Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր
Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր

Ի՞նչ անել, եթե միայնակ ես զգում

Դատարկության զգացողությունը թաքցնելու փոխարեն՝ ահա թե ինչ կարող ես անել, երբ միայնակ ես զգում:

Ըստ Էշլին Սեյցի

Ես ինձ ամենուրեք մենակ էի զգում. մեքենայիս մեջ՝ կարմիր լույսի տակ կանգնած, մարդկանցով լի սենյակում, ռադիո լսելիս, խաչմերուկում, լիաթոք ծիծաղող ընկերներիս մեջ… Միայնության այդ զգացումը շարունակ հետապնդում էր ինձ՝ գիշեր թե ցերեկ, քնած թե արթուն, երազում թե արթմնի…

Մենակության այս զգացողությունը բոլորին է ծանոթ…

Մենակության զգացումը կարող է վերածվել միայնության վախի, իսկ միայնության վախը կարող է դառնալ դրանից խուսափելու միջոցներ փնտրելու պատճառ: Արդյունքում մարդը սկսում է օրական հազարավոր հաղորդագրություններ ուղարկել տարբեր տեղեր կամ զգացումները խեղդել ալկոհոլի, տեսախաղերի, թմրանյութերի մեջ կամ կասկածելի կապեր է հաստատում անծանոթ մարդկանց հետ և այլն: Այս ամենը տեղի է ունենում լոկ այն պատճառով, որ նա չի ուզում թեկուզ մի քանի րոպեով մենակ մնալ իր աշխարհում: Լինում է և հակառակը՝ մարդը փակվում է սենյակում, մեկուսանում աշխարհից՝ մերժելով ուրիշների հետ ցանկացած շփում:
Ինքնուրույն անհնարին է դուրս գալ այդ միայնությունից…

Առակն ասում է. «Սիրտն է զգում իր հոգու ցավը, և նրա ուրախությանը օտարը չի խառնվի» (Առակաց 14:10): Մենք՝ բոլոր մարդիկս, առանձնացած ենք իրարից և, թեև ի վիճակի ենք ինչ-որ չափով հասկանալ միմյանց, այնուամենայնիվ, զգում ենք այդ առանձնացումը: Ոչ ոք չի կարող լիովին ընկալել դիմացինի ապրումները: Մենությունը կարող է վերածվել մի ահեղ և ցավոտ խնդրի՝ կախված այն բանից, թե ինչպես է մարդն արձագանքում դրան:

Ի՞նչն է միայնության պատճառը:

Երբևէ խորհել եք այն հարցի շուրջ, թե ինչի՞ համար ենք մենք ստեղծվել: Աստվածաշունչը բացատրում է, որ Աստված մեզ արարել է հաղորդակցության համար, որպեսզի մենք միավորվենք միմյանց հետ ու համայնք կազմենք: Հաճախ մենք իդեալականացնում ենք ռոմանտիկ հարաբերությունները և կարծում, որ եթե գտնենք մեզ համապատասխան մեկին, ապա այլևս երբեք միայնակ չենք լինի: Բայց միայնություն կարելի է «գտնել» նույնիսկ երջանիկ ամուսնություն ունեցող զույգերի մոտ:
Մենք չենք ստեղծվել, որ միայն իրար հետ շփվենք, այլ, որ ավելի կարևոր է, Աստծո հետ հաղորդակցություն ունենանք: Հարստությունը, ձեռքբերումներն ու հեղինակությունը ի զորու չեն մեզ միայնությունից ազատելու: Ասվածի վառ օրինակ է շոու-բիզնեսը՝ իր աղմկոտ ամուսնալուծություններով, ինքնասպանություններով, թմրանյութերի չարաշահումներով և այլն:
Աստվածաշնչում շատ կան պատմություններ ունևոր, սակայն իրենց միայնակ զգացող մարդկանց մասին, ինչպես նաև պատմություններ ընչազուրկների մասին, որոնք ամենևին միայնակ չէին, քանի որ մոտ էին Աստծուն:

Սողոմոնը Իսրայելի թագավորն էր, ում Աստված գրեթե անսահման իմաստությամբ էր օժտել: Նա բառացիորեն ուներ ամեն ինչ՝ ոսկու մեծ պաշարներ, հսկա պալատ, հարյուրավոր կանայք և հարճեր: Կարելի էր կարծել, թե Սողոմոնը աշխարհի ամենախաղաղ մարդն էր, բայց իր գրած գրքերից մեկում նա նկարագրում է, թե ինչպիսի ունայն է սեփական կյանքը. «Եվ ես նայեցի իմ ձեռքերի արած բոլոր գործերին և այն աշխատանքին, որ աշխատելով արել էի: Եվ ահա բոլորն ունայն էր և քամու աշխատանք: Եվ արեգակի տակ մի օգուտ չկա» (Ժողովող 2:11):

Սողոմոնի միայնության և հուսահատության ֆոնին շատ պատկերավոր է համեմատությունը բորոտի և Հիսուսի պատմության հետ: Հիշենք այդ պատմությունը. մի օր Հիսուս, երբ քայլում էր քաղաքի փողոցներով, հանդիպեց մի բորոտի: Բորոտներն այն ժամանակ շատ ավելի սարսափազդու տեսք ունեին, քան հիմա: Միայն նրանց դիպչելու մտքից մարդիկ սարսափ էին ապրում: Բորոտները մերժված էին և վտարված հասարակության միջից: Հաճախ նաև՝ լքված ընկերների ու ընտանիքի անդամների կողմից: Նրանք մուրացկաններ էին, որոնք պարզապես իրենց օրվա հացն էին մուրում: Եկեք մտովի պատկերացնենք այս բորոտին՝ նստած փոշու ու կեղտի մեջ և անտեսված անցորդների կողմից: Նա ոչ ոք չուներ, որին կարողանար օգնության դիմել, և բացարձակ չքավորության մեջ էր: Նա վեր կացավ իր տեղից ու քայլեց դեպի Հիսուսը: Հետո ծնկի եկավ Նրա առջև ու խնդրեց բժշկել իրեն: Հիսուս դիպավ բորոտին՝ մեկին, ով, հավանաբար տարիներ ի վեր չէր զգացել որևէ մեկի հպումը, և… բժշկեց նրան: Այժմ նա մաքուր էր իր հիվանդությունից և ընդունված հասարակության կողմից: Նա հիացած կատարվածով շրջում էր ամենուր և պատմում իր գերբնական ազատագրության մասին՝ թեև Հիսուս նրան հակառակն էր պատվիրել: Այս մարդու կյանքը հանկարծ լցվել էր ուրախությամբ և իմաստով, թեև առաջվա պես չքավոր էր և միայնակ: Ի՞նչն այսպես փոխեց այս մերժված մարդու ներաշխարհը: - Ընդամենը մի կարճ հանդիպում Հիսուսի հետ:

Մենք ստեղծված չենք միայնության համար…

Մենք ստեղծվել ենք Աստծո հետ հաղորդակցվելու համար:

Սա մի հստակ ուղի է, որով կարող ենք դուրս գալ միայնության ճահճից: Այս մեկ հանդիպումը Հիսուսի հետ, Ով Աստված է, բորոտի կյանքն իմաստավորեց, այն լցրեց մխիթարությամբ և ուրախությամբ, մինչդեռ աշխարհի մեծագույն հարստությունը, կանայք ու փառքը ի վիճակի չեղան իմաստավորել Սողոմոնի կյանքը: Աստծո հետ անձնական հարաբերություն ունենալը փոխում է ամեն բան: Հենց սա է պատասխանը միայնության հիմնախնդրին:

- Այսինքն՝ Աստծո հետ հարաբերություն հաստատելը պաշտպանո՞ւմ է մեզ միայնության զգացողությունից մեր ողջ կյանքի ընթացքում,-հարց է ծագում:
- Ո՛չ: Ամեն բան շատ ավելի բարդ է, քանի որ մեր աշխարհի ողջ համակարգն է խափանված: Մենք Աստծուց բաժանված ենք մեր մեղքերի և Նրանից հեռու ապրելու մեր ցանկության պատճառով: Քանի դեռ այս աշխարհում ենք, մենք չենք կարող կատարելապես ազատ լինել միայնության, ափսոսանքի կամ վախի զգացողություններից:

Ուրեմն՝ ի՞նչ…

Չնայած միայնությունը մարդկային իրականության մի մաս է և չունի վայրկենական բուժում, այնուամենայնիվ, կա երկու բան, որը կարող է օգտակար լինել այստեղ և հիմա:

Համայնք: Ինչպես պայքարել միայնության դեմ…

Թեպետ մենք ստեղծվել ենք միմյանց հետ հաղորդակցվելու համար, այնուամենայնիվ, միայնության դեմ պայքարի առյուծի բաժինը տեղի է ունենում համայքի մեջ: Ոչ մի ընկեր չի կարող օգնել քեզ միայնությունից ընդմիշտ ազատվելու հարցում, սակայն երբ շուրջդ լի է մարդկանցով, ովքեր հոգ են տանում քեզ ոչ թե քո հարստության, անձնական հմտությունների, բաժակի ընկեր լինելու կամ հմայքի համար, այլ զուտ մարդկային բարի կամքից դրդված, ապա սա օգնում է հասկանալ, որ իրականում մենք մենակ չենք…

Անգամ գիտությունն է վկայում այս մասին՝ որքան շատ ընկերներ ունի մարդը, այնքան ավելի շատ է ներգրավված կյանքի մեջ, և ավելի ամուր առողջություն ունի:
Փորձենք Google-ում որոնել «Ընկերության առողջական օգտակարությունը» թեման: Բրին Բրաունը, ով մարդկային հաղորդակցության հետազոտող գիտնական և փորձագետ է, հետևյալ բացատրությունն է տալիս ասվածին. «Ես մարդկային կապերը սահմանում եմ որպես նրանց միջև առկա էներգիայի աղբյուր, որը դրսևորվում է, երբ մադն իրեն զգում է լսված, նկատված և արժևորված, երբ նրանք կարող են տալ և ընդունել առանց դատապարտության զգացումի, և երբ հարաբերության շնորհիվ ստանում են համապատասխան ուժ և գործելու զորություն»:
Կյանքը սիրելի մարդկանց հետ բաժնեկցելը օգնում է իրերին նայել ոչ միայն սեփական տեսանկյունից, այլև կյանքին մի այնպիսի իմաստ է հաղորդում, որն օգնում է միայնության պահերին և ուժ տալիս:

Մեկը, ով հասկանում է քո միայնությունը…

Երբեմն դժվար է հասկանալ, թե ինչպես է հնարավոր անտեսանելի Աստծուն հավատալով՝ հաղթահարել միայնությունը: Աստվածաշունչն ասում է, որ Աստված երբեք չի լքում Իր զավակներին և մոտ է Իր անունը կանչողներին:
Աստված սիրում է քեզ և ցանկանում քեզ հետ հարաբերություն հաստատել: Նա ուզում է, որ քո միայնության պահերին գնաս Իր մոտ:

Նա ավելի լավ, քան ուրիշ մեկը, հասկանում է քո ներքին ապրումները: Երբ Հիսուս Իր կյանքի ամենադժվար ժամերն էր ապրում և մոտ էր խաչելության պահը, նրա ընկերները լքեցին և ուրացան Նրան, իրենց նույնիսկ այնպես էին պահում, ասես երբևէ չէին էլ ճանաչել Նրան:
Հիսուս քաջատեղյակ է, թե ինչ է նշանակում մենակ լինել, լինել միայնության մեջ… Աստվածաշունչն ասում է. «Տերը մոտ է սրտով կոտրվածներին և փրկում է հոգով փշրվածներին» (Սաղմոս 34:18): Ինչպիսի՞ ապրումներ կունենայիր, եթե կյանքիդ ամենախոր միայնության պահերին գիտակցեիր, որ մենակ չես, որ քեզ ստեղծած Աստված կողքիդ է և երբեք չի լքի քեզ:

Այս խոստումը քեզ համար է…

Մեղքը պատճառ դարձավ, որ մենք ապրենք մի աշխարհում, որտեղ կա միայնությունը, և մեղքն է, որ մեզ բաժանում է մեր Աստծուց: Կապ չունի, թե որքան լավն ենք և որքան քրտնաջան ենք փորձում փոխել իրավիճակը. սեփական ուժերով այս բաժանումը հաղթահարելն անհնարին է: Աստված Հիսուսին ուղարկեց Երկիր, որպեսզի Նա վերականգնի Իր հետ մեր հարաբերությունը: Աստվածաշունչն ասում է, որ Հիսուս եկավ, որպեսզի բժշկի սրտով կոտրվածներին: Հիսուս՝ Աստծո կատարյալ Որդին, մահացավ մեր մեղքերի համար, որպեսզի մենք այն բորոտի պես մաքրվելու հնարավորություն ունենանք: Մենք այլևս մերժված ու լքված չենք, այլ Աստծո զավակներն ենք: Բազմաթիվ գրքերի հեղինակ և հովիվ Թիմ Քելլերը մեր հանդեպ Աստծո հարաբերության մասին ասում է. «Աստծո աչքերը միակն են ողջ տիեզերքում, որ տեսնում են մեր ներսի խորությունները մինչև հատակը, իսկ Նրա սերը միակն է, որ կարող է մեզ ջերմացնել մինչև երկինքները»: Աստված տեսնում է մեր կյանքի վատագույն պահերը և շարունակում սիրել մեզ միևնույն՝ ջերմագին սիրով: Նա ուզում է, որ մենք գնանք Իր մոտ:
Արդյոք կուզե՞ս հարաբերություն սկսել Աստծո հետ և թույլ տալ Նրան օգնել քեզ քո միայնության պահերին: Դու դա կարող ես հենց հիմա անել՝ հավատալով Նրան և ընդունելով կյանքիդ մեջ այս աղոթքով, որը մի պարզ զրույց է Աստծո հետ: Աստված գիտի քեզ և քո սիրտը: Այստեղ բառերն էական չեն, այլ այն զգացողությունը, որով արտաբերում ես դրանք.

-Տե՛ր Հիսուս, ես ուզում եմ անձամբ ճանաչել Քեզ: Շնորհակալ եմ խաչի վրա իմ մեղքերի պատճառով մեռնելու համար: Ես իմ կյանքի դուռը բացում եմ Քո առջև և խնդրում մուտք գործել այնտեղ՝ որպես իմ կյանքի Տեր և Փրկիչ: Վերցրու՛ իմ կյանքի վերահսկողությունը Քո ձեռքերի մեջ: Շնորհակալ եմ, որ ներում ես մեղքերս և ինձ հավիտենական կյանքի պարգևն ես տալիս: Շնորհակալ եմ, որ ինձ հետ ես, և որ խոստանում ես երբեք չլքել ինձ: Խնդրում եմ՝ օգնի՛ր ինձ զգալ Քո ներկայությունը:

 Ես հենց նոր խնդրեցի Հիսուսին մուտք գործել իմ կյանք (հղումը պարունակում է որոշ օգտակար տեղեկություններ)…
 Ես, գուցե, խնդրեմ Հիսուսին մուտք գործել իմ կյանք: Խնդրում եմ՝ ավելի ամբողջական կերպով բացատրեք դա…
 Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ…
Կիսվել ուրիշների հետ:  

TOP