Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր
Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր

Ինչպիսի՞ն է դրախտը: Արդյո՞ք այն իրական է

Հարց. «Ինչպիսի՞ն է դրախտը: Արդյո՞ք այն իրական է»

Մեր Պատասխանը. Այո՛, դրախտ իրականում գոյություն ունի:

Այն, ինչին մարդիկ «դրախտ» են ասում, իրականում մի հավիտենական քաղաք է, որին Աստվածաշունչը կոչում է «Երկնային Երուսաղեմ»1: Դա մի աննկարագրելի իրականություն է, սակայն փորձենք Աստվածաշնչի նկարագրությունների հիման վրա պատկերացնել, թե ինչպիսին է այն.

Բյուրեղի նման մաքրամաքուր մի գետ է հոսելու Աստծո և Գառի (Հիսուսի) գահի տակից և անցնելու է այդ քաղաքի միջով: Այդ գետի երկու կողմերում կյանքի ծառն է լինելու, որը տասներկու տեսակ պտուղ է տալու՝ ամեն ամիս մեկ տեսակ: Փողոցները մաքուր ոսկուց են լինելու, որն ավելի շատ թափանցիկ ապակու նման է: Քաղաքի պարիսպները զարդարված են լինելու ամեն տեսակ թանկարժեք քարերով՝ hասպիսով, շափյուղայով, զմրուխտով...Այնտեղ արևի կամ լուսնի կարիք չի լինելու: Չի լինելու նաև տաճարի կամ եկեղեցու կարիք: Աստծո ներկայությունը քաղաքի լույսն է լինելու2:

Սակայն Երկնքի իրական գեղեցկությունը սա է.

«Ահա, Աստծո խորանը մարդկանց հետ, և Նա կբնակվի նրանց հետ, և նրանք կլինեն Նրան ժողովուրդ, և Ինքն Աստված նրանց հետ կլինի նրանց Աստած։ Եվ կջնջի Աստված բոլոր արտասուքը նրանց աչքերից, և մահն այլևս չի լինի, ո՛չ սուգ և ո՛չ աղաղակ և ո՛չ ցավ այլևս չի լինի, որովհետև առաջիններն անցան։ Եվ աթոռի վրա նստողն ասաց՝ ահա, ամեն բան նոր եմ անում»3:

Երկինքը Հիսուսին է պատկանում: Նա է այն արարել՝ «Քանի որ Նրանով ամեն բան ստեղծվեց… երևացողները և չերևացողները…ամեն բաները Նրանով և Նրա համար ստեղծվեցին»4:

Թեև Հիսուս աշխարհ եկավ որպես Փրկիչ, սակայն մի օր Նա վերադառնալու է որպես Դատավոր: Բոլոր մահացածները մի օր հարություն են առնելու և կանգնելու են Քրիստոսի դատաստանի աթոռի առջև5:

Ի՞նչ է Հիսուս ասում մարդու Երկինք գնալու մասին

Շատերը կարծում են, թե Երկինք կմտնեն մյուսների համեմատ բարի կյանք ապրելու կամ գոնե սպանության նման մեծ մեղքերից խուսափելու շնորհիվ:

Սակայն, ահա, թե ինչ է ասում Հիսուս Երկինք հասնելու մասին. «Եթե ձեր արդարությունը փարիսեցիների ու դպիրների արդարությունից ավելի չլինի, երբեք չեք մտնի Երկնքի Արքայություն»: Փարիսեցիներն ու դպիրները կրոնական օրինակելի չափանիշներ էին: Նրանք բարի մարդիկ էին՝ «սուրբ» մարդիկ:

Հիսուս վերահաստատում էր այն, ինչն արդեն իսկ ասել էր Եսայի մարգարեն. ոչ ոք Երկինք մտնելու արժանի չէ, ոչ ոք բավականաչափ լավը չէ, սա չէ Երկինք հասնելու ուղին: Սակայն հենց սրա՛ համար Հիսուս աշխարհ եկավ…, որ մենք հավիտենական կյանքն ընդունենք:

Եվ դա այսպես է լինում. Երկինքը սպասում է բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում են Հիսուսին: «Նրան հավատացողը չի կորչի, այլ հավիտենական կյանք կունենա: Քանի որ Աստված չուղարկեց Իր Որդուն, որ աշխարհին դատապարտի, այլ որ աշխարհը Նրանով փրկություն ստանա»6:

Հիսուսի հետ հարաբերություն նշանակում է հավիտյան շարունակվող հարաբերություն: Մեր անունները գրվում են Կյանքի գրքում: Հիսուս ասում է. «Իմ խոսքը լսողը և Ինձ Ուղարկողին հավատացողը, հավիտենական կյանք ունի և դատաստան չի մտնի, այլ մահից փոխվեց դեպի կյանք»7:

Ինչ վերաբերում է Երկինք գնալուն, ապա դա մեր ազատ կամքի դրսևորումից է կախված՝ արձագանքե՞լ Հիսուսի հրավերին և ընդունել հավիտենական կյանքի պարգևը, թե՞ ոչ:

Հիսուս ասում է. «Եվ սա է Ինձ Ուղարկողի կամքը, որ յուրաքանչյուրն, ով տեսնի Որդուն և հավատա Նրան, հավիտենական կյանք ունենա, և Ես վերջին օրը հարություն կտամ նրան»8:

Աստվածաշունչն ասում է, որ Երկնքում անթիվ- անհամար մարդիկ են լինելու բոլոր ազգերից, ցեղերից ու լեզուներից, որոնք հավիտենական կյանք են ունենալու Հիսուսի հանդեպ ունեցած հավատքի շնորհիվ:

Ի՞նչ է նշանակում հավատալ Հիսուսին

Այս հավատքը պարզապես Հիսուսի մասին փաստերի հանդեպ ունեցած հավատը չէ: Տարբերություն կա հավատալու, որ այսինչ մարդը ձեր երկրի նախագահն է ու նրան անձնապես ճանաչելու մեջ: Այդպես էլ դուք՝ կարող եք հավատալ, որ Հիսուս Աստված է, սակայն ներս չթողնեք Նրան ձեր կյանք:

Ահա, թե ինչպես կարող եք հավատալ Նրան և համոզված լինել, որ ունեք հավիտենական կյանք: Խնդրում ենք ընթերցել «Կույր հավատքից այն կողմ» հոդվածը:

 Ինչպես ճանաչել Աստծուն…
 Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ…

Հղումներ: (1) Հայտնություն 21:2 (2) Հայտնություն 21 և 22 (3) Հայտնություն 21:3-5 (4) Կողոսացիս 1:16 (5) Հայտնություն 20:11-13 (6) Հովհաննես 3:16,17 (7) Հովհաննես 5:24 (8) Հովհաննես 6:40

Կիսվել ուրիշների հետ:  

TOP