը փոխանցում են Հիսուսի կենսագրության սեփական տարբերակները: Դրանք կոչվում են Ավետարաններ և Նոր Կտակարանի առաջին չորս գրքերն են: Երբ պատմաբանները փորձում են բացահայտել Նրա կենսագրության իսկությունը, նրանք առաջ են քաշում հետևյալ հարցը՝ «Քանի՞ աղբյուր է տվյալ անձի մասին նույն մանրամասները հաստատում»:

Ահա, թե ինչպես է այդ ամենը կատարվում: Պատկերացրեք՝ ուսումնասիրում եք ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի կենսագրությունը: Բազմաթիվ աղբյուրներ եք ուսումնասիրում, որոնք նկարագրում են նրա ընտանիքը, նախագահական կառավարման տարիները, լուսնի վրա մարդ իջեցնելու նպատակը և Կուբայի հրթիռային ճգնաժամի հաղթահարման ջանքերը: Իսկ Հիսուսի դեպքում արդյո՞ք հանդիպում ենք Նրա կյանքի վերաբերյալ նույնանման փաստերի: Այո՛:
Ստորև ներկայացնում ենք Հիսուսի կյանքին վերաբերող այն փաստերը, որոնք հաստատվում են Նրա կենսագրությունը ներկայացնող հեղինակների կողմից:

  Մատթեոս Մարկոս Ղուկաս Հովհաննես
Հիսուս ծնվել է կույսից 1:18-25 - 1:27, 34 -
Նա ծնվել է Բեթլեհեմում 2:1 - 2:4 -
Ապրել է Նազարեթում 2:23 1:9, 24 2:51, 4:16 1:45, 46
Մկրտվել է Հովհաննես Մկրտչի կողմից   3:1-15 1:4-9 3:1-22 -
Բժշկության հրաշքներ է գործել 4:24, etc. 1:34, etc. 4:40, etc. 9:7
Քայլել է ջրի վրայով 14:25 6:48 - 6:19
Հինգ հացով ու երկու ձկով հինգ
հազար մարդու է կերակրել
14:7 6:38 9:13 6:9
Հասարակ մարդկանց էր սովորեցնում 5:1 4:25, 7:28 9:11 18:20
Ժամանակ էր անցկացնում մերժված մարդկանց հետ 9:10, 21:31 2:15, 16 5:29, 7:29 8:3
Կրոնական վերնախավի հետ
բանավեճերի էր բռնվում
15:7 7:6 12:56 8:1-58
Կրոնական վերնախավը դավեր էր
նյութում Նրան սպանելու համար
12:14 3:6 19:47 11:45-57
Նրանք Հիսուսին ձերբակալեցին ու
հանձնեցին հռոմեացիներին
27:1, 2 15:1 23:1 18:28
Հիսուսին մտրակահարեցին 27:26 15:15 - 19:1
Նրանք խաչեցին Հիսուսին 27:26-50 15:22-37 23:33-46 19:16-30
Դրեցին գերեզմանի մեջ 27:57-61 15:43-47 23:50-55 19:38-42
Հիսուսի հարություն առավ և
երևաց Իր աշակերտներին
28:1-20 16:1-20 24:1-53 20:1-31

Երկու Ավետարանների հեղինակները՝ Մատթեոսն ու Հովհաննեսը, անձամբ ճանաչել են Հիսուսին և երեք տարուց ավելի Նրա հետ են եղել բոլոր ճամփորդությունների ժամանակ: Մյուս երկու Ավետարանները գրվել են Մարկոսի ու Ղուկասի կողմից, որոնք առաքյալների անմիջական աշակերտներն են եղել: Այս հեղինակները իրենց գրվածքներում նկարագրված տեղեկությունները ստացել են «առաջին ձեռքից». այդ Ավետարանները գրելու ժամանակ Հիսուսին անձամբ տեսած ու լսած, Նրա կողմից իրագործված հրաշքների ու բժշկությունների ականատես մարդիկ դեռ կենդանի էին:

Այսպիսով՝ վաղ շրջանի եկեղեցու համար չորս Ավետարանները ընդունելի ու վստահության արժանի գրվածքներ էին, քանի որ դրանք շարադրում էին Հիսուսի կյանքի մասին այնպիսի փաստեր, որոնք համընդհանուր ընդունված էին եկեղեցիներում:

Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի Ավետարաններից յուրաքանչյուրը շարադրված է իրադարձությունների և ամենօրյա փաստերի հաջորդականության սկզբունքով, բայց յուրաքանչյուրը՝ սեփական տեսանկյունից. Յուրաքանչյուր հեղինակի նկարագրությունները յուրովի են, սակայն փաստերը՝ նույն և համահունչ:

Ավետարաններից մեկից բերված օրինակին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Ահա, թե ինչու են գրվել Ավետարանները

Հիսուսի մահվանն ու հարությանը հաջորդած տարիների ընթացքում Նրա գրավոր կեսագրությունն ունենալու կարիքը չկար: Երուսաղեմի շրջակայքում բնակվողները բավականին լավ ծանոթ էին Նրա ուսմունքին և Նրա հետ ու Նրա միջոցով կատարված իրադարձությունների6 վկաներն էին: Սակայն երբ քրիստոնեությունը սկսեց տարածվել ավելի հեռու վայրերում, որտեղ ականատեսներ գտնելն այդքան էլ դյուրին չէր, գրավոր աղբյուրների կարիք զգացվեց, որոնց օգնությամբ հնարավոր կլիներ մարդկանց ուսուցանել Հիսուսի կյանքի և ծառայության մասին:

Եթե ուզում ես ավելին իմանալ Հիսուսի մասին, ապա կարդա «Կույր հավատքից այն կողմ» հոդվածը, որը Նրա կյանքի ամփոփ քրոնիկոնն է:

Ինչպե՞ս են ընտրվել Նոր Կտակարանի գրքերը

Վաղ շրջանի եկեղեցին Նոր Կտակարանի գրքերն ընդունեց դրանց գրի առնվելուց գրեթե անմիջապես հետո: Արդեն նշեցինք, որ հեղինակները Հիսուսի մտերիմներն էին կամ Նրա անմիջական հետևորդները՝ մարդիկ, ում Հիսուս վստահել էր վաղ շրջանի եկեղեցու առաջնորդությունը:
Մատթեոս և Հովհաննես Ավետարանիչները Հիսուսի ամենամտերիմ հետևորդներից էին, իսկ Մարկոսն ու Ղուկասը՝ առաքյալների ուղեկիցները, որոնք Հիսուսի կյանքի մասին ամենահավաստի տեղեկատվությունն ունեին:

Նոր Կտակարանի մյուս հեղինակները նույնպես անմիջական առնչություն են ունեցել Հիսուսին: Հակոբոսն ու Հուդան Հիսուսի եղբայրներն էին, որոնք սկզբում չէին հավատացել Նրան: Պետրոսը տասներկու առաքյալներից մեկն էր: Պողոսը նախկինում եղել էր քրիստոնեության ոխերիմ թշնամիներից մեկը և կրոնական վերնախավի անդամ, սակայն հետագայում դարձել էր Քրիստոսի նվիրյալ հետևորդներից մեկը և ամբողջական համոզում ուներ Նրա հարության փաստի հարցում:

Նոր Կտակարանում շարադրված իրադարձությունները համահունչ էին այն ամենի հետ, ինչը տեսել էին հազարավոր ականատեսներ:

Երբ հարյուրավոր տարիներ անց Հիսուսի կյանքի մասին այլ գրքեր գրվեցին, եկեղեցու համար դժվար չէր փաստել դրանց ոչ հավաստի ու մոլորեցնող բնույթը: Օրինակ՝ Հուդայի «ավետարանը» գրվել է գնոստիկներ աղանդի կողմից Ք.հ. 130-170թթ. ժամանակահատվածում՝ Հուդայի մահից շատ տարիներ անց, Թովմասի «ավետարանը»՝ Ք.հ. 140 թվականին. սա կեղծ գրվածք է, որը կրում է իրական առաքյալի անունը: Այս և մյուս գնոստիկական «ավետարանները» հակասում են Հիսուսի հայտնի ուսուցումներին և Հին Կտակարանի վարդապետություններին, ինչպես նաև հաճախ պարունակում են բազմաթիվ պատմական և աշխարհագրական սխալներ7:

Ք.հ. 367 թվականին Աթանասիոսը պաշտոնապես ամրագրեց նորկտակարանյան 27 գրքերը, որոնք մենք այսօր ունենք, իսկ դրանից ոչ շատ ժամանակ անց Հիերոնիմոսն ու Օգոստիանոսը տարածեցին այդ ցանկը: Այս գրքերի հաստատումը, սակայն, այնքան էլ մեծ անհրաժեշտություն չէր քրիստոնյաների մեծամասնության համար, քանի որ նրանք առանց այդ էլ ընդունել և օգտվում էին հենց այդ գրքերից՝ սկսած Ք.հ. առաջին դարից:

Երբ Քրիստոսի եկեղեցին տարածվեց հունախոս տարածքներից այն կողմ, կարիք առաջացավ թարգմանել Աստվածաշունչը: Հատկապես, երբ հերձվածող աղանդները շարունակում էին հրապարակել իրենց սեփական մոլորեցնող գրականությունը, ավելի ու ավելի էր կարևորվում աստվածաշնչյան Գրքերի հստակ ցանկի տարածումը:

Պատմաբանները հաստատում են Հիսուսի մասին աստվածաշնչյան փաստերը

Մենք ոչ միայն ունենք Գրքերի լավ պահպանված օրինակները, այլև ունենք դրանց հաստատումը հրեական և հունական պատմիչների կողմից: Ավետարանները պատմում են, որ Հիսուս բազմաթիվ հրաշքներ է գործել, մահապատժի է ենթարկվել հռոմեացիների կողմից և հարություն է առել: Բազմաթիվ անտիկ պատմիչներ հաստատում են Հիսուսի և Նրա հետևորդների կյանքի աստվածաշնչյան մանրամասները:

Առաջին դարի հռոմեացի պատմիչ Կորռնելիուս Տակիտուսը (Ք.հ. 55-120թթ.) պատմաբանների կողմից ընդունված է որպես հին աշխարհի ամենավստահելի ու ճշգրիտ փաստեր ներկայացնող աղբյուրներից մեկը8: Նրա աշխատություններից մեկում կարդում ենք Ներոն կայսեր մասին հետևյալ խոսքերը. «Նա ամենադաժան չարչարանքների էր ենթարկում մարդկանց մի խմբի, որոնք քրիստոնյաներ էին կոչվում Քրիստոս անունը կրած մեկի պատվին, ով մահապատժի ծայրահեղ ձևին էր դատապարտվել Տիբերիոս կայսեր գահակալման ժամանակ մեր կուսակալներից մեկի՝ Պոնտացի Պիղատոսի կողմից»9:

Հրեա պատմիչ Փլավիոս Հովսեփոսը (Ք.հ. 38-100թթ.) Հիսուսի մասին իր «Հրեական հնախոսությունը» աշխատության մեջ գրում է. «Տեղեկանում ենք, որ Հիսուս մի իմաստուն մարդ էր, ով հերոսական գործեր գործեց, շատերին ուսուցանեց, բազմաթիվ հետևորդներ ունեցավ թե՛ հրեաների և թե՛ հույների շրջանում, շատերի կողմից ընդունվեց որպես Մեսիա, մեղադրվեց հրեա առաջնորդների կողմից, դատապարտվեց և խաչվեց Պիղատոսի կողմից և ընդունվում է որպես հարություն առած մեկը»10:

Սվետոնիոսը, Պլինիոս Կրտսերը և Թալլուսը ևս գրել են քրիստոնյաների հավատամքի և նաև հալածանքների մասին, ինչը լիովին համապատասխանում է Նոր Կտակարանի նկարագրություններին:

Նույնիսկ հրեական Թալմուդը, որը լի է Քրիստոսի նկատմամբ հակակրանքով, փաստում է Նրա կյանքի որոշ դրվագներ և թեև այդ փաստերը բացասական երանգավորում ունեն, սակայն հաստատում են իրողությունները Նրա մասին. «Հիսուսի մայրն իր ամուսնուց չէր հղիացել, որ Հիսուսը բազմաթիվ հետևորդներ է ունեցել, Իր մասին այնպիսի արտահայտություններ է արել, որ ավելի շատ աստվածահայհոյության են նման, հրաշքներ է գործել, սակայն այդ հրաշքները ոչ թե Աստծո զորության դրսևորումներն են եղել, այլ կախարդության արդյունք»11:

Սա հիշարժան տեղեկատվություն է, եթե հաշվի առնենք, որ հին աշխարհի բազմաթիվ պատմիչներ անդրադառնում էին ազդեցիկ քաղաքական և ռազմական առաջնորդների կյանքին, այլ ոչ թե Հռոմեական կայսրության ծայրամասերից մեկում գործող կրոնական ուսուցչի: Եվ հենց անտիկ ժամանակաշրջանի այս պատմիչները (հրեա, հույն և հռոմեացի)՝ չլինելով Քրիստոսի անմիջական հետևորդներ, բայց գրելով ժամանակի կարևոր իրադարձությունների, դեմքերի ու դեպքերի մասին՝ հաստատում են նորկտակարանյան իրադարձությունները:

Կարևո՞ր է արդյոք այն ամենի իսկությունը, ինչ Ավետարանները ներկայացնում են Հիսուսի ուսմունքի՝ քարոզների, խրատների, խորհուրդների ու կյանքի վերաբերյալ:

Այո՛: Որպեսզի հավատքն արժեք ունենա, այն պետք է հիմնված լինի փաստերի և իրականության վրա, և ահա՛, թե ինչու…
Եթե ինքնաթիռով թռչելու ես Լոնդոն, ապա թերևս հավատում ես, որ ինքնաթիռը տեխնիկապես սարքին է ու ապահովված անհրաժեշտ քանակությամբ վառելիքով, օդաչուն փորձառու է, և օդանավում չկան ահաբեկիչներ. սակայն քո հավատքը չէ, որ քեզ Լոնդոն է հասցնում: Հավատքը կարևոր է օդանավ մտնելու համար, բայց Լոնդոն հասցնողը՝ օդանավի հուսալիությունն է: Քո հավատքը կարող է բխել նախորդ թռիչքների դրական փորձառությունից, սակայն այդ փորձառությունը չէ, որ տվյալ ինքնաթիռը Լոնդոն է հասցնելու: Ո՞րն է քո հավատքի առարկան: Արդյոք այն վստահելի՞ է:

Արդյո՞ք Նոր Կտակարանը Հիսուսի կյանքի մասին տեղեկատվություն փոխանցող վստահելի և ճշգրիտ աղբյուր է:
Այո՛: Մենք կարող ենք վստահել Նոր Կտակարանին, քանի որ բազմաթիվ փաստացի ապացույցներ կան դրանում շարադրված իրողությունների իսկության վերաբերյալ:
Հոդվածում անդրադառնալով պատմական, հնագիտական և աշխարհագրական հաստատումներին, չորս Ավետարանների համահունչությանը, բնագրի կրկնօրինակների վստահելիությանն և թարգմանությունների ճշգրտությանը՝ ամուր հիմք ունենք հավատալու, որ այսօրվա մեր ընթերցածն այն է, ինչը գրված է սկզբնաղբյուր հեղինակների կողմից և հիմնված է իրական կյանքի և իրադարձությունների վրա:

Հատկանշական է Հովհաննես Ավետարանչի հետևությունը. «Հիսուսը ուրիշ շատ նշաններ էլ արեց իր աշակերտների առջև, որոնք գրված չեն այս գրքում։ Բայց սրանք գրվեցին, որ հավատաք, թե Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծո Որդին, և որ հավատալով կյանք ունենաք Նրա անունով»12:

 Ինչպես ճանաչել Աստծուն…
 Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ…

Հղումներ: (1) Շտրոբել, Լի. Հիսուսի գործը (Զոնդերվան հրատարակչություն, 1998թ.), էջ 132: (2) Ականավոր հրեա հնագետ Նելսոն Գլյուքը գրել է՝ «Բացարձակ ճշմարտություն կլինի պնդելն այն, որ ոչ մի հնագիտական բացահայտում երբևէ չի հակասել աստվածաշնչյան փաստերին»: Այս մեջբերումը կատարված է Ջոշ Մակ-Դաուելի կողմից: (3) Շտրոբել, էջեր 143-144: (4) Գայսլեր, Նորման Լ. Քրիստոնեական հավատքի ջատագովության Բեյքերի հանրագիտարան (Գրանդ Ռապիդս: Բեյքեր, 1998թ.). (5) Մակ-Դաուել Ջոշ, Փաստեր, որ դատավճռի կարիք ունեն (1972թ.), էջ. 19: (6) Տե՛ս Գործք 2:22, 3:13, 4:13, 5:30, 5:42, 6:14 և այլն: (7) Բրյուս, Ֆ. Ֆ. Գրքերն ու մագաղաթները. Ինչպես ունեցանք մեր անգլերեն Աստվածաշունչը (Ֆլեմինգ Հ. Ռեվել Ընկ., 1950թ.), էջ 113: (8) Մակ-Դաուել Ջոշ, Նոր փաստեր, որ դատավճռի կարիք ունեն (Թոմաս Նելսոն հրատարակչություն, 1999թ.), էջ 55. (9) Տակիտուս Ա. 15.44: (10) Վիկինս Մայքլ Ջ և Մորլենդ Ջ. Փ. Հիսուսը կրակահերթի ներքո (Զոնդերվան հրատարակչություն, 1995թ.), էջ 40. (11) Նույնը. (12) Հովհաննես 20:30,31

Կիսվել ուրիշների հետ:  

TOP