Հեղինակ՝ Մերլին Ադամսոն
Բոլորս էլ ուզում ենք այս կյանքն ապրել հաջողված՝ այն զգացումով, որ ամեն բան ճիշտ ենք անում: Իսկ ի՞նչ կասեք համաշխարհային հիմնական կրոնների մասին: Արդյո՞ք նրանց մեջ կա մի բան, որ կարող է մեր կյանքին ուղղություն տալ կամ դրան ավելի մեծ խորություն հաղորդել:
Ստորև կանդրադառնանք աշխարհի հիմնական կրոններին… Հինդուիզմ, բուդդայականություն, Նյու էյջ, իսլամ և քրիստոնեություն*: Ամփոփ կներկայացնենք թվարկվածներից յուրաքանչյուրի նկարագիրը, Աստծո մասին պատկերացումները, և թե ի՞նչ է մարդը ստանում կրոնից: Վերջում կներկայացնենք նաև, թե ինչպես է Հիսուսի ուսմունքը տարբերվում այս հիմնական կրոններից:
*Այս կրոններն ունեն տարբեր ճյուղավորումներ, սակայն մենք կկենտրոնանանք դրանցից յուրաքանչյուրի միայն հիմնական հավատալիքների վրա: Կարելի էր նաև քննարկել համաշխարհային այլ կրոններ, ինչպիսին է, օրինակ, հուդայականությունը, սակայն հակիրճ ներկայացնելու համար, կսահմանափակվենք միայն վերը թվարկվածներով:
Հինդուիստների մեծամասնությունը երկրպագում է բացարձակ մեկության մեկ անձի (Բրահման), որը ներկայանում է աստվածների և աստվածուհիների անվերջ մարմնավորումների միջոցով: Այս տարբեր աստվածությունները մարմնավորվում են կուռքերի, տաճարների, գուրուների, գետերի, կենդանիների և այլնի մեջ: Հինդուիստները հավատում են, թե իրենց կարգավիճակն այս կյանքում որոշվում է նախորդ կյանքում իրենց կատարած գործերի արդյունքում:
Հինդուիզմը այս կյանքի տառապանքներն և չարիքի գոյությունը բացատրում է այսպես. եթե մարդը նախորդ կյանքում եղել է չար, ապա այս կյանքում նա արդարացիորեն պետք է բախվի դժվարությունների: Ցավը, հիվանդությունը, աղքատությունը, բնական աղետները պատուհասում են մարդուն նախորդ կյանքում կատարած մեղքերի պատճառով: Այսօրվա տառապանքը անցյալի չարության հետևանքն է:
Հինդուիստի նպատակը կարմայի օրենքի`ճակատագրի ազդեցությունից ազատվելն է՝ անընդհատ շարունակվող վերամարմնավորումների շրջափուլից ազատ լինելը: Կարևորը միայն հոգին է, որը մի օր կազատվի ծնվելու և մահանալու շրջափուլերից և կմտնի հանգստի մեջ:
Հինդուիզմը մարդուն հնարավորություն է տալիս ընտրելու հոգևոր կատարելության տանող ճանապարհը: Կարմայի շրջափուլից դուրս գալու երեք ճանապարհ կա՝ 1.Սիրո ամբողջական նվիրում հինդուիստական աստվածներից մեկին: 2. Բրահմանի (մեկություն) վրա կենտրոնացած մեդիտացիաներ, որոնք օգնում են գիտակցելու, որ այս կյանքի իրավիճակներն իրական չեն, որ ես-ը խաբկանք է, և միայն Բրահմանն է իրականություն: 3. Ներգրավված լինել տարբեր կրոնական ծեսերի և արարողակարգերի մեջ:
