Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր
Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր

Որտե՞ղ է Աստված դժբախտության ժամանակ

Երբևէ տվե՞լ ես այս հարցը՝ որտե՞ղ ես, Տե՛ր: Ի՞նչ կարող է Աստված անել քեզ համար:

Հոդվածը՝ ըստ Մերլին Ադամսոնի

Որքանո՞վ կարող ենք վստահել Աստծո հնարավոր օգնությանը: Արդյո՞ք Նա իրականում այնպիսինն է, ում օգնությանը կարող ենք դիմել թե՛ ճգնաժամային, թե՛ խաղաղության պահերին:

Ո՞վ է Աստված

Աստված տիեզերքի Արարիչն է, Ով փափագում է, որ մենք ճանաչենք Իրեն: Այս պատճառով է, որ մենք այստեղ ենք: Նրա կամքն է, որ մենք հույս դնենք Նրա զորության վրա ու վերապրենք Նրա սերը, արդարությունը, սրբությունն ու կարեկցանքը: Եվ այսպես, Նա բոլոր հոժարակամ մարդկանց ասում է՝ «Եկե՛ք Ինձ մոտ...»:

Ի տարբերություն մեզ՝ Աստված գիտի, թե ինչ է լինելու վաղը, հաջորդ շաբաթ, մյուս տարի և նույնիսկ գալիք տասնամյակներում: Նա ասում է. «Հիշե՛ք առաջինները ի հավիտենից, որովհետև Ես եմ Աստված, և ուրիշ աստված չկա»1: Աստված գիտի, թե ինչ է տեղի ունենալու աշխարհում և գիտի նաև, թե ի՛նչ է կատարվելու մեր կյանքում: Նա պատրաստ է մեր կողքին կանգնելու, եթե ընտրենք Նրան որպես մեր կյանքի Տեր: Տերն ասում է, որ երբ անկեղծորեն ձգտենք Իրեն, ապա Ինքը կլինի մեր «ապավենն ու զորությունը և նեղությունների մեջ շատ օգնական լինել մեզ»2: Նա ասում է. «Եվ դուք Ինձ կորոնեք և կգտնեք, որովհետև Ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտով»3:

Որտե՞ղ է Աստված դժվարությունների ժամանակ

Այնպես չէ, որ Աստծուն ճանաչող մարդկանց կյանքում չեն լինում դժվարին ժամանակներ: Երբ ահաբեկչական հարձակումը մահ ու տառապանք է սփռում, շատ հնարավոր է, որ դրանից տուժեն նաև Աստծուն ճանաչող մարդիկ, բայց Աստծո ներկայության մեջ խաղաղություն և զորություն կա: Հիսուս Քրիստոսի հետևորդներից մեկն այսպես է ասում. «Ամեն բանի մեջ նեղված ենք, բայց չենք ճնշված, կարոտ ենք, բայց չենք տարակուսել, հալածուած, բայց երեսից չընկած, վայր ընկած, բայց չկորած»4: Իրականությունն այն է, որ մենք բախվելու ենք կյանքի խնդիրներին, բայց եթե այդ ամենի միջով անցնենք Աստծո հետ միասին, ապա այլ տեսանկյունից կարձագանքենք դրան՝ մի զորությամբ, որը մեզնից չէ, որ բխում է: Աստծո համար գոյություն չունեն անհաղթահարելի խոչընդոտներ: Նա ավելի զորավոր է, քան այն բոլոր խնդիրները, որոնք կարող են ծագել մեր կյանքում, և Նա մեզ երբեք միայնակ չի թողնում դրանց հետ:

Աստծո Խոսքն ասում է. «Բարի է Տերը, ամրոց է նեղության օրում և Նա ճանաչում է Իրեն ապավինողներին»5: Եվ նաև՝ «Տերը մոտ է բոլոր դեպի իրեն կանչողներին, այն բոլորին, որ կանչում են Նրան ճշմարտությունով: Իրենից վախեցողների կամքը անում է Նա և նրանց աղաղակին լսում և նրանց փրկում է»6:

Հիսուս Քրիստոս Իր հետևորդներին հետևյալ քաջալերող խոսքերն է ասում. «Չէ՞ որ երկու ճնճղուկ մեկ դանկի են ծախվում, և նրանցից մեկը չի ընկնի գետնին առանց ձեր Հոր։ Իսկ ձեր գլխի բոլոր մազերն էլ հաշվված են։ Ուրեմն մի վախեցեք՝ դուք շատ ճնճղուկներից ավելի լավն եք»7: Եվ իսկապես, եթե դառնանք Աստծուն, ապա Նա մեր հանդեպ այնպիսի՛ հոգատարություն կցուցաբերի, ինչպիսին երբեք չենք զգացել և այնպե՛ս կցուցաբերի, ինչպես ոչ ոք չի կարող ցուցաբերել:

Աստված և մեր ազատ կամքը

Աստված մարդուն ստեղծել է ընտրություն կատարելու իրավունքով, այսինքն՝ մենք ստիպված կամ պարտադրված չենք Նրա հետ հարաբերություններ հաստատելու: Աստված մեզ թույլ է տվել նույնիսկ մերժել Իրեն, չար գործեր անել, ինչպես նաև կարող էր ստիպել լինել սիրող, լինել բարի և այլն, բայց... այդ դեպքում ինչպիսի՞ հարաբերություն կլիներ դա: Այն ընդհանրապես ճիշտ չէր լինի կոչել հարաբերություն, այլ կլիներ ստիպողաբար և խիստ վերահսկողության տակ դրված հնազանդություն: Դրա փոխարեն Աստված մեզ պարգևել է ազատ կամք դրսևորելու մարդկային արժանապատվություն:

Երբեմն մենք մեր հոգու խորքում աղաղակում ենք. «Բայց Աստվա՛ծ, ինչպե՞ս կարող ես թույլ տալ, որ այսպիսի ահավոր բաներ տեղի ունենան»:

Իսկ ինչպե՞ս ենք ուզում, որ Աստված գործի: Կուզեի՞նք արդյոք, որ Նա վերահսկի մարդկանց գործողությունները. ասենք՝ ահաբեկչական հարձակման ժամանակ ո՞րը լիներ զոհերի ընդունելի թիվը, որն Աստված թույլ տար, արդյո՞ք մեզ համար ընդունելի կլիներ, եթե Աստված թույլ տար հարյուրավորների մահը կամ եթե թույլ տար, որ ընդամենը մեկ մարդու կյանք կորսվի. արդյո՞ք սա ընդունելի կլիներ մեզ համար: Մյուս կողմից էլ՝ եթե Աստված կանխեր թեկուզ միայն մեկ մարդու մահ, ապա այլևս չէր գործի կամքի ազատությունը: Մարդիկ անտեսում են Աստծուն, չեն հնազանդվում Նրան, ապրում են սեփական պատկերացումների համեմատ և մյուսների հանդեպ ահավոր գործեր անում:

Այս մոլորակն ապահով վայր չէ. ինչ-որ մեկը կարող է կրակել և սպանել մեզ, կարող ենք ինքներս վայր ցատկել ահաբեկիչների հարձակմանը ենթարկված բարձրահարկ շենքից և մեռնել.... Հազար ու մի բան կարող է պատահել մեզ Երկիր անունը կրող այս խնդրահարույց միջավայրում՝ մի վայր, որտեղ միշտ չէ, որ մարդիկ հետևում են Աստծո կամքին, մինչդեռ այդ Նա՛ չէ կախված մարդկանց ողորմածությունից, այլ՝ ճիշտ հակառակը, և դա՝ բարեբախտաբար… Աստվա՛ծ է արարել անհամար աստղեր ունեցող տիեզերքը և արարել խոսքով. «Եվ Աստված ասաց՝ լուսատուներ լինեն երկնքի հաստատությունում…»8: Նա ասել է, որ Ինքը «Թագավոր է հեթանոսների վրա»9: Աստված անսահման զորություն և իմաստություն ունի: Երբեմն մեր խնդիրները կարող են մեզ անհաղթահարելի թվալ, սակայն մենք ամենազոր Աստված ունենք, Ով հիշեցնում է. «Ահա, Ես եմ Տերը՝ ամեն մարմնի Աստվածը, մի՞թե Ինձ համար մի որևէ դժվար բան կա»10: Աստված ունակ է նաև պահելու մեղավոր մարդկանց կամքի ազատությունը, բայց, միևնույն ժամանակ, հաստատելով սեփական կամքը: Նա հստակ ասում է. «Ես խոսել եմ` կատարելու էլ եմ, Ես որոշել եմ՝ անելու էլ եմ»11: Մենք՝մարդիկս, միայն այն ժամանակ այս ամենից խաղաղության պտուղներ կքաղենք, երբ մեր կյանքը կամովին հանձնենք Նրան. «Աստված ամբարտավաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս»12:

Որտե՞ղ է Աստված, երբ մենք մերժում ենք Նրան

Մեզանից շատերը… ո՛չ, մենք բոլորս էլ ունենում ենք իրավիճակներ, երբ մերժում ենք Աստծուն և Նրա նախանշած ճանապարհները: Մյուսների հետ համեմատվելով, օրինակ՝ ահաբեկիչների՝ մենք մեզ համարում ենք սիրով լեցուն և հարգանքի արժանի մարդիկ, բայց եկեք անկեղծանանք. եթե այսօր կանգնելու լինեինք Տեր Աստծո առաջ, ապա, անշուշտ, Նրան հաշիվ պիտի տայինք մեղքերի այն հսկայական բեռի համար, որ դրված է մեր ուսերին: Երբ աղոթում ենք Աստծուն, արդյո՞ք մի պահ չենք քարանում այն գիտակցությունից, որ Նա քաջատեղյակ է մեր մտքերից, գործերից, եսակենտրոնությունից... Մեր գործերով և ապրելակերպով ինքներս ենք մեզ հեռացրել Աստծուց և հաճախ ապրում ենք այնպես, իբր առանց Աստծո էլ կարող ենք հաջողությամբ անցնել կյանքի ընթացքը: Աստվածաշունչն ասում է. «Մենք բոլորս ոչխարների պես մոլորվեցինք, յուրաքանչյուրն իր ճանապարհին դարձավ»13:

Իսկ հետևանքնե՞րը: Մեղքերի պատճառով բաժանվելով Աստծուց՝ դրանց ազդեցությունը տարածում ենք մեր այս կյանքից էլ այն կողմ, որովհետև մեղքի վարձը մահն է, պատիժը՝ հավիտենապես մեռնելը կամ Աստծուց հավիտենակա՛ն բաժանումը: Այսքանով հանդերձ՝ Աստված մեզ համար ճանապարհ է բացել Իրեն ճանաչելու և ներում ստանալու համար:

Աստված Իր սերն է առաջարկում մեզ

Աստված Երկիր եկավ մեզ փրկելու նպատակով. «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա։ Որովհետև Աստուած Իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ աշխարհը դատի, այլ որ աշխարհը Նրանով փրկվի»14:

Աստված տեղյակ է այն ցավին ու տառապանքին, որը կրում ենք այս աշխարհում: Հիսուս թողեց երկնային ապահովությունն ու անվտանգությունը և մտավ այն դժվարին միջավայրը, որտեղ մենք ենք ապրում. Նա զգաց հոգնություն, իմացավ, թե ինչ են ցավը, քաղցն ու ծարավը, բախվեց ուրիշների մեղադրանքներին և սեփական ընտանիքի ու ընկերների հալածանքներին և շատ ավելին կրեց, քան միայն առօրյա դժվարություններն են: Մարդկային մարմին հագած Աստծո Որդին կամավոր կերպով Իր վրա վերցրեց մեր բոլորի մեղքերը և կրեց մեր մահվան պատիժը. «Սրանով իմացանք (Քրիստոսի) սերը, որ Նա Իր անձը տվեց մեզ համար»15: Նա չարչարանքների միջով անցավ և խաչի վրա դանդաղ շնչահեղձությունից մեռավ, որ մենք ներում ստանանք:

Նախօրոք իմանալով, որ խաչվելու է՝ Հիսուս Քրիստոս ասաց, որ մահից հետո երրորդ օրը հարություն կառնի և ապացուցեց Իր Աստված լինելը: Նա չասաց, թե մի օր կվերածնվի: (Ո՞վ կարող էր իմանալ՝ դա տեղի ունեցա՞վ, թե՞ ոչ): Նա ասաց, որ Իր մահվանից երեք օր անց կրկին կենդանի կլինի և կհայտնվի նրանց, ովքեր ներկա էին Իր խաչելությանը: Երրորդ օրը Հիսուսի գերեզմանն արդեն դատարկ էր, և շատ մարդիկ վկայում էին, որ տեսել էին Նրան:

Աստված հրավիրում է մեզ Իր հետ Երկնքում լինելու…

Նա մեզ հավիտենական կյանք է առաջարկում, որը մենք չենք վաստակել, այլ պարգև ենք ստացել Նրանից՝ խնդրելով մուտք գործել մեր կյանք. «…բայց Աստծո շնորհքը՝ հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով»16: Եթե ապաշխարենք և վերադառնանք Աստծու մոտ, ապա Հիսուս Քրիստոսի շնորհիվ կընդունենք հավիտենական կյանքի պարգևը: Սա շատ հստակ է. «Աստված հավիտենական կյանք տվեց մեզ, և այդ կյանքը Նրա Որդու մէջ է։ Ով Որդուն ունի, նա կյանք ունի, և ով Աստծո Որդուն չունի, կjանք չունի»17: Նա կամենում է մուտք գործել մեր կյանք:

Իսկ ինչպիսի՞ն է Երկինքը: Աստվածաշունչն ասում է, որ Աստված «հավիտենականությունը դրել է մարդկանց սրտում»18: Սա թերևս նշանակում է, որ մենք մեր սրտում գիտենք, թե ինչպիսին է այդ հրաշալի աշխարհը: Մեր սիրելի մարդկանց մահը մեզ հուշում է, որ ինչ-որ բան շատ սխալ է այս կյանքում և այս աշխարհի մեջ: Ինչ-որ տեղ մեր սրտի խորքում մենք գիտենք նաև, որ մի ավելի լավ վայր կա կյանքի ու ապրելու համար, որտեղ չկան ճնշող դժվարություններ, տառապանք ու ցավ: Աստված հաստատում է դա՝ առաջարկելով մուտք գործել այդ անհամեմատ ավելի լավ վայրը, որտեղ բացարձակապես այլ համակարգ է, և ամեն ինչ համահունչ է Նրա կամքին: Այդ աշխարհում Աստված սրբելու է մարդկանց աչքերի ատասուքը, չի լինելու սուգ, լաց, ցավ կամ մահ19: «Եվ նաև Աստված Իր Հոգով կբնակվի մարդկանց մեջ այնպես, որ նրանք այլևս երբեք մեղք չեն գործի»20:

Մենք ցնցվում ենք՝ տեսնելով ահաբեկչական հարձակումների ողջ սարսափը, բայց Հիսուսի կողմից առաջարկված Աստծո հետ հավիտենական հարաբերության մերժումը շատ ավելի ծանր հետևանքներ ունի: Եվ սա ոչ միայն հավիտենական կյանքի առումով. այստեղ՝ այս կյանքում նույնպես ոչինչ չի կարող նույնիսկ համեմատություն ունենալ Աստծուն ճանաչելու այդ վեհ հարաբերության հետ: Նա մեր կյանքի նպատակն է, մեր մխիթարության աղբյուրը, մեր իմաստությունը՝ խառնաշփոթ ժամանակներում, մեր զորությունն ու մեր հույսը: «Ճաշակեք և տեսեք, որ Տերը քաղցր է. երանելի՜ է այն մարդը, որ հուսացած է նրան»21:

Ոմանք ասում են, թե Աստված մի կոտրված հենակ է միայն, սակայն իրականում Նա մեր միակ վստահելի հենարանն է…

Հիսուս ասում է. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ: Ոչ թե ինչպես աշխարհն է տալիս: Ես տալիս եմ ձեզ՝ ձեր սիրտը չխռովվի և չվախենա»22:
Հիսուսին վստահող մարդկանց համար կյանքը նման է ժայռի վրա կառուցված ամուր մի տան, և ինչպիսի ճգնաժամերի էլ, որ բախվեն նրանք կյանքի ընթացքում, Հիսուս նրանց կարող է ամուր և ապահով պահել:

Որտե՞ղ է Աստված: Նա կարող է մուտք գործել Ձեր կյանք

Դու հենց հիմա կարող ես Հիսուսին ընդունել քո կյանք: «Բայց որոնք որ Նրան ընդունեցին, իշխանություն տվեց նորանց Աստծո որդիներ լինելու՝ նրանց, որ Նրա անունին հավատում են»23: Միայն Հիսուս Քրիստոսի միջոցով է հնարավոր դառնալ դեպի Աստված: Հիսուս ասում է. «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը. ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ Ինձնով»24: Նա առաջարկում է մեզ Իր առջև բացել մեր սրտի դուռը. «Ահա, Ես դռան առջև կանգնած եմ և թակում եմ: Եթե մեկը լսի Իմ ձայնը և դուռը բացի, կմտնեմ նրա մոտ…»25:

Դու հենց հիմա կարող ես խնդրել Աստծուն մտնել քո կյանք և դա կարող ես անել աղոթքի միջոցով: Աղոթել նշանակում է անկեղծորեն խոսել Աստծո հետ, ձայն բարձրացնել առ Բարձրյալ և անկեղծորեն մոտավորապես այսպես ասել.

