Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու հուդայականությունը չի ընդունում Հիսուսին որպես Մեսիա: Անշուշտ, «Հրեաներն հանուն Հիսուսի» շարժման հետևորդները կասեն, որ բազմաթիվ հրեաներ հավատում են Հիսուսին, և դա ճշմարիտ է: Սակայն, ընդհանուր առմամբ, հարցը հետևյալն է՝ ինչո՞ւ է հուդայականությունը որոշել, թե Հիսուսը Մեսիան չէր:
Եթե այս հարցին փորձենք երկու բառով պատասխանել, ապա պատասխանը կլինի այսպես՝ Հիսուս չէր համապատասխանում Մեսիայի հանդեպ ունեցած նրանց սպասումներին, և Նրա գործերի մեծ մասը հակասում էր Մեսիայի մասին նրանց ունեցած պատկերացումներին:
Օրինակ՝ հրեա կրոնական առաջնորդները խստորեն հետևում էին շաբաթ օրը գործ չանելու Հին Կտակարանի օրենքներին, սակայն Հիսուս շաբաթ օրը մարդկանց էր բժշկում ճիշտ այնպես, ինչպես դա անում էր շաբաթվա մյուս օրերին: Սա վիրավորանքի պես էր հրեաներին համար, և նրանց տրամաբանությունը հետևյալն էր՝ եթե Հիսուս Մեսիան լիներ, ապա երբեք դեմ չէր գնա կրոնական օրենքներին, որոնք, ըստ նրանց ընկալման, հաստատված էին Աստծո կողմից: Ահա ասվածի մասին վկայող մի դրվագ Աստվածաշնչից.
«Հիսուս մի մարդ տեսավ, ով ի ծնե կաղ էր (38 տարվա անդամալույծ):
Հիսուս ասաց նրան. «Վե՛ր կաց ,վերցրո՛ւ մահիճդ ու քայլի՛ր»: Այս մարդն ակնթարթորեն բժշկվեց և իրոք վերցրեց մահիճն ու քայլեց: Սակայն օրը շաբաթ էր: Հրեաներն այդ մարդուն սկսեցին նախատել. «Օրենք չէ, շաբաթ օրը մահիճդ վերցնել ու քայլել»: Վերջինս պատասխանեց. «Ինձ բժշկող մարդը ասաց ինձ, որ վերցնեմ մահիճս ու գնամ»: Այս մարդը նաև ասաց, որ իրեն բժշկողը Հիսուսն էր: Այս պատճառով էր, որ հրեաները ուզում էին Հիսուսին սպանել, քանի որ շաբաթ օրն էր անում նման բաները»1:
Անշուշտ, հրեա առաջնորդները միայն շաբաթ օրվա խնդրի համար չէ, որ հակասություններ ունեին Հիսուսի հետ: Նրանք կարծում էին, թե եթե Հիսուս Մեսիան լիներ, ապա պետք է Նրա մտածելակերպն ու վարքագիծը իրանց նման լիներ: Սակայն գողերին ու անառակներին դատապարտելու փոխարեն Հիսուս հաղորդակցվում էր նրանց հետ: Կրոնական առաջնորդներին ու նրանց օրենքները հասարակության առջև մեծարելու փոխարեն Հիսուս խստորեն խոսում էր նրանց կեղծավորության դեմ: Ավելին, Հիսուս բացեիբաց աղաղակում էր, որ եկել է մարդկանց հավիտենական կյանք տալու, սակայն եթե նրանք Իրեն չհավատան, ապա իրենց մեղքերի մեջ կմեռնեն: Այսպիսի վարքագիծը դժվար թե հրեաների կողմից հավանության արժանանար:
Այսպիսով՝ ինչպիսի՞ն էր նրանց պատկերացումը Մեսիայի մասին: Հիմնականում, թե՛ այն ժամանակվա և թե՛ մերօրյա հրեաները սպասում են քաղաքական Փրկչի՝ մի Թագավորի, Ով հավիտյան իշխելու է Իսրայելում:
Հին Կտակարանի գրվածքները բազմաթիվ մարգարեություններ են պարունակում Մեսիայի մասին, Ով գալու էր որպես տիրակալ, հաղթանակող Աստված և հաստատելու էր Իր Թագավորությունը: Սա դեռ չի իրականացել և իրողություն կդառնա Քրիստոսի Երկրորդ Գալուստով: Ի հավելումն այս մարգարեությունների՝ Արքա Մեսիայի նկարագիրը ամբողջանում է, երբ հարյուրավոր այլ մարգարեական տողերում հստակ խոսվում է այն մասին, որ Նա լինելու է նաև մարդկանց իրենց մեղքերից ազատագրող Փրկիչ: Սա հենց այն է, ինչ արեց Հիսուս, և հենց այս պատճառով բազմաթիվ հրեաներ հավատացին Նրան, թեև այդ նույն պատճառով շատերի կողմից էլ Նա մերժվեց:
Երբ Հիսուս Քրիստոս այս աշխարհ եկավ, Նրա կյանքը ճշգրիտ կերպով իրականացրեց Հին Կտակարանում Մեսիայի կյանքի մասին գրված ավելի քան 300 հատուկ կանխասություններ: Միքիա մարգարեն կանխասել էր, որ Մեսիան ծնվելու է Բեթլեհեմում: Եսայիան խոսել էր կույսից ծնվելու գերբնական հրաշքի մասին: Զաքարիան գրել էր ավանակի վրա Երուսաղեմ մուտք գործելու և 30 արծաթով դավաճանվելու մասին: Եսայիան նաև գրում է. «…Տերն օծել է Ինձ: Նա ուղարկել է Ինձ աղքատներին ավետիք տալու, կոտրված սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն հրատարակելու և կապեալներին՝ արձակում…»2: Դավիթ մարգարեն կանխասել էր Մեսիայի ձեռքերն ու ոտքերը մեխելու մասին և նաև այն մասին, որ զինվորները վիճակ էին գցելու նրա հանդերձների համար:
