Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր
Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր

Փոխված կյանքի աղբյուրը

Երբևէ ինքդ քեզ ասած կա՞ս՝ ատում եմ կյանքս… Այս հոդվածը կյանքդ հավիտյան փոխելու մասին է:

Հոդվածը՝ Ջոշ Մակ-Դաուելի

Ես երջանկություն էի փափագում: Ես ուզում էի դառնալ աշխարհի երջանկագույն մարդկանցից մեկը և կյանքս լցնել իմաստով… Ես պատասխաններ էի փնտրում հարցերիս՝

  • Ո՞վ եմ,
  • Ի՞նչ եմ անում այս աշխարհում,
  • Ո՞ւր եմ գնում:

Ավելին, ես ուզում էի նաև ազատ լինել՝ դառնալ աշխարհի ամենաազատ մարդկանցից մեկը: Ազատությունն, իմ պատկերացմամբ, այն չէր, որ մարդն աներ իր ուզածը (բոլորն էլ դա կարող են անել), ազատությունն, ըստ իս, այն էր, որ մարդը կարողանա անել այն, ինչը պե՛տք է արվի: Մարդկանց մեծամասնությունը գիտի, թե ինչ պետք է անի, սակայն դա անելու զորություն չունի: Այսպիսով՝ ես սկսեցի փնտրել հարցերիս պատասխանները:

Որտե՞ղ կարող եմ դրական փոփոխություն գտնել…

Իմ շրջապատում գրեթե բոլորը ինչ-որ կրոնական ուղղության մեջ էին: Դա տեսնելով՝ որոշեցի ինքս էլ եկեղեցի գնալ: Հավանաբար սխալ եկեղեցի էի ընտրել, քանի որ դրանից հետո ինձ ավելի վատ զգացի: Եկեղեցի էի գնում առավոտյան, կեսօրին ու երեկոյան, սակայն՝ անօգուտ: Ոչինչ ինձ չէր օգնում: Լինելով գործնական մարդ, երբ ինչ-որ բան չի աշխատում, ես այն մի կողմ եմ դնում. այդպես արեցի նաև այս դեպքում՝ կրոնը մի կողմ դրեցի…

Հետո սկսեցի մտածել՝ միգուցե հեղինակավո՞ր դառնամ և այդպե՞ս գտնեմ հարցերիս պատասխանները: Ենթադրում էի, թե առաջնորդ դառնալը, գործերին նվիրվելն ու հայտնիություն ձեռք բերելը կօգնեն ինձ: Մեր համալսարանում առաջնորդ ուսանողները շուրջբոլորը տարածում էին իրենց ազդեցությունը և վերահսկողություն սահմանում:
Շուտով՝ առաջին կուրսում, ես դարձա կուրսի ավագի թեկնածու, իսկ հետո նաև՝ ընտրվեցի: Հրաշալի էր բոլորի կողմից ճանաչված լինելը, որոշումներ կայացնելը, համալսարանի գումարները քո ուզած բանախոսներին հրավիրելու համար ծախսելը և այլն: Այդ ամենը հրաշալի էր, բայց… դրանից նույնպես հոգնեցի, ինչպես դրանից առաջ եղածներից: Երկուշաբթի առավոտներն արթնանում էի (սովորաբար գլխացավով՝ որպես հետևանք նախորդ գիշերվա) և դառնությամբ մտածում. «Դե, ևս հինգ օր….»: Ես տառապում էի երկուշաբթիից ուրբաթ, իմ երջանկությունը շաբաթվա մեջ ընդամենը երեք գիշերներն էին՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի… Հետո կրկին սկսվում էր անտանելի օրերի շրջանը:

Փնտրելով կյանքի դրական փոփոխություններ…

Կարծում եմ ՝ համալսարանների ու քոլեջների ուսանողներից քչերն են ինձնից ավելի անկեղծորեն փորձել գտնել կյանքի իմաստը, ճշմարտությունն ու նպատակը:

Որոնումներիս այդ շրջանում նկատեցի մարդկանց՝ ութ ուսանողից և երկու դասախոսից բաղկացած մի փոքրիկ խմբի, որը բավականին տարբերվում էր մյուսներից: Նրանց կյանքը նման չէր ուրիշներին: Թվում էր՝ այս մարդիկ հստակ գիտեն, թե ինչի՛ են հավատում և ինչու՛ են հավատում: Նաև թվում էր՝ գիտեն, թե ուր են գնում:

Այս մարդիկ ոչ միայն խոսում էին սիրո մասին, այլ ապրում էին այդպես: Այնպիսի տպավորություն էր, թե նրանք համալսարանական կյանքի իրավիճակներից վեր են: Մինչ մյուսներն, ասես, ծանր ճնշումների տակ էին, նրանք վստահ էին, խաղաղ և չէին ճնշվում տարբեր իրավիճակներում: Նրանց ներսում, ասես, ուրախության մի ներքին ու հաստատուն աղբյուր կար: Այդ երջանկությունը նախանձելիորեն տեսանելի էր: Նրանք ունեին մի բան, որն ինձ մոտ չկար:

«Ազատությունն, ըստ իս, այն էր, որ մարդը կարողանա անել այն, ինչը պե՛տք է արվի: Մարդկանց մեծամասնությունը գիտի, թե ինչ պետք է անի, սակայն դա անելու զորություն չունի»:

Սովորական, միջին վիճակագրական ուսանողի պես, ես էլ ցանկացա ունենալ այն, ինչ ունեին ուրիշները և որոշեցի ընկերանալ այդ արտասովոր մարդկանց հետ: Այս որոշումն ընդունելուց երկու շաբաթ անց մենք միասին նստած էինք սեղանի շուրջ և զրուցում էինք. թեման Աստծո մասին էր:

Հարցնելով կյանքի դրական փոփոխությունների մասին…

Նրանք ինձ հանգիստ չէին տալիս…Արտաքուստ հանգիստ ձևանալով (չէի ուզում, որ նկատեն հետաքրքրվածությունս)՝ նայեցի ուսանողուհիներից մեկին՝ մի գեղեցկադեմ կնոջ (չգիտես ինչու մտածում էի, թե հավատքի մարդիկ տգեղ պետք է լինեն) ու հարցրեցի.
- Ասացեք, խնդրեմ, ի՞նչն է փոխել ձեր կյանքը: Ինչո՞ւ եք դուք այսքա՜ն տարբեր մյուսներից:

Այդ երիտասարդ կինը պետք է որ մեծ համոզում ունենար իր ներսում. նա նայեց ուղիղ աչքերիս մեջ և ընդամենը երկու բառ ասաց, որոնք երբեք չէի պատկերացնի, թե կլսեմ համալսարանում որպես խնդիրների լուծման ուղենիշ.
- Հիսուս Քրիստոս:

- Օ՜, Աստծո սիրուն, նորից մի՛ խոսեք կրոնական աղբի մասին: Ես մինչև կոկորդս կուշտ եմ դրանից: Կուշտ եմ եկեղեցուց, կուշտ եմ Աստվածաշնչից: Մի՛ փորձեք ինձ կերակրել կրոնական այդ աղբով,- ասացի ես:

Նա արագ հակադարձեց.
- Հե՛յ, ես չասացի կրոն, ես ասացի՝ Հիսուս Քրիստոս…
Նա հայացքս ուղղեց մի բանի վրա, որի մասին մինչ այդ գաղափար անգամ չունեի. քրիստոնեությունը կրոն չէ: Կրոնն այն է, երբ մարդիկ դեպի Աստված իրենց ճանապարհը փորձում են հարթել իրենց բարի գործերի միջոցով, մինչդեռ քրիստոնեության իմաստն այն է, որ Աստված եկավ մարդկանց մոտ Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի նրանց Իր հետ հարաբերվելու հնարավորություն ընձեռի:

Ամենայն հավանականությամբ, համալսարաններում քրիստոնեության մասին սխալ պատկերացում ունեցողներն ավելի շատ են, քան որևէ այլ վայրում:
Որոշ ժամանակ առաջ մի դասախոսի էի հանդիպել, ով սեմինարներից մեկի ժամանակ ասաց. «Ցանկացած մեկը, ով գնում է եկեղեցի, դառնում է քրիստոնյա»: Նրա՝ այս խոսքերին ի պատասխան ասացի. «Իսկ եթե մեկը մտնում է ավտոտնակ, ի՞նչ է դառնում, միգուցե ավտոմեքենա՞…»:
Ես արդեն գիտեի, որ քրիստոնյա դառնում են, երբ անկեղծորեն հավատում են Քրիստոսին:

Քրիստոնեության շուրջ մտորումներիս ընթացքում նոր ընկերներս ուղղորդեցին ինձ տրամաբանորեն քննելու Հիսուսի կյանքը: Ինձ համար պարզ էր, որ Մուհամեդը, Բուդդան և Կոնֆուցիոսը երբեք չէին պնդել, թե իրենք Աստված են, բայց Հիսուս հենց դա էր արել: Ընկերներս խորհուրդ տվեցին ուսումնասիրել Քրիստոսի՝ Աստված լինելու ապացույցները: Նրանք համոզված էին, որ Հիսուս Քրիստոս Աստված է՝ մարդկային մարմնում, Ով մարդկության մեղքերի պատճառով մեռավ խաչի վրա, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ և այժմ կարող է մարդկանց կյանքերը փոխել:

Ինձ համար այս ամենը զվարճալի էր. ես կարծում էի, թե քրիստոնյաների մեծամասնությունը տգետ է: Այս կարծիքը ձևավորվել էր նրանցից ոմանց հետ ունեցած իմ անձնական փորձառության արդյունքում: Սովորաբար սպասում էի, որ քրիստոնյաներից մեկը խոսի դասերի ժամանակ, ու ես ջախջախեմ նրան իմ հարցերով ու հիմնավորումներով, ինչը տեղի էր ունենում նաև քրիստոնյա դասախոսների պարագայում: Ըստ իս՝ քրիստոնյաների ուղեղի բջիջները մեռնում էին անգործությունից: Սա էր իմ պատկերացումը:

Սակայն այս մարդիկ անընդհատ ինձ մարտահրավեր էին նետում: Եվ վերջապես, ես ընդունեցի նրանց մարտահրավերը: Մարտահրավերն ընդունելու շարժառիթն իմ հպարտությունն էր և նրանց հիմնավորումները հերքելու ձգտումս: Համոզված էի, որ նրանց պնդումների համար չկա ոչ մի փաստացի ապացույց…

«Քրիստոնեության շուրջ մտորումներիս ընթացքում նոր ընկերներս ուղղորդեցին ինձ տրամաբանորեն քննելու Հիսուսի կյանքը»:

Ամիսների ուսումնասիրություններից հետո եկա այն եզրահանգման, որ Հիսուս Քրիստոս հենց այնպիսինն է, ինչպիսին Ինքն է Իրեն ներկայացնում, բայց այս եզրահանգումը մի շարք խնդիրներ ծնեց իմ մեջ. միտքս ասում էր, որ այս ամենը ճիշտ է, բայց կամքս ինձ այլ ուղղությամբ էր տանում:

Հայտնաբերեցի, որ քրիստոնյա դառնալն ավելի շուտ ես-ը ջախջախել է նշանակում:
Հիսուս Քրիստոս ուղղակիորեն խոսում էր իմ կամքի հետ և դրդում, որ վստահեմ Իրեն: Նրա խոսքերը հնչում էին ճիշտ այսպես. «Ահա, կանգնած եմ դռան հետևում և թակում եմ: Եթե մեկը լսի ձայնը և բացի դուռը, ես կմտնեմ նրա մոտ…» (Հայտնություն 3:20):
Ինձ այդքան էլ չէր հետաքրքրում Հիսուսի ջրի վրայով քայլելը կամ ջուրը գինի դարձնելը: Ես չէի ուզում, որ մարդիկ ինձ ինչ-որ բան համոզեն ու ազդեն որոշումներիս վրա: Ժամանակը կործանելու ավելի լավ և արագ միջոց, քան սա էր, պատկերացնելն անհնարին էր:
Այսպիսով՝ միտքս ինձ ասում էր, որ քրիստոնեությունը ճշմարտություն է, իսկ կամքս փախչում էր այդ ճշմարտությունից:

Գիտակցելով, որ ատում եմ կյանքս…

Անհնարին էր, որ հանդիպեի այս խանդավառ քրիստոնյաներին, և չսկսվեր բանավեճը: Եթե երբևէ եղել եք երջանիկ մարդկանց միջավայրում, երբ ինքներդ թշվառ վիճակում եք, ապա լավ կիմանաք, թե ինչպես են նրանք նյարդայնացնում ձեզ: Նրանք այնքա՜ն երջանիկ էին, իսկ ես այնքա՜ն թշվառ, որ բառացիորեն վեր էի կենում և փախչում ուսանողական խորհրդի այդ սենյակից: Այս ամենը հասավ այնտեղ, որ ժամը տասին պառկում էի քնելու, սակայն չէի կարողանում քնել մինչև առավոտյան չորսը: Գիտեի, որ այս ամենը պետք է մտքիցս դուրս հանեմ, քանի դեռ չեմ խելագարվել, բայց… Արդյունքը եղավ այն, որ իմ միտքն ու սիրտը միաբանվեցին… 1959 թվականի դեկտեմբերի 19-ի երեկոյան 8:30-ին՝ իմ սովորելու երկրորդ տարում, ես դարձա քրիստոնյա:

Այդ երեկո ես աղոթեցի չորս բանի համար, որ փոխեց կյանքս: Իմ նպատակը Հիսուս Քրիստոսի հետ անձնական հարաբերություն հաստատելն էր: Նախ ես ասացի. «Տեր Հիսուս, շնորհակալ եմ, որ խաչի վրա մահացար իմ փոխարեն»,- հետո շարունակեցի,- «Ես խոստովանում եմ. իմ կյանքում շատ կան բաներ, որոնք հաճելի չեն Քեզ: Խնդրում եմ, որ ներես ու մաքրես ինձ»: Երրորդ բանը, որ խնդրեցի, սա էր. «Հենց հիմա, լավագույնս գիտակցելով, թե ինչու, ես բացում եմ Քո առջև իմ սրտի դուռը և վստահում եմ Քեզ որպես իմ կյանքի Տիրոջ և Փրկչի: Խնդրում եմ՝ կյանքիս վերահսկողությունը վերցնես ձեռքերիդ մեջ: Փոխի՛ր ինձ ամբողջովին: Դարձրու՛ ինձ այնպիսին, ինչպիսին արարել ես, որ լինեմ»:- Իմ աղոթքը վերջացրեցի այսպես. «Շնորհակալ եմ, որ հավատքի շնորհիվ եկար իմ կյանք»: Այս ամենը արդյունք էր մի հավատքի, որը ոչ թե հորինվածքների վրա էր հիմնված, այլ՝ պատմական փաստերի և Աստծո Խոսքի:

Համոզված եմ, որ հանդիպած կլինեք տարբեր կրոնական մարդկանց, ովքեր կիսվել են Ձեզ հետ աղոթելու՝ իրենց գերբնական փորձառությամբ: Ասեմ, որ իմ աղոթքից հետո ոչինչ ինձ հետ տեղի չունեցավ, մինչ օրս էլ մեջքիս թևեր չեն աճել, ավելին, այս որոշումը կայացնելուց հետո ավելի վատ զգացի: Ինձ թվում էր՝ ուր որ է կփսխեմ: Ինքս ինձ ասում էի. «Այս ի՞նչ ճահճի մեջ ընկար»: Իրոք, զգացում ունեի, թե արդեն իսկ կործանվել եմ (և համոզված եմ, որ որոշ մարդիկ իմ մասին հենց այդ կարծիքն ունեն մինչ հիմա):

Աստված և կյանքի փոփոխությունը՝ դրական փոփոխությունը…

Վեց ամսից մինչև մեկ ու կես տարի ընկած ժամանակահատվածում աստիճանաբար հասկացա, որ այս ամենն ինձ դեպի կործանում չի տանում: Իմ կյանքը փոխվել էր…
Մի օր բանավեճի բռնվեցի համալսարանի պատմական ֆակուլտետի դեկանի հետ, երբ ասացի, որ կյանքս փոխվել է: Նա ինձ ընդհատեց.
- Մակ-Դաուել, դու փորձում ես մեզ ասել, որ Աստված փոխե՞լ է քո կյանքը, այն էլ քսաներորդ դարո՞ւմ: Ո՞ր բնագավառներում:
Երբ սկսեցի պատասխանել նրա հարցերին, քառասունհինգ րոպե հետո ասաց.
-Լավ, հերիք է…
Թույլ տվեք ձեզ հետ կիսվել որոշ բաներով, որոնք ես այն օրն ասացի լսարանում:

«Վեց ամսից մինչև մեկ ու կես տարի ընկած ժամանակահատվածում աստիճանաբար հասկացա, որ այս ամենն ինձ դեպի կործանում չի տանում: Իմ կյանքը փոխվել էր…»:

Կյանքիս բնագավառներից մեկը, որը փոխվել էր, ներքին խաղաղությունն էր: Առաջ ես անընդհատ զբաղված էի ինչ-որ բաներով. երբ հենց այնպես քայլում էի համալսարանի բակում, միտքս նմանվում էր փոթորկի, որ աջուձախ վիճաբանություններ է շպրտում, երբ նստում էի գրասեղանի առջև՝ դաս սովորելու, միտքս այս ու այն կողմ էր փախչում… Քրիստոսին Տեր ընդունելուց մի քանի ամիս անց իմ մոտ մի յուրօրինակ մտային խաղաղություն զարգացավ: Ինձ ճիշտ հասկացեք: Ես չեմ խոսում անհանգստությունների բացակայության մասին: Հիսուս Քրիստոսի հետ հարաբերությունը չի նշանակում խնդիրների բացակայություն, այլ՝ դրանք հաղթահարելու ունակություն: Աշխարհում չկա մի բան, որի հետ սա ուզենամ փոխել:

Իմ կյանքի փոփոխության մեկ այլ բնագավառ էր բարկությունը: Նախկինում, երբ ինչ-որ մեկն ինձ խոժոռ էր նայում, բախվում էր կոշտ արձագանքիս: Մարմնիս վրա դեռ կան այն սպիները, որոնք հիշեցնում են առաջին կուրսում մի տղայի հետ ծեծկռտուքի մասին, որին քիչ էր մնում սպանեի: Բարկությունս իմ անձի մի այնպիսի անբաժանելի մասն էր, որ չէի էլ ձգտում գիտակցաբար այն փոխել: Սակայն մի անգամ, ճգնաժամային մի պահի, երբ պետք է ափերիցս դուրս գայի, հանկարծ զգացի, որ այլևս չունեմ նախկին բարկությունը… Այս տասնչորս տարիների ընթացքում ընդամենը մեկ անգամ եմ ափերից դուրս եկել, և երբ այդ անգամ թափեցի բարկությանս բաժակը, հասկացա, որ այն լցվել էր վեց տարի շարունակ…