«Տե՛ր Աստված, իմ սրտի մեջ ես հեռացել էի Քեզնից, սակայն ուզում եմ փոխել այդ իրավիճակը: Ես ուզում եմ ճանաչել Քեզ: Ուզում եմ ընդունել Հիսուս Քրիստոսին և Նրա ներումն ընդունել իմ կյանքում: Ես չեմ ուզում այլևս առանձնացված լինել Քեզնից: Դարձի՛ր իմ կյանքի Աստվածը այսօրվանից մինչև հավիտյան: Շնորհակալ եմ, Տե՛ր»:

Արդյո՞ք Աստծուն անկեղծորեն հրավիրեցիր քո կյանք: Եթե այո, ապա պետք է ծանոթանաս նաև հաջորդ քայլերին: Աստված խոստացել է Իրեն ճանաչելու ժամանակ քո ներկա կյանքը դարձնել գոհության աղբյուր26: Ու՞ր է Նա: Նա խոստացել է բնակվել քո մեջ27 և տալ քեզ հավիտենական կյանքի պարգևը28:

Անկախ մեր շուրջը տեղի ունեցող իրադարձություններից՝ Աստված մեզ հետ է ցանկացած իրավիճակում: Թեև մարդիկ չեն գնում Աստծո նախանշած ճանապարհով՝ Նա, այնուամենայնիվ, ունակ է փոխելու կյանքի ահավոր իրավիճակները և իրագործելու Իր ծրագրերը: Աստված կատարելապես վերահսկում է այս աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները:
Եթե դու Աստծուն ես պատկանում, ապա կարող ես ապավինել Նրա խոստմանը, թե՝ «Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին»29:

Հիսուս Քրիստոս ասում է. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ: Ոչ թե ինչպես աշխարհն է տալիս: Ես տալիս եմ ձեզ՝ ձեր սիրտը չխռովվի և չվախենա: Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ Ինձնում խաղաղություն ունենաք. Աշխարհի մեջ նեղություն կունենաք, բայց քաջացեք՝ Ես հաղթել եմ աշխարհին»30:

 Ես հենց նոր խնդրեցի Հիսուսին մուտք գործել իմ կյանք (հղումը պարունակում է որոշ օգտակար տեղեկություններ)…
 Ես, գուցե, խնդրեմ Հիսուսին մուտք գործել իմ կյանք: Խնդրում եմ՝ ավելի ամբողջական կերպով բացատրեք դա…
 Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ…

Հղումներ: (1) Եսայիա 46:9 (2) Սաղմոս 46:1 (3) Երեմիա 29:13 (4) Բ Կորնթացիս 4:8-9 (5) Նաում 1:7 (6) Սաղմոս 145:18-19 (7) Մատթեոս 10:29-31 (8) Ծնդդոց 1:14 (9) Սաղմոս 47:8 (10) Երեմիա 32:27 (11) Եսայիա 46:11 (12) Հակոբոս 4:6 (13) Եսայիա 53:6 (14) Հովհաննես 3:16-17 (15) Ա Հովհաննես 3:16 (16) Հռոմեացիս 6:23 (17) Ա Հովհաննես 5:11,12 (18) Ժողովող 3:11 (19) Հայտնություն 21:4 (20) Հայտնություն 21:27; Ա Կորնթացիս 15:28 (21) Սաղմոս 34:8 (22) Հովհաննես 14:27 (23) Հովհաննես 1:12 (24) Հովհաննես 14:6 (25) Հայտնություն 3:20 (26) Հովհաննես 10:10 (27) Հովհաննես 14:23 (28) Ա Հովհաննես 5:11-13 (29) Հռոմեացիս 8:28 (30) Հովհաննես 14:27 և 16:33

Կիսվել ուրիշների հետ:  

TOP