Հիսուս կատարելապես իրագործեց Հին Կտակարանի բոլոր 300 մարգարեությունները: Հավանականությունը, որ մարդը այս բոլոր մարգարելություններից ընդամենը 8-ը կիրագործի իր կյանքում հավասար է 1-ը 100,000,000,000,000,0003-ի հանդեպ:
Սակայն, թեև մարգարեությունները հստակ իրականացել են, սակայն շատ հրեաներ դեռ սպասում են իրենց քաղաքական մեսիային, մեկին, ով վերջապես կազատի իրենց մյուս ազգերի հետ ունցած հակամարտություններից: Հիսուսի օրերում հրաները գտնվում էին Հռոմեական կայսրության իշխանության տակ, և բազմաթիվ հրեաներ հույս ունեին, որ Մեսիան իրեն ազգին անկախություն է բերելու:
Այս հույսի դրսևորումներից մեկն էլ այն մեծ ամբոխի տոնախմբությունն էր, որ հավաքվել էր ողջունելու Հիսուսի մուտքը Երուսաղեմ: Նրանք արմավենու ճյուղեր և իրենց հանդերձներին էին դնում այն ճանապարհի վրա, որով Հիսուս ավանակի վրա նստած մուտք էր գործում Երուսաղեմ (ինչը նույնպես մարգարեություն էր Մեսիայի մասին): Այդ մարդիկ աղաղակում էին. «Օրհնյալ է Տիրոջ անունով եկողը»: Անգամ Հիսուսի աշակերտներն էին հարցնում. «Սա՞ է այն ժամանակը, որ հաստատելու ես Քո Թագավորությունը»: Բոլորը հույս ունեին, որ Հիսուս ազատելու է իրենց Հռոմեական տիրապետության լծից: Սակայն սա չէր Հիսուսի երկիր գալու նպատակը: Նա եկել էր իրագործելու այն, ինչի մասին մարգարեացել էր Եսայի մարգարեն.
«Նա անարգված և մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր և ցավի տեղյակ եղավ, և մի այնպիսի ցավի, որից պետք է երես ծածկել: Անարգված էր, և մենք Նրան ոչինչ էինք համարում։ Հիրավի՛, Նա մեր ցավերը վեր առավ, և մեր վշտերը բեռնեց Իր վրա, բայց մենք Նրան պատուհարված էինք համարում, Աստծուց զարկված և նկուն եղած։ Բայց Նա մեր մեղքերի համար վիրավորվեց, և մեր անօրենությունների համար հարվածվեց, մեր խաղաղության պատիժը Նրա վրա եղա, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Մենք բոլորս ոչխարների պես մոլորվեցինք, յուրաքանչյուրն իր ճանապարհին դարձավ: Եվ Տերը Նրա վրա դրեց մեր բոլորի մեղքը»4:
Հիսուս եկավ, որպեսզի վճարի յուրաքանչյուր մարդու մեղքի գինը, որ բոլոր Իրեն հավատացողները ներում ընդունեն՝ ներառյալ հրեաները: Սակայն նրանք չէին սպասում իրենց մեղքերի համար վճարող Մեսիային, այլ սպասում էին Մեսիայի, ով իշխելու է բոլոր ազգերի վրա, ինչն, իրականում, մի օր իրողություն է դառնալու:
Ինչպես հռոմեացիներն էին այն ժամանակ ճնշում հրեաներին, այնպես էլ այսօր բազմթիվ ազգեր մեծ ճնշում են գործադրում Իսրայելի վրա: Աստվածաշունչն ասում է, որ Երուսաղեմը շարունակելու է մնալ քաղաքական փոթորիկների էպիկենտրոնը: Այս իրավիճակը չի փոխվելու, քանի դեռ Հիսուս չի վերադարձել: Եվ երբ Հիսուս երկրորդ անգամ գա այս աշխարհ, Նա չի գալու խոնարհաբար մեր մեղքերի գինը վճարելու համար, այլ՝ Իր իշխանությունը կատարելապես հաստատելու համար: Նրա վերադարձով իրագործվելու են Մեսիայի մասին Հին Կտակարանի մյուս մարգարեությունները: Նա գալու է որպես Թագավոր, որպես Հաղթանակող և որպես Դատավոր:
Հովհաննեսի Ավետարանի առաջին գլխում Հիսուսի մասին կարդում ենք.
«Աշխարհում էր, և աշխարհը Նրանով արարվեց, և աշխարհը Նրան չճանաչեց։ Իրենների մեջ եկավ, և իրենները Նրան չընդունեցին։ Բայց որոնք որ Նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու՝ նրանց, որ Նրա անունին հավատում են»5:
Ահա, մի հոդված, որը բացատրում է, թե ինչո՞ւ է ճիշտ Հիսուսին հավատալը՝ «Կույր հավատքից այն կողմ»:
► | Ինչպես ճանաչել Աստծուն… |
► | Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ… |
Հղումներ: (1) Հովհաննես 5:8-16 (2) Եսայիա 61:1-3 (3) Պիտեր Սթոուներ, մեերված Ջոշ Մակ-Դաուելի կողմից, Նոր ապացույց, որը դատավճիռ է պահանջում, Նելսոն Նեշվիլ, 1999թ. (4) Եսայիա 53: 3-6 (5) Հովհաննես 1:10-12