Դրական փոփոխություն ատելության հարցում…

Եվս մի բնագավառ կա, որտեղ հպարտանալու բան չունեմ, բայց անդրադառնում եմ դրան, որովհետև շատ մարդիկ կարիք կունենան վերապրելու այն փոփոխությունը, որը ես եմ ունեցել:
Այդ փոփոխության աղբյուրը Հիսուս Քրիստոսի հետ հարաբերությունն է…
Իմ կյանքի այդ ոլորտը ատելությունն էր: Ատելություն շատ ունեի… Այն դրսից երևացող մի բան չէր, բայց ներսից հսկայական ծանրություն էր: Ես ատում էի մարդկանց, իրերը, դեպքերը…

Սակայն մի մարդու բոլորից շատ էի ատում՝ հորս: Ես ատում էի նրա հետ կապված ամեն բան: Ինձ համար նա քաղաքի ամենաստոր հարբեցողներից մեկն էր: Բոլորը գիտեին, որ հայրս հարբեցող է: Ընկերներս ծաղրական կատակներ էին անում նրա մասին և չէին գիտակցում, որ դա խոցում է ինձ: Արտաքուստ նրանց հետ ծիծաղում էի, բայց ներսումս լաց էր ու ողբ: Պատահում էր, որ գնում էի գոմ և այնտեղ գտնում դաժանաբար ծեծված մորս, որը նույնիսկ ոտքի ելնելու ուժ չէր ունենում: Նա այդպես ծեծված, ընկած էր լինում գոմաղբի մեջ, կովերի հետևում…. Հետագայում, երբ մենք հյուրեր էինք ունենում, ես հորս տանում էի ցախատուն, նրան կապում այնտեղ, իսկ մեքենան թաքցնում դեզի հետևում: Մենք հյուրերին ասում էինք, որ հայրս տանը չէ, տեղ է գնացել… Չեմ կարծում, որ ինչ-որ մեկն իր հորն ավելի շատ ատած լինի, քան ես:

Քրիստոսին Տեր ընդունելուց հետո, երբ Նա մուտք գործեց իմ կյանք, Նրա սերն այնքա՜ն զորեղ էր, որ վերցրեց իմ ներսի ողջ ատելությունը և տանկուվրա արեց ամեն բան: Ես ընդունակ եղա ուղիղ նայել հորս աչքերի մեջ և ասել. «Հայրի՛կ, ես սիրում եմ քեզ»…
Ես իսկապե՛ս լցվել էի սիրով:
Նրա հանդեպ իմ որոշ արածներից հետո հայրս ուղղակի ցնցված էր:

«Քրիստոսին Տեր ընդունելուց հետո, երբ Նա մուտք գործեց իմ կյանք, Նրա սերն այնքա՜ն զորեղ էր, որ Նա վերցրեց իմ ներսի ողջ ատելությունը և տանկուվրա արեց ամեն բան»:

Երբ շարունակում էի կրթությունս մասնավոր համալսարանում, մի բավականին լուրջ ավտովթարի ենթարկվեցի: Ինձ տուն տարան պարանոցս անշարժացրած վիճակում: Երբեք չեմ մոռանա այն պահը, երբ հայրս մտավ իմ սենյակ: Նա հարցրեց. «Տղա՛ս, ինչպե՞ս կարող ես սիրել իմ նման հորը»: Ես պատասխանեցի. «Հայրի՛կ, վեց ամիս առաջ ես զզվում էի քեզնից»: Հետո կիսվեցի նրա հետ Քրիստոսի մասին ունեցած իմ եզրահանգումներով. «Հա՛յր, ես թույլ տվեցի, որ Հիսուս մուտք գործի իմ կյանք: Ես լրիվ չեմ կարող դա քեզ բացատրել, բայց այդ հարաբերության արդյունքը եղավ այն, որ ես ընդունակ եմ սիրել ոչ միայն քեզ, այլև բոլոր մարդկանց: Ես ընդունում եմ նրանց այնպիսին, ինչպիսին նրանք կան»:

Քառասունհինգ րոպե հետո ես ապրեցի իմ կյանքի ամենամեծ հուզմունքը. իմ հայրը, իմ ընտանիքի այն անդամը, ով շատ լավ գիտեր, որ չեմ կարող իր աչքից փուշ հանել, հանկարծ ասաց ինձ. «Տղա՛ս, եթե Աստված կարող է անել իմ կյանքում այն, ինչ արել է քո կյանքում, ապա ես ուզում եմ Նրան տալ այդ հնարավորությունը»:
Հենց այդտեղ հայրս աղոթեց ինձ հետ և Հիսուսից իր մեղքերի համար թողություն խնդրեց:

Սովորաբար փոփոխությունները երևում են օրեր, շաբաթներ, ամիսներ և անգամ տարիներ անց, սակայն հորս կյանքը փոխվեց հենց աչքիս առջև, գրեթե ակնթարթորեն: Դա նման էր նրան, որ ինչ-որ մեկը գար ու միացներ լույսը: Ո՛չ դրանից առաջ և ո՛չ էլ դրանից հետո ես երբեք չեմ տեսել նման վայրկենական փոփոխություն: Այդ դեպքից ի վեր հայրս միայն մեկ անգամ է դիպչել վիսկիին. նա բաժակն ընդամենը մոտեցրեց շուրթերին, բայց չխմեց:
Հետևությունս հետևյալն էր՝ Հիսուս Քրիստոսի հետ հարաբերությունը փոխում է մարդկանց կյանքը:

Կյանքի փոփոխություն, դրական փոփոխություն…

Կարող եք ծիծաղել քրիստոնեության վրա, կարող եք ծաղրել և հեգնել այն, սակայն քրիստոնեությունն իրական է: Այն կյանքեր է փոխում: Եթե վստահես Քրիստոսին, կտեսնես քո մոտեցումների և սկզբունքների փոփոխությունը, որովհետև Հիսուս Քրիստոս կյանքեր է փոխում:

Սակայն քրիստոնեությունը չենք կարող ստիպողաբար փաթաթել ինչ-որ մեկի վզին: Այն ամենն, ինչ կարող ենք անել, մեր փորձառությամբ կիսվելն է: Մնացածը Ձեր որոշումն է:

Գուցե այն աղոթքը, որով ես աղոթեցի, օգնի՞ քեզ. «Տե՛ր Հիսուս, ես Քո կարիքն ունեմ: Շնորհակալ եմ խաչի վրա իմ փոխարեն մեռնելու համար: Ների՛ր ինձ և մաքրի՛ր ինձ: Հենց հիմա ես ընդունում եմ Քեզ՝ որպես իմ կյանքի Տեր և Փրկիչ: Դարձրու՛ ինձ այնպիսին, ինչպիսին ստեղծել ես, որ լինեմ: Հիսուս Քրիստոսի անունով: Ամեն»:

 Ես հենց նոր խնդրեցի Հիսուսին մուտք գործել իմ կյանք (հղումը պարունակում է որոշ օգտակար տեղեկություններ)…
 Ես, գուցե, խնդրեմ Հիսուսին մուտք գործել իմ կյանք: Խնդրում եմ՝ ավելի ամբողջական կերպով բացատրեք դա…
 Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ…

Ջոշ Մակ-Դաուելը միջազգայնորեն ճանաչված խոսնակ է՝ բազմաթիվ գրքերի հեղինակ, Կամպուս Քրուսեյդի ճամփորդող ներկայացուցիչ: Նա ավելի քան հիսուն գիրք է հեղինակել, որոնցից են «Ավելի քան հյուսն» և «Փաստ, որ դատավճռի կարիք ունի» գրքերը:

Կիսվել ուրիշների հետ:  

TOP