Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր
Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր

Ի՞նչն է ամուսնությունը դարձնում հարատև

Ինչո՞ւ են ամուսնությունները ձախողվում, և ինչպե՞ս կարող եք ամուր ամուսնություն ունենալ:

Ըստ Դենիս Ռեյնիի

Մի կին կիսվեց ինձ հետ ամուսնության մասին իր տեսակետով.

«Այն նման է հեռադիտակով անապատը զննելուն. որ կողմ նայում եմ, ամենուր մահացած ու մահացող ավազածածկ մարմիններ են՝ ամուսնալուծություն, բաժանում, բռնություններով լի քայքայվող հարաբերություններ, դեպի կործանում տանող հազար ու մի բան…Այս ամենը տեսնելուց հետո ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ պետք է ուզեի սկսել այս ճամփորդությունը»:

Բազմաթիվ ուսանողներ այսօր այդ նույն հարցն են տալիս: Թեև նրանք ձգտում են ունենալ ուրախ, ապահով և երկարատև հարաբերություններ, սակայն, այնուամենայնիվ, վախ ունեն ամուսնությունից: «Նյուզվիք» պարբերականի հոդվածներից մեկում մի նորաթուխ հարսնացու գրել էր. «Ծնողներիս ամուսնությունը կործանվեց իմ աչքի առաջ, և ես չգիտեմ՝ արդյո՞ք կկարողանամ պահպանել իմը»1:

Ոչ մի ուրիշ սերունդ չի հասել ամուսնության տարիքին՝ ընտանիքների կործանման ավելի ծանր ուղեբեռով, քան մեր սերունդը: ԱՄՆ-ում ամեն տարի ավելի քան մեկ միլիոն երեխա ականատես է լինում իր ընտանիքի քայքայմանն ու ծնողների ամուսնալուծությանը2:

Շատ ուսանողներ են անցել ընտանեկան կյանքի՝ ստորև ներկայացվող դրամաների միջով.

Մերի. մի օր տուն եկավ դպրոցից և դռների մեջ հանդիպեց հորը, ով ճամպրուկը ձեռքին՝ հեռանում էր տնից: Նա լքում էր իրենց. «Ես կգամ քեզ տեսակցելու, սիրելիս»: Սրանք հայրիկի վերջին խոսքերն էին… Նա համբուրեց Մերիի գլուխն ու գնաց: Մերին այլևս երբեք չտեսավ հորը:

Ռոբերտ. ծնողները ամուսնալուծվեցին, երբ Ռոբերտը հինգ տարեկան էր: Նա ապրեց մոր հետ, ով հետո ամուսնացավ ևս երեք անգամ և կախվածություն ձեռք բերեց ալկոհոլից: Առաջին խորթ հայրը նրան դաժան ծեծի ենթարկեց, երբ Ռոբերտը պատահաբար Կոլա թափեց մեքենայի մեջ:

Քերրի. նրա ծնողները ամուսնալուծված չեն, սակայն երկուսն էլ իրենց ողջ ուշադրությունը կենտրոնացրել են եկամտաբեր աշխատանքի վրա և ոչ թե Քերրիի: Դպրոցական տարիներին նրանք շատ հազվադեպ էին ներկա լինում աղջկա համերգներին, իսկ հիմա էլ նա, երբ արդեն ուսանող է, հազվադեպ է զանգում և խոսում ծնողների հետ: Այժմ ընտանիքը հաղորդակցվում է հիմնականում էլեկտրոնային նամակներով կամ ինքնապատասխանիչին թողած ձայնագրություններով:

Ֆիլիպ. դպրոցական էր, երբ գիշերն արթնացավ ծնողների վիճաբանության աղմուկից: Հետո մի բարձր ձայն լսեց, որին հետևեց մոր աղաղակը: Ֆիլիպը գնաց խոհանոց և մորը գտավ հատակին՝ դանակի հասցրած հարվածից արնահոսելիս: Նա ոստիկանություն կանչեց, որը ձերբակալեց և տարավ հորը: Ֆիլիպը, մայրը և երկու կրտսեր քույրերը գնացին հատուկ կենտրոնում բնակվելու: Նա չգիտի իր հոր գտնվելու վայրի մասին:

Դուք կարող եք ավելի լավ ամուսնություն ունենալ…

Գո՞ւցե ճանաչում եք Մերիի, Ռոբերտի, Քերիի կամ Ֆիլիպի նման մարդկանց: Հնարավոր է նաև, որ ձեր անձնական կյանքն է նման նկարագրվածներից մեկին կամ գուցե ավելի վատն է: Հնարավոր է, որ ձեր տունը լի էր վիճաբանությամբ, աններդաշնակությամբ և անհանգստություններով, և որպես հետևանք այդ ամենի՝ այսօր դուք լուրջ կասկածում եք՝ պե՞տք է արդյոք ընդհանրապես ընտանիք կազմել: Հաստատ դուք չէիք ուզենա ցավով ու հիասթափություններով լի հարաբերություններ ունենալ, որոնք զգացմունքային երկրաշարժեր կառաջացնեին ձեր երեխաների ներաշխարհում: Սիրած անձի հետ կյանք կապելու գաղափարը ձեզ դուր է գալիս, սակայն, եթե անկեղծ, ապա ամուսնությունը բավականին սարսափեցնող մի բան է թվում: Ինքներդ ձեզ գուցե հարցնում եք. «Երբևէ ի վիճակի կլինե՞մ վերականգնվել այն աղետներից, որոնք սեփական ընտանիքս է ինձ պատճառել: Հնարավո՞ր է արդյոք երջանիկ և առողջ ամուսնություն ու ընտանիք ունենալ»:

Պատասխանն է՝ այո…

Ես մի կազմակերպության հետ էի աշխատում, որն օգնում էր ընտանիքներին, և ականատես եմ եղել հազարավոր կործանվող ու անհույս թվացող ընտանիքների վերականգնմանը:
Աստված կոտրված մարդկանց համար ելք ունի, Նա ամբողջացնում և վերականգնում է կոտրված հարաբերությունները:

Արժե՛ ընտրել ամուսնությունն անգամ դրա խնդիրների առկայության պարագայում…

Այս բոլոր խնդիրների ու ցավի առկայության դեպքում ինչո՞ւ են մարդիկ դեռ շարունակում ամուսնանալ: Թեև լրատվամիջոցներն ամուսնության մասին հիմնականում բացասական տեղեկատվություն են փոխանցում, այնուամենայնիվ, եկեղեցու գորգով դեպի խորան ընթանալը դեռ մնում է տարածված, մեծ ընդունելություն վայելող և կենսունակ գործընթաց:
Լյուիս Հարիի վերջին հարցումները ցույց են տալիս, որ ուսանողների 96%-ը կա՛մ ցանկանում է ամուսնանալ, կա՛մ արդեն իսկ ամուսնացած է, իսկ հարցվածների 97%-ը համաձայն է պնդմանը, թե՝ «Սերտ ընտանեկան հարաբերությունները երջանկության բանալին են»3:

Այսպիսով, թեև տասնութից բարձր տարիքի ամերիկյան քաղաքացիների յուրաքանչյուր չորրորդը ամուսնալուծված է4, այնուամենայնիվ, հաջողված, առողջ և կայուն ամուսնության հնարավորությունը գրեթե բոլորին է դրդում երջանիկ ընտանիք ստեղծելու հարցում սեփական փորձառությունն ունենալ: Ինչո՞ւ է ամուսնությունն այսքան գրավիչ…

Ճշմարտությունն այն է, որ ոչ ոք չի ուզում միայնակ լինել: Թեև մենք շեշտը միշտ դնում ենք՝ «մեր ուզած ձևով ապրելու», «անհատի իրավունքների պաշտպանության» և նմանատիպ այլ սկզբունքների վրա, բայց, մեկ է, բոլորս էլ ձգտում ենք մեզ սիրող մեկի հետ մտերմիկ ու ջերմ հարաբերություններ և ապահով ընտանիք ունենալ: Կարող ենք ասել ՝«ուզում եմ մենակ մնալ» կամ «կարիք ունեմ առանձին ապրելու», սակայն մեր ներսում ավելի մեծ է մեզ սիրող ինչ-որ մեկի հետ մեր տարածքը կիսելու ցանկությունը:

Ճիշտ է՝այսպիսի մտերմություն ունենալու հարցում սեռական գրավչությունը կարևոր դեր ունի, սակայն հակառակ սեռի ներկայացուցչի հետ խոր կապեր հաստատելու փափագը հիմնված չէ միայն սեռական ցանկության վրա: Մենք ստեղծված ենք այնպես, որ մեկ ուրիշի կողմից ճանաչված, ընդունված ու գնահատված լինելու ուժգին ցանկությունը մեր անձի առաջնային կարիքներից մեկն է:

Ինչո՞ւ են ամուսնությունները ձախողվում…

Եթե այդպես է, ապա ինչո՞ւ է այսքան շատ այն մարդկանց թիվը, ովքեր, թեև ուզում են մտերմիկ կապեր հաստատել, բայց իրենց ամուսնությունները հաճախ ավարտում են բաժանությամբ: Ընտանիք կազմողներից շատերն են ձգտում հասնել կայուն և դժվարություններին դիմացող ընտանեկան հարաբերությունների, սակայն, մեծամասամբ, այդ հարաբերություններում սերն ու փոխադարձ հարգանքը տևում են այնքան ժամանակ, քանի դեռ դիմացինը բավարարում է տվյալ անձի հանդեպ ունեցած ակնկալիքների որոշակի մակարդակը: Մյուս կողմից էլ՝ քանի դեռ զգացմունքները ջերմ են, կինը և ամուսինը վայելում են միմյանց ընկերակցությունը, հաճախ անտեսում դիմացինի թերությունները, բնավորության հիասթափեցնող գծերը, հարգանքով են խոսում իրար հետ և շարունակում են հիացմունք դրսևորել իրար հանդեպ, սակայն երբ զգացմունքները սառում են, զույգերից մեկը կամ երկուսն էլ հայտնաբերում են, որ այլևս ի վիճակի չեն շարունակելու սիրել ակնհայտորեն անկատար անձնավորությանը: Այժմ ակնկալիքները չեն բավարարվում, ինչը ցավ է պատճառում, որն էլ իր հերթին պաշտպանողական դիրքորոշում է ծնում, որի արդյունքում պակասում է դրական շփման չափաբաժինը և ավելանում փոխադարձ թյուըմբռնումը: Սրա հետևանքով շուտով առաջանում են վիճաբանություններ, կռիվներ, բարկություն, դառնություն, ցավ և հիասթափություն… Եթե այս ցած գլորվող շրջապտույտի մեջ չդրսևորվեն ներումն ու հաշտությունը, ապա միմյանց սիրելու ունակությունը պարզապես կաթվածահար կլինի:

Գրեթե յուրաքանչյուր ամուսնական հարաբերության մեջ այսպիսի սցենարից հնարավոր է խուսափել, եթե եսակենտրոնությունից ծնվող խնդիրները հաղթահարվեն կամ, հակառակ դեպքում, գոնե խնամքով ծածկվեն: Վաղ թե ուշ իրականությունը սթափեցնող է դառնում, և չնայած զույգերի բարի մտադրություններին՝ նրանք, ի վերջո, գիտակցում են, որ երկու տարբեր անհատականություններ չեն կարող մշտապես ապրել այնպես, որ երկուսի կարիքներն էլ միաժամանակ բավարարվեն:

Այսպիսով, ի՞նչ է պետք կայուն ամուսնություն ունենալու համար…

Հաջողված հարաբերություն հաստատելու համար անհրաժեշտ է համատեղ ջանք, և երկու կողմն էլ պետք է պատրաստ լինի հրաժարվելու որոշ սեփական ցանկություններից: Եսակենտրոնությանը պետք է փոխարինի ինքնազոհողության պատրաստակամությունը: Երբեմն ամուսնության կողմերից մեկն այս ամենը համեմատաբար լավ է կարողանում անել, սակայն, ի վերջո, համբերությունը սպառվում է: Ինքնազոհողությունը ինքնաբերաբար չի դրսևորվում: Ինքնաբերաբար գործում է եսակենտրոնությունը: Ինչո՞ւ է դա այդպես:

Եթե ապրեինք մի աշխարհում, որտեղ մարդիկ կատարյալ են, ապա նրանց ամուսնությունները կլինեին լրիվ ներդաշնակ՝ ճիշտ այնպես, ինչպես Աստված էր նախատեսել, երբ արարեց ընտանիքը: Սակայն մենք կատարյալ աշխարհում չենք ապրում: Եթե անկեղծ լինենք, ապա մեզնից յուրաքանչյուրն էլ վարակված է եսակենտրոնության ու «մեղքի» հանդեպ հակումներով: Մենք հաճախ ենք սխալներ գործում՝ եսասեր ենք, չար, ցավեցնող, դառնացնող, մեծամիտ, չներող և այլն, և զարմանալի չէ, որ ամուսնական զույգերը չեն կարողանում երկար հանդուրժել իրար:

Հարաբերությունների մեջ սեփական կարիքների բավարարմանն ուղղված ջանքերը կործանում են դրանք կենդանի ու առողջ պահելու համար անհրաժեշտ համագործակցման պատրաստակամությունը: Սկսվում է բացասական շրջապտույտ և շարունակվում այնքան, մինչև կորչում է մտերմությունը, ջերմությունը, և ամուսնությունն սկսում է քայքայվել:

Եկեք համաձայնենք, որ բոլորս էլ օգնության կարիք ունենք: Կարիք ունենք մի ներքին զորության, որը մեզ ուժ կտա դիմացինին սիրելու այնպես, ինչպես պետք է սիրենք, որպեսզի ամուսնությունը հարատևելու հնարավորություն ունենա: Մեր եսակենտրոն ու մեղավոր վարվելակերպը ոչ միայն բաժանում է մեզ մեր կնոջից կամ ամուսնուց, այլև բաժանում է մեզ մեր Աստծուց՝ օգնության մեր մեծագույն Աղբյուրից: Որպես ամուսնության Հիմնադիր և Ստեղծող, Նա գիտի՝ ինչպես են գործում հարաբերությունները: Նա ուզում է, որ մենք նախ Իր հետ հարաբերություն հաստատենք, իսկ հետո Իրենից ճիշտ ուղղությամբ ընթանալու առաջնորդություն ստանանք:

Աստված ոչ միայն օգնում է մեզ հաղթահարել առօրյա հոգսերն ու դժվարությունները, այլև մեզ բուժում և ապաքինություն է առաջարկում այն բոլոր վերքերից ու սպիերից, որոնք գալիս են մեր անցյալից: Օրինակ՝ Նա ամբողջական ներում ու մաքրագործում է շնորհում նախկինում ունեցած սխալների համար, արարքներ, որոնք մենք գործել ենք դեռահասության ժամանակ, և որոնք կապ են ունեցել սեռական կյանքի հետ: Աստված սիրում է մեզ և ուզում, որ մենք վայելենք Իր զավակը լինելու առավելությունները, որը ներառում է նաև Նրա օգնությունը ամուսնության հարցում:

Ես ուզում եմ ներկայացնել ամուսնու և կնոջ միջև հարաբերությունների երկու հնարավոր սցենար: Առաջին օրինակում մեր զույգը (եկեք նրանց անվանենք Ջոն և Լիզա) չի ընդունում Աստծո հնարավոր ներգրավվածությունն իր կյանքում, երկրորդ սցենարի մեջ՝ Ջոնի և Լիզայի հարաբերությունն ավելին է, քանի որ նրանք երկուսն էլ հարաբերություն ունեն նաև Տեր Հիսուս Քրիստոսի հետ:

Սցենար Ա: Թե ինչո՞ւ են ամուսնությունները կործանվում:

Շաբաթ առավոտ է, Ջոնն ուզում է ընկերների հետ գնալ գոլֆ խաղալու: Նա վեր է կենում անկողնուց ու ասում Լիզային, որ տնից դուրս է գալիս և կվերադառնա մոտ ժամը չորսին: Լիզան սրտնեղում է. «Բայց դու խոստացել էիր, որ այսօր միասին քաղաքից դուրս ենք գնալու»:
«Ե՞րբ եմ խոստացել»,- ձայնը բարձրացնելով՝ պատասխանում է Ջոնը:- «Ամեն դեպքում, երկու շաբաթ է՝ գոլֆ չեմ խաղացել: Այսօր հրաշալի օր է: Ես գնացի»: Ջոնը դուրս է գալիս տանից՝ հետևից շրխկացնելով շքամուտքի դուռը:

Լիզան խորապես վիրավորված է. մի քանի րոպե լուռ արցունքներ հեղելուց հետո նա բարկացած այս ու այն կողմ է նետվում բնակարանով մեկ, բազմոցի բարձերը նյարդայնացած խփում պատին՝ բղավելով. «Ես քեզ ցույց կտամ, հիմա՛ր»: Նա զանգում է ընկերուհուն և պայմանավորվում միասին ճաշելու և գնումներ կատարելու մասին:
Այդ օրը նա 300 դոլարի նոր հագուստներ է գնում: Թեև իսկապես հագուստ գնելու կարիք ուներ, սակայն այսօր դրանցից մի երկուսը հավելյալ է գնում՝ Ջոնին ավելի նյարդայնացնելու համար: Նրանց բանկային քարտը գրեթե լրիվ դատարկվում է…

Այդ ընթացքում Ջոնն ավարտում է գոլֆ խաղալը և ընկերների հետ գարեջուր խմելու գնում: Շուտով մեկ գավաթը դառնում երկու, երկուսը՝ երեք…Հետո Ջոնը հանկարծ նկատում է, թե որքան գրավիչ է մատուցողուհին, ու երբ վերջինս Ջոնին է փոխանցում հերթական գավաթը, նա երիտասարդ կնոջ ականջին սիրահետող արտահայտություն է շշնջում: Կինը ցույց է տալիս իբր վրդովված է, սակայն նրա ժպիտն այլ բան էր ասում. հերթական գավաթի տակ դրված անձեռոցիկի վրա շուտով Ջոնը նկատում է կնոջ թողած հեռախոսահամարը: Նա վերցնում է այն և դնում գրպանը:

Ջոնը տուն է վերադառնում առավոտյան հինգին՝ հարբածությունից ճոճվող քայլվածքով: Լիզան հեռուստացույց էր դիտում, որի ձայնը բավականին բարձր էր: Ջոնը նկատում է Լիզայի գնումների տոպրակները, որոնք մի ամբողջ կույտ էին կազմել հատակին: Նա բարկացած անջատում է հեռուստացույցը և մատնացույց անում տոպրակները: Լիզան բղավում է նրա վրա և գնում ննջասենյակ՝ իր հետևից կոտրվելու աստիճան շրխկացնելով դուռը: Նրանք վիճում են մինչև լուսաբաց: Ի վերջո Ջոնը գնում է հյուրասենյակ և քնում այնտեղ:

Սցենար Բ: Ինչպե՞ս կարելի է առողջ ամուսնություն ունենալ:

Շաբաթ առավոտ է, և Ջոնն ուզում է իր ընկերների հետ գնալ գոլֆ խաղալու: Նա վեր է կենում անկողնուց ու ասում Լիզային, որ դուրս է գալիս տնից և կվերադառնա մոտ ժամը չորսին: Լիզան անակնկալի եկած ասում է. «Կարծում էի՝ այսօր միասին քաղաքից դուրս ենք գնալու»:

«Չե՞նք կարող վաղը գնալ»,- հարցնում է Ջոնը՝ ձայնը մի փոքր բարձրացնելով:- «Ամեն դեպքում, երկու շաբաթ է՝ գոլֆ չեմ խաղացել: Այսօր հրաշալի օր է: Ես գնացի»: Ջոնը դուրս է գալիս տանից՝ հետևից շրխկացնելով շքամուտքի դուռը:

Լիզան խորապես վիրավորված է: Մի քանի րոպե լուռ արցունքներ հեղելուց հետո նա բարկացած այս ու այն կողմ է նետվում տնով մեկ և բազմոցի վրայի բարձերը նյարդայնացած խփում պատերին:
«Ես քեզ ցույց կտամ, հիմա՛ր»,- բղավում է նա՝ ափսոսալով, որ այդ պահին հնարավորության չունի Ջոնի դեմքին ասելու իր անսահման բարկության մասին: Նա որոշում է դուրս գալ քայլելու: Այգու մոտով անցնելիս նրա վիրավորանքն ու բարկությունը սկսում են նահանջել: Տունդարձի ճանապարհին նա մտքում աղոթում է. «Սիրելի՛ Հիսուս, ես շատ բարկացած եմ Ջոնի վրա և կարծում եմ, որ նա չափազանց եսասեր է: Խնդրում եմ՝ օգնի՛ր ինձ, որպեսզի ես էլ եսասեր չլինեմ, օգնի՛ր ինձ զսպել բարկությունս»:

Լիզան որոշում է զանգել ընկերուհուն: Նրանք պայմանավորվում են միասին ճաշելու և որոշ գնումներ կատարելու մասին: Նա մի քանի զգեստ է գնում իր համար:

Այդ ընթացքում Ջոնն ավարտում է գոլֆ խաղալը և ընկերների հետ գնում է ակումբի սրճարան՝ մի բան ուտելու: Ջոնը նկատում է, թե որքան գեղեցիկ է սպասարկող աղջիկը, սակայն վերադառնում է ընկերների մոտ՝ նրան ընդամենը ընկերական մի ժպիտ պարգևելով:
Առավոտյան նա կարծում էր, թե Լիզան բավականին դժկամորեն է վերաբերում ընկերների հետ իր հանդիպումներին և ուզում է անարդարացիորեն արգելք դնել իր և նրանց միջև՝ միասին լավ ժամանակ անցկացնելու համար, սակայն այժմ Ջոնն իրեն մեղավոր է զգում Լիզայի հանդեպ սխալ վերաբերմունքի պատճառով: Նա գոհ չէ իրենից.
- Տղե՛րք,-ասում է Ջոնը,- այսօր ես իմն ավարտեցի ու տուն եմ գնում, կարծում եմ, որ մի քիչ էլ ժամանակ կնոջս պիտի տրամադրեմ:
Ընկերներն սկսում են ծաղրել նրան, բայց Ջոնը հաստատակամ էր իր որոշման մեջ:

Երբ Լիզան կեսօրից հետո եկավ տուն, նրա համար անակնկալ էր ամուսնուն խոհանոցի սեղանի առջև նստած տեսնելը: Նա նկատեց նաև, որ Ջոնն ուտելիք է պատրաստել քաղաքից դուրս գնալու համար:
-Ո՞նց եղավ, որ այսքան շուտ վերադարձար,- հարցրեց նա Ջոնին այնպիսի ձայնով, որի մեջ դեռևս զգացվում էին վիրավորվածության երանգները:
-Ների՛ր ինձ առավոտյան պահվածքիս համար,- ասաց Ջոնը:- Ես շատ էի ուզում գոլֆ խաղալ և անտեսեցի քեզ: Հասկանում եմ, որ շատ եսասիրական էր որոշումս: Ներո՞ւմ ես ինձ:
Լիզան թեթևորեն կծեց շուրթը և թեպետ դեռ վիրավորված էր, բայց պարզ տեսնում էր, որ Ջոնն իսկապես ափսոսում է սխալ պահվածքի համար, և նաև անհավանական բան էր, որ Ջոնը թողել է գոլֆն ու տուն եկել:
-Այո, ներում եմ…,- մեղմորեն շշնջաց նա:
Նրանք գրկախառնվեցին և համբույրներ փոխանակեցին: Ջոնն ասաց.
-Արի՛ այս օրը նորից սկսենք: Ես շուտ վերադարձա, որ ժամանակ ունենանք քաղաքից դուրս գնալ: Գնա՞նք:
Լիզան ճնշեց ներքին հիշաչարությունն ու Ջոնին «տեղը դնելու» գայթակղությունը: Նա ժպտաց և գլուխը դրականորեն շարժեց:

Օրը փոխվեց Ջոնի ու Լիզայի համար: Նրանք երկուսն էլ ազատվել էին բարկության ծանրությունից: Նրանց հարաբերություններում այնպիսի թարմություն մտավ, ինչպիսին լինում է գարնանային անձրևից հետո: Երկուսի կյանքում էլ ակնհայտ էր Հիսուսի ներգործությունը: Նա նախ նրանց ցույց տվեց, թե ո՛րն է ճիշտ ապրելակերպը, իսկ հետո զորացրեց նրանց սեփական անձը մերժելու և դիմացինին ներելու համար:
Այս երկու գործողությունները սիրո անբաժանելի մաս են կազմում, սակայն բավականին դժվար է դրանք անկեղծորեն կյանքի կոչել, այն էլ հարատև կերպով, եթե չլինի վերից եկող օգնությունը:

Անշուշտ, այս երկու սցենարները միայն հպանցիկ պատկեր են փոխանցում միջանձնային բարդ հարաբերությունների մասին, սակայն դրանք ցույց են տալիս, որ Աստծո ներգրավվածությունը ամուսնու և կնոջ կյանքում, ինչպես նաև նրանց ամուսնության մեջ, կարող է մեծ փոփոխություն բերել հարաբերությունների որակի մեջ: Քրիստոնեական հավատքը լոկ կանոնների ու սկզբունքների ամբողջություն չէ, այլ կենդանի, քայլ առ քայլ զարգացող հաղորդակցություն Աստծո հետ, որի շնորհիվ ստանում ենք առաջնորդություն և այնպիսի կյանք ապրելու զորություն, որի համար ենք հենց արարվել:

Ձեր ամուսնությունը կարող է խուսափել կործանումից: Հնազանդվե՛ք Աստծո Խոսքին:

Աստվածաշնչում Աստված հստակ զգուշացնում է ամուսնալուծության կործանարար ազդեցության մասին, ինչպես նաև՝ դրանից խուսափելու համար դիմացինի կարիքները խոնարհաբար սեփական կարիքներից բարձր դասելու մասին, սեռական պղծություններից հեռու մնալու և նմանատիպ շատ բաների մասին: Սակայն որևէ բան անելու հարցում տեղեկացված լինելը հաճախ չի նշանակում, որ մենք ուզում ենք հենց այդպես էլ վարվել: Աստծո ուղղորդումը հաճախ հակառակ է մեր ցանկություններին (օրինակ՝ ամուսնու կողմից կնոջը դավաճանելուց հետո կանգնել ու ճշմարտությունը պատմելը): Սակայն բազմաթիվ վկայություններ կան, որոնք խոսում են ամուսինների կողմից իմաստուն ու ամենագետ Աստծուն վստահելու որոշման խելամտության և հարաբերությունները կառուցելու հարցում Նրա խորհուրդներին հետևելու օգտակարության մասին:

Օրինակ՝ Աստված ասում է, որ սեռական մտերմությունն անթույլատրելի է նախքան ամուսնությունը, սակայն իրականությունն այն է, որ հարցված ուսանողների 64%-ը համաձայն է «Միասին ապրելը նախքան ամուսնությունը լավ գաղափար է»5 պնդման հետ: Այս ուսանողներից շատերն ականատես են եղել իրենց ծնողների ամուսնալուծություններին, և դա է պատճառը, որ նրանք կարծում են, թե հարաբերությունը նախօրոք «փորձելը» ճիշտ գաղափար է:

Այսպիսով, ինչո՞ւ է Աստված ամուսնությունը դնում սեռական հարաբերություն ունենալուց առաջ: Քանի որ Նա ուզում է, որ մեր ամուսնական կյանքը լինի տևական, ամբողջական և մտերմիկ: Ինչպե՞ս է հնարավոր, որ երկու անհատ միմյանց շնորհիվ ունենան ապահովության և իրարից կախված լինելու զգացմունքներ, ինչը խոր մտերմության անհրաժեշտ պայմաններից է, եթե ցանկացած պահի նրանք կարող են լքել այդ հարաբերությունը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ամուսնալուծությունների մակարդակը բարձր է այն զույգերի շրջանում, որոնք համատեղ կեցություն են ունեցել նախքան ամուսնանալը6: Աստծո իմաստությունն անսխալական է: Նա միշտ ճշմարիտ է: Եվ Աստծո առաջնորդությունը միշտ բխում է Նրա հոգատարությունից ու մեր հանդեպ ունեցած պաշտպանող սիրուց:

Աստված կարող է մեզ առաջնորդել դեպի առողջ ամուսնություն:

Սակայն Աստված չի ցանկանում լոկ ամուսնական խորհրդատու լինել մեր կյանքում: Նա ուզում է, որ մենք ճանաչենք Իրեն, հարաբերություն ունենանք Իր հետ և վստահենք Իրեն: Աստված ասում է, որպեսզի կարողանանք հավատարմորեն սիրել ինչ-որ մեկին, նախ պետք է վերապրենք Նրա հավատարիմ սերը մեր հանդեպ:

«Սակայն Աստված չի ցանկանում լոկ ամուսնական խորհրդատու լինել մեր կյանքում: Նա ուզում է, որ մենք ճանաչենք Իրեն, հարաբերություն ունենանք Իր հետ և վստահենք Իրեն»:

Մեր հանդեպ Իր սիրուց մղված՝ Աստված մի շատ կարևոր բան է արել մեզ համար:
Արդեն խոսեցինք այն մասին, թե ինչպես է մեր եսակենտրոնությունը մեզ բաժանում սուրբ և կատարյալ Աստծուց: Աստվածաշունչն ասում է. «Ձեր մեղքերը պատնեշ են Ձեր և Ձեր Աստծո միջև»7: Ոչ մի բարի գործ կամ ջանք չի կարող ջնջել մեր մեղքերն Աստծո առջև: Ավելին, այդ մեղքերի համար պատիժ է սահմանված՝ մահը: Դա Աստծուց հավիտենական բաժանումն է՝ անգամ մեր երկրային կյանքից հետո, և մենք ոչինչ չենք կարող անել իրավիճակը շտկելու համար: Աստծո չափանիշները կատարելություն են պահանջում, իսկ մենք չենք համապատասխանում այդ չափանիշներին, սակայն Աստծո արդարությունն ուղեկցվում է մեր հանդեպ Իր անսահման սիրով:

Հիսուս Քրիստոս, ով Աստված էր մարդկային կերպարանքում, եկավ, որպեսզի վճարի մեր պատժի գինը՝ մեռնի մեր մեղքերի համար: Հիսուս եկավ նաև, որ սովորեցնի մեզ Աստծո ճանապարհներն ու մեզ իմաստալից կյանք պարգևի: Սակայն առաջնայինը մեր փոխարեն մեռնելն էր: Նա ամբողջովին վճարեց մեր մեղքերի գինը՝ ի՛մ, քո՛ և ողջ աշխարհի մեղքերի գինը: Նա մահացավ խաչի վրա (ինչը մահապատժի հռոմեական գործիք էր), որպեսզի մենք ներում ստանանք: Երեք օր թաղված լինելուց հետո Հիսուս ֆիզիկապես հարություն առավ: Այս ամենին վկա բազմաթիվ մարդիկ ցրվեցին աշխարհով մեկ, որ բոլորին պատմեն Նրա և Նրա շնորհած նոր կյանքի մասին:

Ինչպես ամուսնությունն է ազատ ընտրության վրա հիմնված, այնպես էլ Աստված առաջարկում է ազատորեն Իր հետ անձնական հարաբերություն հաստատել:

Ինքներս չենք կարող արժանանալ Աստծո կողմից ընդունելի դառնալուն, այդ Նա է մեզ Իր հետ հարաբերությունն առաջարկում՝ որպես պարգև: Նրա առաջարկն ընդունելու մեր որոշումից է կախված՝ արդյո՞ք կընդունենք Նրա ներումը և կմտնենք Նրա հետ հարաբերության մեջ, թե՞ կմերժենք այն: Հիսուս ասում է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը. Ոչ ոք չի գալիս Հոր մոտ՝ եթե ոչ ինձանով»8: Նա ուզում է գալ մեր կյանք, սակայն դա նույնպես անհատական որոշում է, որը մենք պետք է կայացնենք: Եթե ամուսնության որոշումը կարևորագույն որոշումներից մեկն է մարդու կյանքում, ապա Աստծո հետ հարաբերության մեջ մտնելը, հավատացեք, շատ ավելի կարևոր է:
Արդյոք ուզո՞ւմ եք Աստծո հետ հավիտենական հարաբերություն ունենալ և թույլ տալ Նրան ազդեցություն ունենալ ձեր կյանքի վրա: Ուզո՞ւմ եք առաջնորդվել Նրա իմաստությամբ և ստանալ Նրա զորեղ աջակցությունը:

Եթե այո, ապա կարող եք հենց հիմա խնդրել Նրան գալ ձեր կյանք: Ինչպես զույգը ամուսնացած չի համարվում, քանի դեռ հասարակության առջև չի հայտարարվել նրանց «այո, համաձայն եմ» արտահայտությունը, այնպես էլ Աստծո հետ հարաբերությանը սկիզբ է դրվում մեր կամովին համաձայնությամբ: Հիսուս ասում է. «Ահա, Ես դռան հետևում [Ձեր սրտի] կանգնած եմ և թակում եմ: Եթե մեկը բացի լսի իմ ձայնը և բացի դուռը, Ես ներս կմտնեմ»9: Աստվածաշունչն ասում է. «Սակայն որոնք ընդունեցին Նրան, նրանք իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու»10:

Ուզո՞ւմ եք զգալ Աստծո սերը ձեր հանդեպ և խնդրել Նրան մուտք գործել ձեր սրտի մեջ, ահա՛ այս աղոթքը կարող է օգնել ձեզ.
«Տե՛ր Հիսուս, ես քո կարիքն ունեմ: Ուզում եմ, որ առաջնորդես ինձ և ներես իմ բոլոր մեղքերը: Շնորհակալ եմ խաչի վրա իմ մեղքերի համար վճարելուդ համար: Խնդրում եմ, որ գաս իմ կյանք: Շնորհակալ եմ իմ կյանք գալու Քո խոստման համար: Ես այժմ բացում այն դուռը, որը Դու թակում ես: Իսկապես շնորհակալ եմ, որ հիմա կարող եմ սկսել Քեզ ճանաչել: Ամեն»:

Եթե անկեղծորեն ասացիք այս աղոթքը, ապա արդեն իսկ սկսեցիք ձեր հարաբերությունն Աստծո հետ: Ինչպիսի՞ ազդեցություն կարող է սա ունենալ Ձեր ամուսնական խնդիրների լուծման վրա: Այժմ ձեր ամուսնության դժվարին պահերին դուք կարող եք առաջնորդություն խնդրել Աստծուց, խնդրել Նրան, որ ձեզ իմաստություն և զորություն տա՝ սիրելու ձեր ամուսնուն կամ կնոջը: Դուք կարո՛ղ եք սիրով լի ամուսնություն ունենալ: Բոլոր ամուսինների ու կանանց նման դուք էլ եք բազմաթիվ սխալներ թույլ տալու և երբեմն էլ մեծ ջանքեր եք գործադրելու առողջ ու կայուն ամուսնություն ունենալու համար, սակայն եթե հույս դնեք Աստծու վրա, Նա կշնորհի ձեզ անհրաժեշտ զորությունն և առաջնորդությունը, որպեսզի ունակ լինեք սիրելու ձեր կողակցին անձնուրաց ու ներողամիտ սիրով և ունենաք առողջ ու հարատև ամուսնություն:

 Ես հենց նոր խնդրեցի Հիսուսին մուտք գործել իմ կյանք (հղումը պարունակում է որոշ օգտակար տեղեկություններ)…
 Ես, գուցե, խնդրեմ Հիսուսին մուտք գործել իմ կյանք: Խնդրում եմ՝ ավելի ամբողջական կերպով բացատրեք դա…
 Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ…

Դենիս Ռեյնին «Ընտանեկան կյանք» կազմակերպության տնօրենն է, որը Քամփուս Քրուսեյդի ստորաբաժանումներից է: Նա նաև գրքերի հեղինակ է և ունի սեփական ռադիոհաղորդումը, որը կրում է «Ընտանեկան կյանքն այսօր» խորագիրը: Նա և կինը՝ Բարբարան, ունեն վեց երեխա:

Հղումներ: (1) Քենդալ Համիլթոն և Պեթ Վինգերտ «Դեպի խորան տանող գորգը», Նյուզվիք, 20 հուլիսի 1998թ., էջ 54: (2) Ջոն Ջ. ԴիԱյուլիո կրտսեր, «Մահացու ամուսնալուծություն», Նեյշնալ Ռեվյու, 7 Ապրիլի 1997թ.: (3) «Սերունդ 2001. Հարցում նոր հազարամյակի համալսարանական առաջին շրջանավարտների շրջանում», անց է կացվել 1997-1998թթ. Լյուիս Հարիսի և գործընկերների կողմից Հյուսիս-արևմտյան փոխադարձ կյանքի ապահովագրության ընկերության կողմից, 720 E. Վիսկոնզին պող., Միլվաուկի, WI 53202, էջեր 8, 11: (4) ԴիԱյուլիո կրտսեր, «Մահացու ամուսնալուծություն» (5) Սերունդ 2001. Հարցում, էջ 11: (6) Շերվերտ Հ. Ֆրայզեր, Հոգբանական հակումներ (Նյու Յորք. Սայմոն և Շուստեր, 1994թ.), էջ 106: (7) Եսայիա 59:2: (8) Հովհաննես 14:6: (9) Հայտնություն 3:20: (10) Հովհաննես 1:12:

Կիսվել ուրիշների հետ:  

TOP