Նյու էյջը շեշտադրում է անձի ներքին զորության կամ աստվածայինի զարգացումը: Չընդունելով տիեզերքն արարած տրանսցենդետ անձ Աստծո գաղափարը` Նյու էյջի հետևորդները հավատում են սեփական անձի ներսում ավելի բարձր գիտակցության գոյությանը և իրենք իրենց համարում աստվածություններ: Նրանք հավատում են, որ տիեզերքն իրենց մեջ է ամփոփվում և այն, ինչ տեսնում, լսում, զգում կամ երևակայում են, աստվածայինն է: Շատ յուրօրինակ կերպով Նյու էյջն իր ուսմունքը ներկայացնում է որպես անտիկ հոգևոր ավանդությունների մի համախումբ: Հինդուիզմի նման այն ևս ընդունում է շատ աստվածների ու աստվածուհիների, այդ թվում և Երկիր մոլորակը` որպես ամեն բանի հոգևոր աղբյուր և բանականություն ու զգացմունքներ ունեցող աստվածություն: Սակայն ամեն ինչի կենտրոնը ես-ն է: Ես-ն է ամեն բանի սկիզբը, վերահսկողը և ամեն ինչի վրա իշխանություն ունեցողը: Անձի պատկերացումներից դուրս ուրիշ իրականություն գոյություն չունի:
Նյու էյջն ուսուցանում է արևելյան միստիցիզմի և հոգևոր գործողությունների, մետաֆիզիկական և ֆիզիկական տեխնիկաների մի ընդգրկուն շրջանակ` շնչառական վարժություններ, երգեցողություն, թմբկահարություններ, մեդիտացիա և այլն, որի նպատակն է անհատի մեջ զարգացնել այլընտրանքային գիտակցություն և սեփական աստվածության հատկանիշներ: Անձի ցանկացած բացասական փորձառություն (ձախողումներ, տխրություն, բարկություն, եսասիրություն, վիրավորանք) ընկալվում է որպես խաբկանք: Նրանք հավատում են, թե բացարձակ իշխանություն ունեն իրենց կյանքի վրա, և իրենց կյանքին վերաբերող ոչինչ չի կարող լինեն սխալ, բացասական կամ ցավոտ: Ի վերջո անհատն իր մեջ զարգացնում է հոգևորության մի մակարդակ, որտեղ վերանում է օբյեկտիվ արտաքին իրականությունը: Նա վերածվում է իր սեփական իրականությունն արարող աստծու:
Բուդդայականության մեջ բացակայում է աստվածների կամ Աստծո պաշտամունքը, և դրան անծանոթ մարդիկ հաճախ կարծում են, թե բուդդայականները երկրպագում են Բուդդային, սակայն վերջինս (Սիդհարթա Գաուտամա) երբեք չի պնդել, թե ինքն աստվածություն է: Բուդդայականների կողմից նա առավելապես ընկալվում է որպես մեկն, ով հասել է հոգևոր լուսավորության և կյանքի ու մահվան` անընդհատ կրկնվող շրջափուլերից ազատ լինելու մակարդակի, որին ձգտում են հասնել և իրենք:
Բուդդայականները հավատում են իրենց մեջ տառապանք պարունակող վերամարմնավորումների անհամար շարքի գոյությանն ու ցանկանում են ազատվել դրանցից: Նրանք կարծում են, թե մարդու ցանկությունները, խորշանքներն ու խաբկանքներն են այդ վերամարմնավորումների պատճառը, և սեփական սիրտը մաքրագործելու համար անհրաժեշտ է ձերբազատվել մարմնական ու զգայական բոլոր ցանկություններից:
Բուդդայկաններրը հետևում են կրոնական սկզբունքների մի ամբողջ ցանկի և մեծ ուշադրություն են դարձնում մեդիտացիաներին: Նրանց մեդիատացիան նույնը չէ, ինչ աղոթելը կամ Աստծո վրա կենտրոնանալը: Դա ավելի շատ ինքնավերահսկողություն է: Նրանք հավատում են, որ մեդիտացիաների շնորհիվ կարող են հասնել նիրվանայի վիճակին, որը ցանկությունների կրակի մարումն է խորհրդանշում: Բուդդայականությունը մարդու արժեքային համակարգի համար ճիշտ այնպիսի հոգևոր ցուցումներ, ուղղորդումներ, պատգամներ է տալիս, ինչպիսիք բնորոշ են նաև մյուս կրոններին:
Մուսուլմանները հավատում են, որ գոյություն ունի մեկ ամենակարող Աստված` Ալլահը, ով անսահմանորեն բարձր և գերակա է մարդկությունից: Նա ընկալվում է որպես տիեզերքի արարիչ և ողջ բարիքի ու չարիքի սկզբնաղբյուր: Կատարվող ամեն բան Ալլահի կամքն է: Նա զորեղ և խիստ դատավոր է, ում ողորմածությունն իր հետևորդների հանդեպ պայմանավորված է նրանց կյանքի բարի գործերի և կրոնական նվիրվածության աստիճանից: Մուսուլմանների հարաբերությունն Ալլահի հետ նման է ծառայի և տիրոջ հարաբերություններին: Թեև մուսուլմանները պատվում են մի քանի մարգարեների, սակայն միայն Մուհամեդն է ընկալվում որպես վերջին մարգարե, իսկ նրա խոսքն ու ապրելակերպը` հեղինակություն նրանց համար: Լինելով մուսուլման՝ մարդը պետք է հետևի հինգ կրոնական պարտականությունների՝ ա. կրկնի Ալլահի և Մուհամեդի մասին հանգանակը, բ. օրական հինգ անգամ կատարի որոշ արաբերեն աղոթքներ, գ. օգնի կարիքավորներին, դ. տարեկան մեկ ամիս արևածագից մինչև մայրամուտ պահի սննդի, խմիչքի, սեռական կյանքի և ծխելու ծոմ, ե. կյանքում գոնե մեկ անգամ ուխտագնացություն կատարի դեպի Մեքքա, որպեսզի երկրպագություն մատուցի այնտեղի սրբավայրում:
Այս պարտականությունները հավատարմորեն պահող մուսուլմանը հույս ունի, որ մահից հետո կհայտնվի դրախտում, հակառակ դեպքում` հավիտենական պատժի կարժանանա դժոխքում:
Բազմաթիվ մարդկանց համար իսլամը համապատասխանում է կրոնի և աստվածայինի հանդեպ նրանց ունեցած ակնկալիքներին: Իսլամը սովորեցնում է, որ կա մեկ բացարձակ աստվածություն, ում պետք է երկրպագել բարի գործերի և կանոնավոր կրոնական ծեսերի միջոցով: Մահից հետո մարդը պարգևատրվում կամ պատժվում է` կախված վերջինիս կրոնական նվիրվածությունից: Մուսուլմանները հավատում են նաև, որ կյանքը Ալլահի համար զոհելն ուղիղ ճանապարհ է դեպի դրախտ:
Քրիստոնյաները հավատում են սիրող Աստծուն, Ով հայտվեց մարդկանց մեջ, և Ում կարելի է ճանաչել երկրային կյանքի ընթացքում: Հիսուս Քրիստոսի շնորհիվ քրիստոնյայի կենտրոնացումը զուտ միայն կրոնական ծեսերը կամ բարի գործերը չեն, այլև` Աստծո հետ հարաբերության վայելքն ու Նրան ավելի լավ ճանաչելու փափագը: Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի էությունը քրիստոնյայի` ուրախություններով լի կյանքն է: Իր երկրային կյանքի ընթացքում Հիսուսն Իրեն չներկայացրեց որպես Աստծո մասին խոսող մարգարե կամ լուսավորող ուսուցիչ, այլ` որպես մարդկային մարմին առած Աստված: Նա հրաշքներ գործեց, ներեց մարդկանց մեղքերը և ասաց, որ Իրեն հավատացողը հավիտենական կյանք կունենա: Նա հետևյալ պնդումն արեց. «Ես եմ աշխարհի լույսը, Իմ հետևից եկողը չի քայլի խավարում, այլ կյանքի լույսը կընդունի»1:
Քրիստոնյաների համար Աստվածաշունչը Աստծո գրավոր ուղերձն է՝ ուղղված մարդկությանը: Ի հավելումն նրա, որ այն Հիսուսի կյանքի և գործած հրաշքների պատմական փաստերի աղբյուր է, Աստվածաշունչը նաև բացահայտում է Նրա Անձը, Նրա սերն ու ճշմարտությունը, և թե ինչպես մարդը կարող է հարաբերվել Նրա հետ:
Աստվածաշունչը սովորեցնում է, որ ինչպիսի իրավիճակների էլ բախվի քրիստոնյան իր կյանքում, նա կարող է գալ իրեն անկեղծորեն սիրող իմաստուն և ամենակարող Աստծո մոտ: Նրանք հավատում են, որ Աստված լսում և պատասխանում է աղոթքներին, և որ կյանքն իմաստալից է դառնում, երբ մարդը պատվում է Աստծուն:
Հավատալիքների այս հիմնական համակարգերի և Աստծուն ընկալելու դրանց կերպերին ծանոթանալիս մենք ահռելի տարբերությունների ենք բախվում:
Արդյո՞ք բոլորը կրոնները նույն Աստծուն են պաշտում: Եկեք քննենք սա: Նյու էյջը սովորեցնում է, որ ամեն ոք ինքը պետք է հասնի տիեզերական գիտակցության կիզակետին, սակայն դրան հասնելու համար մուսուլմանը պետք է թողնի մեկ Աստծո գաղափարը, հինդուիստը՝ բազմաթիվ աստվածներին, իսկ բուդդայականն ընդունի, որ Աստված գոյություն ունի:
Աշխարհի հիմնական կրոնները՝ հինդուիզմը, Նյու էյջը, բուդդայականությունը, իսլամը և քրիստոնեությունը, բավականին առանձնահատուկ են:
Դրանցից միայն մեկն է ասում, որ գոյություն ունի անձնավորված սիրող Աստված, Ում հնարավոր է ճանաչել այս երկրային կյանքի ընթացքում: Հիսուս խոսում էր մեզ հետ հարաբերություն ստեղծելու ցանկություն հայտնող Աստծո մասին, Ով ներկայանում է որպես Մխիթարիչ, Խորհրդատու, մեզ շատ սիրող և հզոր Աստված:
Հինդուիզմում մարդը սեփական ուժերով է փորձում ազատվել կարմայի շրջափուլից: Նյու էյջում մարդն աշխատում է աստվածության հասնելու ուղղությամբ: Բուդդայականության մեջ ցանկություններից ազատ լինելը անհատական պայքար է, իսկ իսլամի մեջ դրախտին արժանանալու համար անհատը պետք է հետևի որոշակի կրոնական օրենքների: Միայն քրիստոնեւթյան մեջ է, որ անձնական հարաբերություն է հնարավոր Աստծո հետ՝ հարաբերություն, որը շարունակվում է նաև մարդու մահից հետո:
Պատասխանն է՝ այո: Մարդը ոչ միայն կարող է միավորվել Աստծո հետ, այլև կարող է իմանալ, որ ամբողջովին ընդունելի և սիրված է Նրա կողմից:
Համաշխարհային կրոններից շատերը հոգևոր կատարելության հասնելու ճանապարհին միայնակ են թողնում անհատին: Օրինակ` Բուդդան երբեք չպնդեց իր անմեղության մասին, Մուհամեդը նույնպես խոստովանում էր, որ ներման կարիք ունի: «Անկախ նրանից, թե որքան իմաստուն, որքան շնորհալի և ազդեցիկ կարող են եղած լինել մյուս մարգարեները, գուրուներն ու ուսուցիչները, նրանք բավականաչափ գիտակից են եղել, որպեսզի հասկանան, որ նույնքան անկատար են, որքան մենք»2:
Հիսուս Քրիստոս, սակայն, երբեք չի ակնարկել որևէ անձնական մեղքի մասին, ավելին, Նա ներում էր մարդկանց մեղքերը և կամենում է ներել նաև մեր մեղքերը: Մենք քաջատեղյակ ենք մեր թերացումներին, մեր այն դրսևորումներին, որոնք մյուս մարդկանց կարող են ստիպել վատ կարծիք կազմելու մեր մասին…Դրսևորումներ, որոնք ինքներս կուզեինք, որ չլինեին` կախվածություններ, բարկություն, պղծություն, ատելություն և այլն: Ու թեև Աստված սիրում է մեզ, բայց ատում է մեղքը: Նա ասում է, որ այն խոչընդոտ է Իրեն ճանաչելու ճանապարհին, և ուղիներ է բացում ներում ստանալու և Իրեն ճանաչելու համար: Հիսուս՝ Աստծո Որդին, Աստված՝ մարդկային մարմնում, իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը, չարչարանքներ կրեց խաչի վրա և կամավոր կերպով ընտրեց մահը`մեր փոխարեն:
Աստվածաշունչն ասում է. «Սրանով իմացանք Քրիստոսի սերը, որ Նա Իր անձը տվեց մեզ համար»3:
Աստված մեզ ամբողջական ներում է առաջարկում Հիսուսի` մեր փոխարեն մահանալու շնորհիվ: Սա ներում է մեր բոլոր` անցյալի, ներկայի և ապագայի մեղքերի համար, սակայն այդ ներումը վավերական կդառնա մեր լիակատար զղջման և խոստովանության դեպքում միայն: Հիսուս վճարել է դրա համար: Տիեզերքն արարած Աստված սիրում է մեզ ու ուզում, որ հարաբերվենք Նրա հետ: «Սրանով Աստծո սերն երևաց մեզանում, որ Աստված Իր միածին Որդուն ուղարկեց աշխարհ, որ Նրանով կյանք ունենանք»4:
Քրիստոս մեղքից և մեղավորության զգացումից իրական ազատություն է առաջարկում մարդուն և չի թողնում նրան մենակ` ձախողման բեռը ուսերին և ապագայի ինչ-որ մի աղոտ ու անորոշ հույսով, թե վաղն ավելի լավ կլինի: Հիսուս Քրիստոսի շնորհիվ Աստված օգնության ձեռք է մեկնում մարդկությանը՝ ճանապարհ բացելով Իրեն ճանաչելու համար:
«Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»5:
Մենք ստեղծվել ենք Աստծո կողմից, որպեսզի Նրա հետ հարաբերության մեջ ապրենք: Հիսուս ասաց. «…Ինձ մոտ եկողը չի սովի և Ինձ հավատացողը երբեք չի ծարավի… և Ինձ մոտ եկողին Ես դուրս չեմ հանի»6: Նա մարդկանց կանչեց Իրեն հետևելու. «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը. ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ Ինձնով»7: Պնդելով, որ Ինքը Ճշմարտությունն է՝ Հիսուս Քրիստոս ավելի հեռուն գնաց բոլոր մարգարեներից և ուսուցիչներից, որոնք պարզապես պնդում էին, թե ճշմարտությունն են ասում8:
Հիսուս Իր Անձն Աստծուն հավասար էր ներկայացնում և անգամ ապացուցում դա: Նա ասում էր, որ Իրեն խաչելու են, և որ մահվան երրորդ օրն Ինքը հարություն կառնի: Նա չասաց, թե հետո` ապագայում, ինչ-որ մի անորոշ ժամանակ անց կվերամարմնավորվի (ո՞վ կարող էր ստուգել՝ դա տեղի ունեցավ, թե՞ ոչ), այլ ասաց՝ երեք օր գերեզման դրվելուց հետո Ինքը կենդանի կկանգնի նրանց առջև, ովքեր Իր խաչելության վկաներն են եղել:
...Երրորդ օրը Հիսուսի գերեզմանը գտան դատարկ, և շատ մարդիկ վկայեցին, որ Նա երևացել է իրենց: Եվ հիմա Նա հավիտենական կյանքը մեզ է առաջարկում:
Շատ կրոններ կենտրոնանում են անհատի հոգևոր ջանքերի վրա, մինչդեռ Տեր Հիսուսի հետ մարդը երկկողմ հաղորդակցություն ունի: Նա կանչում է մեզ`մարդկանց, որ մոտենանք Իրեն. «Տերը մոտ է բոլոր Իրեն կանչողներին՝ այն ամենին որ կանչում են Նրան ճշմարտությունով»9:
Դու կարող ես շփվել Աստծո հետ, և Նա կպատասխանի քեզ, կլսի քո աղոթքները, ավելի մեծ խաղաղություն և ցնծություն կպարգևի, կառաջնորդի, Իր սերը կհայտնի և կվերափոխի քո կյանքը: Նա ասում է. «Ես եկա, որ կյանք ունենան, և է՛լ ավելի ունենան»10: Սակայն սա չի նշանակում, թե կյանքը կդառնա կատարյալ և ազատ կլինի բոլոր խնդիրներից, այլ նշանակում է, որ կյանքի բոլոր իրավիճակներում դու կարող ես հույս դնել Աստծու վրա, ապավինել Նրան, Նա Ինքն է ուզում մտնել քո կյանք, Նա հավատարիմ ու սիրող Աստված է:
Սա նվիրում չէ ութակի ուղուն կամ հինգ հիմնասյուների նման ինքնակատարելագործման մեթոդներին, մեդիտացիաներին, բարեգործություններին կամ անգամ Տասը պատվիրաններին, որոնք, առաջին հայացքից հստակ, լավ սահմանված և հեշտությամբ պահվող հոգևոր ուղիներ են, սակայն որոնց ընթացքը դեպի կատարելություն ճանապարհ հետո աստիճանաբար դառնում է բեռնավորված ծանր պայքար և Աստծո հետ կապը վերածում անիրական մի բանի:
Մեր հույսը օրենքների և կանոնների շարքին հետևելու մեջ չէ, այլ՝ Փրկչին ճանաչելու, Ով ամբողջապես ընդունում է մեզ Իր և մեզ համար կատարած Իր զոհաբերության հանդեպ ունեցած հավատքի շնորհիվ: Մենք մեր տեղը Երկնքում չենք վաստակում կրոնական ջանքերի կամ բարեգործությունների արդյունքում, այլ փրկությունը ձրի նվեր ենք ստանում` ճիշտ հարաբերություն սկսելով Հիսուս Քրիստոսի հետ:
Կուզեի՞ր ամբողջովին ներված լինել և անձամբ ճանաչել քեզ սիրող Աստծուն:
Աշխարհի կրոններում մարդն առնչվում է ուսմունքների, գաղափարների, ուղիների, կանոնների, ծիսակարգերի և այլնի հետ, բայց միայն Հիսուսի շնորհիվ է, որ նա հնարավորություն ունի հարաբերվել սիրող և զորեղ Աստծո հետ: Դու կարող ես խոսել Նրա հետ, և Նա կսկսի առաջնորդել քեզ այս կյանքի ընթացքում: Նա միայն ուղին, փիլիսոփայությունը կամ կրոնը մատնացույց չի անում, այլ ողջունում է Իրեն ճանաչելու, ուրախությամբ լցվելու և տարբեր մարտահրավերների առկայության դեպքում Իր սիրուն վստահելու քո ձգտումները: «Տեսե՛ք, թե Հայրն ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ Աստծո որդիներ կոչվենք…»11:
Դու կարող ես Աստծո հետ հենց հիմա հարաբերություն սկսել: Դա այնքա՜ն դյուրին է: Պարզապես անկեղծորեն խնդրիր Նրան ներել մեղքերդ և գալ քո կյանք: Հիսուս ասում է. «Ահա, Ես դռան առջև կանգնած եմ և թակում եմ. եթե մեկը լսի Իմ ձայնը և դուռը բացի, կմտնեմ նրա մոտ և ընթրիք կանեմ նրա հետ, և նա՝ Ինձ հետ»12:
Կուզեի՞ր կապ հաստատել քեզ ստեղծած Աստծո հետ, Ով խորապես սիրում է քեզ: Դու հենց հիմա կարող ես անել դա, եթե սրտիդ մեջ կա այդ փափագը. «Տե՛ր Աստված, ես խնդրում եմ ներես ինձ և Քեզ հենց հիմա հրավիրում եմ գալ իմ կյանքի: Շնորհակալ եմ, Հիսուս, իմ մեղքերի համար մահանալու համար, շնորհակալ եմ իմ կյանք գալու համար, ինչպես խոստացել էիր»:
Աստվածաշունչն ասում է. «...Որոնք որ Նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու…»13:
Եթե անկեղծորեն խնդրեցիր Աստծուն գալ քո կյանք, ապա սա նշանակեց, որ անձնական հարաբերություն սկսեցիր Նրա հետ, դու հենց նոր հանդիպեցիր Աստծուն, Ով ցանկանում է օգնել քեզ ճանաչել Իրեն, բնակվել Իր սիրո մեջ, ինչպես նաև ուզում է իմաստությամբ առաջնորդել քեզ՝ անկախ նրանից, թե որոշումներ կայացնելու հարցում որքան բարդ խնդիրների ես բախվել: Աստվածաշնչում տեղ գտած Հովհաննեսի Ավետարանը սովորեցնում է, թե ինչպես Աստծո հետ ավելի լավ հարաբերվել:
Իսկ միգուցե դու՞ էլ ես ուզում Հիսուսին քո կյանք հրավիրելու որոշման մասին պատմել ուրիշներին:
Հղումներ: (1) Հովհաննես 8:12 (2) Էրվին Վ. Լութցեր, Քրիստոս՝ աստվածների մեջ (Չիկագո. Մուդի պրես,1994թ.), էջ. 63 (3) Ա Հովհաննես 3:16 (4) Ա Հովհաննես 4:9 (5) Հովհաննես 3:16 (6) Հովհաննես 6:35, 37 (7) Հովհաննես 14:6 (8) Լութցեր, էջ 106 (9) Սաղմոս 145:18 (10) Հովհաննես 10:10 (11) Ա Հովհաննես 3:1 (12) Հայտնույթուն 3:20 (13) Հովհաննես 1:12